Ռուսաստանյան լրատվամիջոցն արձանագրում է, որ նույնիսկ ԲՐԻԿՍ-ին անդամակցության Թուրքիայի հայտը կանխատեսելի չի դարձնում նրա աշխարհաքաղաքական ընտրությունը, որովհետեւ Էրդողանը հասկացրել է, որ այդ հարցում ոչ ոք «մեծ սպասելիքներ չպետք է ունենա»։
Վահրամ Աթանեսյան
Թուրքիան դու՞րս է մնում Ռուսաստանի աշխարհաքաղաքական «պահունակից»
«Regnum-ը գրում է, որ ռազմագերիների փոխանակման ռուս-ուկրաինական վերջին, հարյուր տասնհինգը՝ հարյուր տասնհինգի դիմաց փոխանակումը տեղի է ունեցել ոչ թե Թուրքիայի, այլ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ, իսկ արևմտյան առաջնորդները Պեկին են մեկնում և Սի Ծինփինին «աղերդում», որ ազդի Պուտինի վրա»
«Այնպես որ, եթե անգամ Պուտինը դրվատի «ստամբուլյան ձևաչափը»՝ ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ, միևնույն է, կլինի Չինաստանը, ԱՄԷ-ը կամ Գլոբալ Հարավի մեկ այլ տերություն,- եզրակացնում է լրատվամիջոցը»
«Ռուսաստանցի մեկնաբանի ասելով՝ Պուտինը չի կարող ընդունել Թուրքիայի նախագահի հրավերը, քանի որ «խոսակցության առարկա չկա»: Ըստ նրա տեղեկացվածության՝ Անկարան Վաշինգտոնի հետ քննարկում է ռուսական C-400 ՀՕՊ «համակարգը պահեստավորելու դիմաց ամերիկյան F-35 կործանիչներ ձեռք բերելու հարցը»: Հատուկ կարևորություն է տրվում փաստին, որ Թուրքիայի արտգործնախարարն «ընդունել է ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման մասնակցության հրավերը, իսկ այնտեղ քննարկվել է Ուկրաինային աջակցության հարցը»
«ԵՄ երկրներից յուրաքանչյուրն ստացել է հեռահար խոցելիության սպառազինությունների հարցում ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք: Դանիան և Նիդեռլանդները արդեն իսկ հայտարարել են, որ դեմ չեն, որպեսզի իրենց կողմից Ուկրաինային տրամադրված F-16 կործանիչները հարվածներ հասցնեն այն թիրախներին, որ ուկրաինական կողմը սպառնալիք է դիտում»
Ռուսաստանյան լրատվամիջոցն ակնարկում է, որ Ուկրաինային ռազմական աջակցություն է ցուցաբերում նաեւ Թուրքիան եւ փոխարենն ստանում արեւմտյան ներդրումներ, որ տնտեսության համար չափազանց կարեւոր են: Թուրքիան որոշ առումով միացել է Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներին:
Ռուսաստանյան լրատվամիջոցն արձանագրում է, որ նույնիսկ ԲՐԻԿՍ-ին անդամակցության Թուրքիայի հայտը կանխատեսելի չի դարձնում նրա աշխարհաքաղաքական ընտրությունը, որովհետեւ Էրդողանը հասկացրել է, որ այդ հարցում ոչ ոք «մեծ սպասելիքներ չպետք է ունենա»։
Այս համատեքստում ուշագրավ է «Նեզավիսիմայա գազետայի» խմբագրականի կանխատեսումը, որ «Մերձավոր Արեւելքի ավելի քան քառասուն տարվա պոստմոդեռնիզացվածությունը թույլ չի տալիս տարածաշրջանային մեծ պատերազմ կանխատեսել, հիմնական դերակատար երկրներում նոր լարվածության հանրային պահանջ չկա»։
Կարելի է հասկանալ, որ «ինչ-որ նախածրագիր» կամ հիմնականում խափանվել է, կամ դարձել չափազանց դժվար իրականացնելի։ Եվ եթե անգամ Իրանի հանրությունը չունի «արյան թշնամի» Իսրայելին խստագույն պատժելու պահանջ, եւ իշխանությունը դա հաշվի է առնում, ապա լրատվամիջոցն արդյոք չի՞ ակնարկում, որ «նաեւ ռուսաստանյան հանրությունն է հոգնել ուկրաինական պատերազմից»։
Որքան էլ ռուսաստանյան քարոզչությունը փորձի ուժերի հարաբերակցության այլ պատկեր ներկայացնել կամ կանխատեսել, ակնհայտ է, որ Մոսկվային չի հաջողվում հակաարեւմտյան ռազմական բլոկ ձեւավորել։ Թուրքիայի օրինակը բնորոշ է։
Ռուս-թուրքական հարաբերություններում, իհարկե, չի կարող լինել «վերջնական խզում» կամ «անդառնալիության կետ»։ Այն, ինչ այսօր «իմաստ չունի»՝ ինչպես Պուտին-Էրդողան հանդիպման մասին է ասվում, հաջորդ փուլում կարող է պահանջված լինել։ Հայաստանի համար չափազանց կարեւոր է, թե հեռանկարային կտրվածքով ո՞վ է «կառավարելու» Ադրբեջանը։ Մենք ձգտում ենք զինված ուժերը վերակառուցել Թուրքիայի օրինակով, օրերս հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։
Հոդվածը՝ 1in.am կայքից։