Հայաստան

Կարևոր, Բայց Աննկատ Իրողություն

Հայաստանում տեղի է ունենում տնտեսության արտադրական, ստեղծարար ներուժի անկում: Որովհետեւ, երբ դուրս է բերվում այդ ոսկու բաղադրիչը, ապա ըստ նախարարի, ստացվում է արտահանման գրեթե 4 տոկոս անկում: Ներմուծումն այդ ընթացքում կազմում է բազմապատիկ ավելի՝ գրեթե 80 տոկոս, դարձյալ՝ առանց ոսկու բաղադրիչի: Սա լուրջ ահազանգի առիթ է։

Հակոբ Բադալյան

Սեպտեմբերի 2-ի ստվերում մնացած հիմքը

Նախօրեին հայաստանյան հանրային տրամադրությունների եւ ուշադրության գերակշռող մասը կենտրոնացած էր Արցախի թեմայի եւ ուսումնական նոր տարվա մեկնարկի ուղղությամբ, ինչն իհարկե միանգամայն հասկանալի է, այդ ընթացքում հնչած ամենատարբեր հայտարարություններով հանդերձ՝ ռացիոնալից մինչեւ քաղաքական-պոպուլիստական: Դրան զուգահեռ սակայն, խորհրդարանում հնչել է մի ցուցանիշ, որը գործնականում վերաբերում է Հայաստանի պետական կենսունակության հիմքին՝ տնտեսական ներուժին: Հայաստանի ֆինանսների նախարարը հայտնել է, որ 2024 թվականի կիսամյակային տվյալով Հայաստանից արտահանումը նվազել է 4 տոկոսով:

Ընդհանուր ցուցանիշը իհարկե ցույց է տալիս երկու տոկոս աճ, սակայն, այդ աճը պայմանավորված է գերազանցապես ոսկու վերաարտահանման հանգամանքով, երբ պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանից ոսկին ներկրվում է Հայաստան, իսկ Հայաստանից էլ արտահանվում՝ հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններ: Ողջունելի է տնտեսական վիճակագրության աճի ցանկացած հանգամանք, բայց տնտեսությունը բավականին բարդ ու նուրբ երեւույթ է եւ այստեղ առավել մեծ ուշադրության են արժանի երկարաժամկետ հարցերը, հետեւաբար՝ երկարաժամկետ էֆեկտները կամ ռիսկերը:

Իսկ այդ իմաստով, ստացվում է, որ Հայաստանում տեղի է ունենում տնտեսության արտադրական, ստեղծարար ներուժի անկում: Որովհետեւ, երբ դուրս է բերվում այդ ոսկու բաղադրիչը, ապա ըստ նախարարի, ստացվում է արտահանման գրեթե 4 տոկոս անկում: Ներմուծումն այդ ընթացքում կազմում է բազմապատիկ ավելի՝ գրեթե 80 տոկոս, դարձյալ՝ առանց ոսկու բաղադրիչի: Սա լուրջ ահազանգի առիթ է, որովհետեւ տնտեսական կենսունակությունը չափվում է արտահանման ներուժով, արտահանման դինամիկայով: Հակառակ պարագայում ստացվում է, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է արտաքին կոնյուկտուրայից:

Իհարկե, գլոբալ աշխարհում տնտեսությունները փոխկապակցված են բոլոր դեպքերում, որովհետեւ արտահանման պարագայում էլ անհրաժեշտ են սպառման շուկաներ: Սակայն, բոլոր պարագաներում, պետությունների տնտեսական կենսունակության առանցքային բաղադրիչը դրանց արդյունաբերական ներուժն է եւ արտահանելի հատվածի դինամիկան: Եթե Հայաստանի արտադրական, արտահանելի հատվածում դինամիկան ցույց է տալիս նվազում, ապա դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսական կենսունակությունը երկարաժամկետ հեռանկարում գտնվում է ռիսկի ներքո:

Երբ ռիսկի ներքո է տնտեսությունը, ուրեմն ռիսկի ներքո է պետական քաղաքականությունը՝ թե ներքին, թե արտաքին, թե պաշտպանական, որովհետեւ ամեն ինչի հիմքում տնտեսական կենսունակության գործակիցն է՝ պայմանական, թե հարաբերական իմաստով: Հետեւաբար, արտաքին, ներքին, պաշտպանական, մշակութային, կրթական, եւ որեւէ այլ պետական քաղաքականություն իրականացնելուց առաջ շատ կարեւոր է, թե ինչ տնտեսական քաղաքականություն է իրականացվում:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *