Հայաստան

Մի Քայլ Առաջ, Երկու Քայլ Հետ

Հենց Բայրամովի այցից հետո եղավ Պուտինի զանգը Բաքու, որի նպատակներից մեկը թերեւս լինելով Հայաստանի եւ Ադրբեջանի հետ քննարկումները, նաեւ գուցե մտահոգությունն էր, որ դրանք չխթարվեն Բայրամովի Անկարա այցի հետեւանքով:

Հակոբ Բադալյան

Հայաստանը չունի իրական խաղաղության մտադրություն, Բաքվում Թուրքիայի խորհրդարանի պատվիրակության հետ հանդիպմանն ասել է Իլհամ Ալիեւը, հայտարարելով, թե Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի եւ Մինսկի խմբի համանախագահությունն ու խումբը պետք է լուծարվեն, եթե Հայաստանն իրապես ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջությունը:

Ալիեւի այս հայտարարությունները նոր չեն, դրանք առաջին անգամ չէ, որ հնչում են, սակայն հնչում են այն օրը, երբ Երեւանն ու Բաքուն՝ համաձայն Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության, ստորագրել են սահմանազատման ու սահմանագծման գործընթացի հանձնաժողովների աշխատանքային կանոնակարգը եւ այն մտել է ներպետական հաստատման փուլ: Հայաստանի վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ ստորագրված կանոնակարգի բովանդակությունը կհանրայնացվի սեպտեմբերի 2-ին, դա պայմանավորելով նրանով, որ կողմերը պետք է այսպես ասած համադրեն քայլերը:

Մինչ կհանրայնացվի կանոնակարգի բովանդակությունը, Ալիեւը հանրայնացնում է Հայաստանի հասցեին կոշտ բովանդակության հերթական չափաբաժինը, այն ուղեկցելով քաղաքական պահանջներով՝ Սահմանադրության ու ԵԱՀԿ Մինսկի խմբի առնչությամբ: Անկասկած է, որ բոլորովին չեն համադրվում այդ հոխորտալից հռետորաբանությունն ու սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի ստորագրությունը: Ադրբեջանի նախագահը դրանով ցույց է տալիս, որ այդ փաստաթուղթը իր համար չի ունենալու որեւէ նշանակությու՞ն, քանի դեռ Հայաստանը չի կատարել իր քաղաքական բոլոր պայմանները, թե՞ այստեղ հնարավոր է կա ավելի բարդ եւ նոյրբ շերտավորում:

Ինչպես արդեն ուշադրություն եմ հրավիրել, կանոնակարգը երկու ամիս ձգձգումից հետո ստորագրվում է Պուտինի՝ Երեւան ու Բաքու կատարած հեռախոսազանգերի «արդյունքում», համենայն դեպս դրանցից անմիջապես հետո, առնվազն ստեղծելով տպավորություն, որ դա կարող է լինել նրա «միջնորդությամբ» ստորագրված փաստաթուղթ: Ուշադրության է արժանի այն, որ այդ ընթացքում՝ Պուտինի Բաքու այցից հետո Անկարա մեկնեց Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը, որը հանդիպելով արտգործնախարար Ֆիդանի հետ, հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությամբ տարածքային հավակնությունն է Ադրբեջանի եւ Թուրքիայի հանդեպ:

Հենց Բայրամովի այցից հետո եղավ Պուտինի զանգը Բաքու, որի նպատակներից մեկը թերեւս լինելով Հայաստանի եւ Ադրբեջանի հետ քննարկումները, նաեւ գուցե մտահոգությունն էր, որ դրանք չխթարվեն Բայրամովի Անկարա այցի հետեւանքով: Այդ ֆոնին, երբ կանոնակարգի ստորագրմանը միաժամանակ, Ալիեւը Թուրքիայի խորհրդարանական պատվիրակության առաջ հոխորտում է Հայաստանի հասցեին, տպավորություն է, որ դրանով հավաստիացնում է Անկարային՝ որ Ռուսաստանի «միջնորդությանը» տուրք տալով, այդուհանդերձ չի «գցի» Թուրքիային: Իսկ, ռուս-ադրբեջանական հարաբերության վերջին շրջանի միտումները նկատելիորեն անհանգստացնում են Մոսկվայի հետ բավականին սառը ռեժիմում հայտնված Անկարային:

Այլ կերպ ասած, Ալիեւը փորձում է առնվազն առերեւույթ մակարդակում պահել բալանսը: Այլ կերպ իհարկե հնարավոր էլ չէ, հաշվի առնելով այն, որ Անկարան այդուհանդերձ ունի Բաքվի հանդեպ շոշափելի ազդեցության լծակներ, մասնավորապես ուժային բլոկում: Ի դեպ, հատկանշական է, որ նույն օրը տեղի է ունենում Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների հեռախոսազրույց:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *