Ազգայնական շարժումների մի մասը պատրաստ է զոհաբերել պետականությունը հանուն ազգայնական երազանքների։ Այդ երազանքների հետևից գնալով կարելի է գնալ ու մտնել որևէ ուժեղ պետության կազմի մեջ, ապրել, կուշտ մնալ ու ոչինչ ավելին։
Ռուբեն Բաբայան
Civic․am-ը զրուցել է ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ։ Զրուցի ընթացքում քննարկվել են Հայաստանին և նրա ապագային առնչվող մի շարք տեսակետներ։
Ռեժիսորը, խոսելով 2022․ ապրիլի 7-ի ՀՅԴ շրջաբերականը, որտեղ խոսվում է Ռուսաստանի կողմից Արցախի հավանական կլանման մասին ու որ այդ դեպքում պետք է այնպես անել, որ հավանական միութենական պետության կառուցման դեպքում Հայաստանի ու Արցախի ճակատագրերը մեկ փաթեթով լուծվեն, նշեց, որ լրացուցիչ մեկնաբանության կարիք չկա, քանի որ այդ տողերը իրենք իրենց մասին շատ պարզ խոսում են։ Ռ․ Բաբայանը հիշեց Արցախյան շարժման, անկախությանը նվիրված տարիները և ասաց, որ ավագ սերնդի մարդկանցից շատերի մոտ այն կարծիքն ու տեսակետն էր, որ ազգային ավանդույթներ, պայքար և նման բաները ասոցացվում էին ՀՅԴ հետ և անկախության հռչակման ժամանակ առաջինը հենց ՀՅԴ-ը կպաշտպանի անկախությունը և այդ գաղափարը։ Բայց արի ու տես, որ ՀՅԴ տեսակետն այդ հարցի շուրջ ձևակերպվեց մոտավորապես այսպես, որ «կողմ ըլլալով անկախությանը, դեմ ենք մասնատմանը, առանձնացմանը»։
Ռուբեն Բաբայանն ասաց, որ ազգայնական շարժումների մի մասը պատրաստ է զոհաբերել պետականությունը հանուն ազգայնական երազանքների։ Այդ երազանքների հետևից գնալով կարելի է գնալ ու մտնել որևէ ուժեղ պետության կազմի մեջ, ապրել, կուշտ մնալ ու ոչինչ ավելին։ Այդ ուժեղ պետությունն էլ խոշոր հաշվով դեմ չէ քո երազներին, որովհետ դրանք իրենցից որևէ գործնական բան չեն ներկայացնում։ Հարևան պետությունները ևս հաշվի չեն նստում քո ու քո երազների հետ, որովհետև դու ուրիշի կազմում ես ու նրանք հենց այդ ուրիշի հետ են խոսում։ Մինչդեռ իրական պետություն ասվածը ենթադրում է հստակ խնդիրների ձևակերպում, հստակ ճանապարհային քարտեզ, հստակ աշխատանք։ Իրական պետությունը լուրջ բան է, բայց, դժբախտաբար, դեռևա չի նշմարվում իրական պետություն կառուցելու քայլերը։
Խոսելով Բագրատ Գալստանյանի և նրա շարժման մասին՝ Ռուբեն բաբայանն ասաց, որ մենք կամ գործ ունենք կրոնական անհանդուրժողականության հետ կամ կեղծավորության և ավելի հավանական է, որ կեղծավորության։ Այլապես հնարավոր չի լինում հասկանալ տեղի ունեցողը։ Իրեն երբեմն արտասահմանից հարցնում են իր ընկերները, թե արդյո՞ք Հայաստանում կա ընդդիմություն, ու ինքը պատասխանում է, որ այո՛, կան ու նրանք պայքարում են Նեռի դեմ, մարդիկ զարմանում են ու հարցնում իրո՞ք։ Դա այնքան անլուրջ է, որ նույնիսկ քննարկելու բան չկա այդտեղ։ Իսկ այն, որ ընդդիմադիրները նաև խոսում են իրական հարցերի մասին՝ աղքատություն, արտագաղթ և այլն, բոլորն էլ կարող են վեր կենալ ու պարզապես խոսել խնդիրների մասին։ Բայց հարկավոր է հասկանալ նաև, որ այդ խնդիրների լուծման համար կա մի շատ կարևոր լուծում՝ կրթություն և կրթություն։ Մենք շատ հաճախ խնդիրների լուծումից վախենում ենք ու այդ վախը չի թողնում, որ մենք առաջ շարժվենք։ Վախ նաև դաշնակցից, այլ պետությունից։ Եթե մենք դաշնակից ասելով հասկանում ենք միայն մեր բաժին պարտավորությունները, եթե մենք հարաբերություններ վերականգնել ասելով, ինչպես ընդդիմադիրները նկատի ունեն, նորից հետ ենք գնում դեպի Ռուսաստան, ապա արտագաղթը շարունակվելու է, աղքատությունն էլ աճելու է։
Մենք եվրոպական ժողովուրդ ենք,- նշեց Բաբայանը։ Ռեժիսորը հստակեցրեց, որ եվրոպական, ոչ թե եվրոպամետ։ Մենք շատ երկար, մեր կամքից անկախ եղել ենք տարբեր, մեր գաղափարական էությանն անհարիր բռնապետական վարչակարգերի իշխանության տակ և դա չէր կարող հետք չթողնել։ Դա և՛ հետք է թողել, ընդ որում ծանր, և՛ դանդաղ անցնող, բայց մենք պետք է կարողանանք հասկանալ մեր պետության գերակա շահը ու նաև հասկանալ, որ սեփական պետականությունն ազգային արժեք է։
Ռեժիսորը հավելեց, որ Հայաստանի բոլոր իշխանություններն էլ լավ ու վատ հետքեր թողել են ու պետք չէ եղածը քանդել ու զրոյից սկսել եթե ինչ որ տեղ ինչ որ բան կա արվծ, ապա կարելի է շարունակել դրա վրա կառուցել։ Պետք է հիշել, որ բարի ցանկությունները դժոխք են տանում, իսկ բարի գործերը՝ դրախտ։
Ամբողջական հարցազրույցը՝