Հայաստան

Արցախում Կատարվածը Ցեղասպանություն Է

Դատարանում օգտագործելու համար շատ լուրջ գործիք է սա և ոչ միայն դատարանում, նաև քաղաքական հարթակներում կարելի է սրան հղում կատարել։ Ընդ որում՝ սա շատ լավ բանաձև է՝ համապարփակ, ոչ մի բան բաց թողնված չէ՝ Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ձերբակալման փաստը կա, Արցախի ինքնորոշման սկզբունքի խախտումը կա, ՀՀ տարածքի ներխուժման նկարագրությունը կա, մի խոսքով՝ շատ լավ հաշվարկված բանաձև է։

Սուրեն Մանուկյան

Արցախում կատարվածը ցեղասպանություն է. սա պրոֆեսիոնալների կողմից արված փորձաքննության եզրակացություն է. Սուրեն Մանուկյան

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունն սեպտեմբերի 2-ին ընդունել է ԼՂ-ում ցեղասպանական գործողության վերաբերյալ բանաձև: ««Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը International Association of Genocide Scholars՝ ցեղասպանություններն ուսումնասիրող ամենամեծ եւ ամենահեղինակավոր կազմակերպությունն է, որի անդամ են մոտ 700 ցեղասպանագետ, իր բոլոր անդամների քվերարկությամբ ընդունեց «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության բանաձևը»»,-այս մասին շաբաթ օրը տեղեկացրել էր ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը: Բանաձևի, հնարավոր զարգացումների եւ այլ հարցերի շուրջ «Մեդիալաբը» մի քանի հարց է ուղղել Սուրեն Մանուկյանին:

– Պարո՛ն Մանուկյան, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության ընդունած բանաձևը ԼՂ-ում ցեղասպանական գործողության վերաբերյալ՝ ինչպե՞ս եք գնահատում, առարկայական ի՞նչ օգուտ կարող է այն տալ։

– Մենք միշտ ուզում ենք միանգամից արդյունքը տեսնել, բայց այդպես չի լինում։ Այս բանաձևը փորձագիտական գնահատական է, այն միջազգային կազմակերպություն է, որին անդամակցում են ոլորտի լավագույն և ամենաճանաչված մասնագետները, այսինքն՝ հայերն այդ կազմակերպության մեջ երևի 700-ից մի 50-ն են, ոչ ավելի, այսինքն՝ հայերն այդտեղ փոքրամասնություն են։

Այդ կազմակերպությունը երկու տարին մեկ գիտաժողովներ է անում, իր անդամներին հավաքում մեկ հարկի տակ, հանդես է հրատարակում թեմայի վերաբերյալ ու, փաստորեն, ինքը տվել է իր փորձագիտական գնահատականը. նրանք քննել են ու պարզել, որ այն, ինչ կատարվել է Արցախում, կարելի է դիտարկել որպես ցեղասպանական գործողություն։

Բանաձևը, իհարկե, պարտադիր կատարման բնույթ չի կրում, ավելի շատ խորհրդատվական է, բայց կարևորը՝ կախված է հանգամանքից, թե ինչպես կարելի է այն օգտագործել։ Ես կարծում եմ, որ այն մեզ համար շատ կարևոր գործիք է, կարող է կռվան դառնալ միջազգային դատարաններում, այնտեղ մենք կարող ենք ներկայացնել, որ ոլորտի մասնագետները փորձաքննություն են արել ու իրենց որոշումը կայացրել են, այսինքն՝ այլևս քննարկելու կարիք չկա, թե Արցախում կատարվածն ի՛նչ էր իրականում, որովհետև մարդիկ, որոնք ամբողջ կյանքում պրոֆեսիոնալ ձևով զբաղվում են այդ ոլորտով, այդ գիտությամբ իրենց կարծիքն արդեն հայտնել են։

Այս առումով, կարծում եմ, մեզ համար շատ կարևոր բանաձև է: Ասեմ, որ ինձ համար իսկապես անսպասելի էր, քանի որ մտավախություն ունեի, որ բանաձևը կընդունվեր, որովհետև կազմակերպության անդամների մեծ մասը հայեր չեն, մի մասը գուցե Արցախի մասին լսած էլ չի եղել։

Բանաձևի ընդունման մեխանիզմը հետևյալն է․ այն դրվում է օնլայն քվեարկության, ու յուրաքանչյուր անդամի ուղարկվում է ունիկալ հղում, որով միայն նա կարող է մտնել ու քվեարկել, այսինքն՝ լուրջ քվերակություն է, ու պետք է 50% + 1 ձայն կողմ լինի, որպեսզի բանաձևն անցնի։ Բանգլադեշի ցեղասպանության դեպքում բանաձևը 3-4 տարի առաջ դրվեց քվեարկության, չընդունվեց, որովհետև քվորում չէր ապահովվել։ Ուզում եմ ասել, որ այն մի 10-20 հոգու որոշելիք չէ, դա մեծ թվով գիտնականների քվեարկության արդյունք է։

– Նման բանաձևերն ինչի՞ հիման վրա են ընդունվում, միջազգային կառույցների զեկույցների՞։

– Այո՛, երբ բանաձևում առանձին խոսվում է, օրինակ՝ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների գերեվարման, պատերազմի ժամանակ հանցագործությունների և այլնի մասին, բոլորը հղումներով տալիս են հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, օրինակ՝ Արդարության միջազգային դատարանի որոշման վրա է գնում, Freedom House-ի վրա է գնում և այլն, այսինքն՝ այդ մարդիկ նստել, ուսումնասիրել են, հետազոտություններ են արել այդ թեմայի շուրջ։

Նաև ինչու է դա կարևոր, որովհետև վերջերս միջազգային գիտական հանդեսներում շատացել են Արցախի վերաբերյալ հոդվածները, ու միշտ հարց էր առաջանում՝ ինչպե՞ս կոչել կատարվածը: Ոչ հայ մասնագետները միշտ տարակուսում էին՝ ի՛նչ անուն տալ, մարդկության դեմ հանցագործություն, զանգվածային սպանություն կամ ինչ-որ բան։ Միշտ կար այդ բանավեճը, դրա համար նաև հարց առաջացավ, որ, ի վերջո, պետք է ուսումնասիրել ու հասկանալ՝ ինչպես կոչել տեղի ունեցածը։

Այդ մարդիկ հետազոտել են ու գտել, որ կատարվածը համապատասխանում է ցեղասպանության չափանիշներից առնվազն երկուսին՝ կյանքի համար այնպիսի պայմանների ստեղծում, որը կարող է բերել խմբի ոչնչացման ու ֆիզիկական վնաս հասցնել խմբին։

Ուսումնասիրել ու կազմել են այս բանաձևը, և որպեսզի այն դառնա կոնսենսուսային, որոշվել է, որ պետք է դրվի քվեարկության, որպեսզի հասկանան, թե ի՛նչ են մտածում այդ 700 հետազոտողները: Փաստորեն, սեպտեմբերի 2-ին, երբ արդյունքները հրապարակեցին, ես ճիշտն ասած չգիտեմ էլ՝ ինչքան են եղել «կողմ» և «դեմ» ձայները, ես այդ հանձնաժողովի մեջ չեմ, բայց, փաստորեն, բանաձևն անցել է, ու մեծ մասը կողմ է քվեարկել դրան։

Ընդ որում՝ Հայաստանի հետ կապված նաև տեխնիկական խնդիրներ էին առաջացել, ծանոթներ ունեմ, որոնք նույնիսկ այդ լինքը չեն էլ ստացել կամ ստացել էին, չէին կարողացել քվեարկել։ Սա ասում եմ, որ փարատեմ մեր հասարակության այն կարծիքը, թե սա հայկական կազմակերպությունը է ու ընդունել է այս բանաձևը, բայց հայերն այդ կազմակերպության մի փոքր մասն են կազմում։

– Պարո՛ն Մանուկյան, նաև այդ հարցը պետք է հնչեցնեի, թե հայկական կառույցները, կազմակերպությունները բանաձևի ընդունման հարցում ի՞նչ դերակատարում են ունեցել։

– Իրականում մեծ դեր չի եղել, այլ հարց է, որ մենք մշտապես հետևողական ենք եղել այդ հարցի բարձրաձայնման համար: Երբ 2020 թվականի պատերազմն էր, այդ ժամանակ մենք բարձրաձայնեցինք, քանի որ այդ գործընթացը շատ երկար է, արդյունքն ավելի ուշ է երևում։ Այդ աշխատանքները դեռ գարնանն են սկսվել, ստեղծվել է մարդկանց մի խումբ, որոնք հետազոտություններ են իրականացրել, հետո կազմվել է բանաձև, հետո այն դրվել է քվեարկության։ Պատերազմի ժամանակ մենք հասկացանք, որ նման բանաձև ընդունելը ֆիզիկապես ուղղակի անհնար է, չենք հասցնի, ու դրա համար ուղղակի անհատապես հայտարարություն կազմեցինք ու 70-ից ավելի մասնագետ իր անունը դրեց տակը:

Հետո, երբ փակվեց Բերձորի միջանցքը, մենք էլի փորձեցինք այդ կազմակերպության ուշադրությունը հրավիրել, ու իրենց նախագահությամբ հայտարարություն արեցին։ Իսկ այս բանաձևն ավելի լուրջ է, որովհետև սա արդեն բոլոր այդ 700 մասնակցի կարծիքն է ու կազմակերպության կողմից ընդունված բանաձևը:

Որպեսզի նաև հասկանանք, թե որքան է այն կարևոր, ընդամենը պետք է տեսնել այդ կազմակերպության կայքէջը, ու կտեսնեք, որ տարբեր ցեղասպանությունների վերաբերյալ իրականացրել է նման փորձաքննություն, ու ընդամենը 6-7 ընդունված բանաձև կա՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ կա առանձին բանաձև: Ուզում եմ ասել, որ ամեն օր չէ, որ կազմակերպությունը նման բանաձևեր է ընդունում։ Մեր աշխատանքը ընդամենը նրանց ուշադրությունը հրավիրելն է եղել, իրենք իրենցով են դա ընդունել։

– Փաստորեն, որպեսզի այս բանաձևից շոշափելի արդյունք ունենանք, պետք է պետական մակարդակով ներկայացնել միջազգային ատյաններո՞ւմ։

– Այո-այո, գիտեք, որ հիմա Ադրբեջանի հետ դատական գործընթացի մեջ ենք՝ Արդարադատության միջազգային դատարանում հայցեր ունենք Ադրբեջանի դեմ, ու ինձ թվում է՝ այս բանաձևը միջազգային դատարանում աշխատող մեր իրավաբանական թիմի համար շատ կարևոր գործիք կլինի, որ ինքը ցանկացած դեպքում կարող է ներկայացնել Ադրբեջանին՝ ասելով, որ սա մեր կարծիքը չէ, սա պրոֆեսիոնալների կողմից արված փորձաքննության եզրակացություն է, սրանից ավելի էլ ի՛նչ անկախ մարմին է պետք։ Սա ուժեղացնում է մեզ այն առումով, որ այդ քննարկումները՝ արդյոք ցեղասպանություն է, թե չէ, արդեն ունի հստակ պատասխան՝ Արցախում կատարվածը ցեղասպանություն է։

– Այսինքն՝ ճիշտ կիրառելու պարագայում սա լուրջ գործի՞ք է մեր ձեռքին, պարո՛ն Մանուկյան։

– Այո՛, դատարանում օգտագործելու համար շատ լուրջ գործիք է սա և ոչ միայն դատարանում, նաև քաղաքական հարթակներում կարելի է սրան հղում կատարել։ Ընդ որում՝ սա շատ լավ բանաձև է՝ համապարփակ, ոչ մի բան բաց թողնված չէ՝ Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ձերբակալման փաստը կա, Արցախի ինքնորոշման սկզբունքի խախտումը կա, ՀՀ տարածքի ներխուժման նկարագրությունը կա, մի խոսքով՝ շատ լավ հաշվարկված բանաձև է։ Եթե ճիշտ օգտագործենք, մեր ցանկալի արդյունքը կարող ենք ստանալ, սա շատ ուժեղացնում է մեր դիրքը միջազգային դատարաններում, սա այս բանաձևի առաջին կարևոր արդյունքն է։

Քրիստինե Աղաբեկյան
Հոդվածը՝ medialab.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *