Հայաստան

Կարճ Եւ Բովանդակալից

Դիտորդի կարգավիճակով մասնակցելը չի նշանակում անդամակցության ձգտում։ Իսկ ձևավորվող բազմաբևեռ աշխարհում ոչ մի առնչություն չունենալ այն կազմակերպության հետ, որում երկու ռազմավարական գործընկեր ունենք՝ Հնդկաստանն ու Իրանը, և որի այլ անդամների հետ ունենք տնտեսական առևտրային կապեր, էլի ճիշտ չի լինի։

Սոսի Թաթիկյան

Օրերս հայաստանյան լրատվամիջոցներում սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ Հայաստանը փոխել է իր եվրաասոցացման որոշումն ու հիմա էլ փորձում է ԲՐԻԿՍ-ին միանալ։ Բազմաթիվ հրապարակումներ և վերլուծություններ եղան՝ փորձելով ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը կրկնում է 2013-ի Սերժ Սարգսյանի քաղաքականությունը և Հայաստանը կրկին տանում է ռուսական տնտեսական բլոկ, բայց այս անգամ ԲՐԻԿՍ փաթեթավորմամբ։ Դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ որտեղից և ինչպես այդ տեղեկատվական «ռումբը» նետվեց լրատվական դաշտ, բայց արդեն իսկ բազմաթիվ վեճերի առիթ է տվել։
Հայկական լրատվական դաշտն իրեն բնորոշ հուզականությամբ լցված միանգամից կուլ տվեց այդ լուրը և սկսեց չափազանցեցված թեր ու դեմ կարծիքներ հայտնել։ Ընդ որում կարծիքներ՝ որոնք հիմնավորված չեն որևէ փաստով կամ հակափաստարկով։ Հայաստանում շատերը ԲՐԻԿՍ-ի մասին միայն այն գիտեն, որ Ռուսաստանը ևս այդ բլոկի անդամ է։ Չբացատրելով ո՛չ ԵՄ, ո՛չ ԲՐԻԿՍ բլոկների քաղաքական, տնտեսական կամ այլ ենթաշերտերը, հայկական մամուլը միանգամից շփոթմունքի մատնված սկսեց վերարտադրել այդ լուրը և այն զարդարել սեփական անտեղյակությունից ծնված դավադրական տարբեր մեկնաբանություններով։
Այդ առիթով առաջարկում ենք ծանոթանալ Սոսի Թաթիկյանի համառոտ և բովանդալից գրառմանը, թե առհասարակ ինչպես է պետք արձագանքել լուրերին և այս դեպքում ԲՐԻԿՍ-ին անդամակցել-չանդամակցելուն ուղղված։

Իմ կարծիքով, Հայաստանի՝ BRICS֊-ին միանալու վերաբերյալ թե ցանկությունները և թե մտահոգությունները չափազանցված են։
Կարծում եմ, որ Հայաստանը ոչ ուզում է, ոչ էլ ուզելու դեպքում կարող է միանալ այդ կազմակերպությանը։ Հայաստանին չեն էլ ընդունի, առհասարակ, այդ կազմակերպությունում նոր անդամների ընդունելությունը սառեցված է, քանի որ քառասունից ավելի դիմում կա։ Իսկ կազմակերպությունն ուղղված է մեծ և միջին, տնտեսական մեծ կարողություններ ունեցող պետությունների անդամակցությանը և ոչ թե փոքր։
Դիտորդի կարգավիճակով մասնակցելը չի նշանակում անդամակցության ձգտում։ Իսկ ձևավորվող բազմաբևեռ աշխարհում ոչ մի առնչություն չունենալ այն կազմակերպության հետ, որում երկու ռազմավարական գործընկեր ունենք՝ Հնդկաստանն ու Իրանը, և որի այլ անդամների հետ ունենք տնտեսական առևտրային կապեր, էլի ճիշտ չի լինի։
Ինչ վերաբերում է այդ կազմակերպությունում անդամակցությանը, ապա այն անհամատեղելի է Հայաստանի եվրոպական. ինտեգրման ձգտումների հետ, որոնց կողմնակիցն եմ։ Այդ կազմակերպության անդամ դառնալով մենք նոր ծուղակը կընկնենք, կկրկնվի 2013֊ի պատմությունը։ Այդ կազմակերպությունը զուտ տնտեսական չէ, այլ ունի արևտյան աշխարհին հակադիր բևեռ դառնալու նկրտումներ։
Սակայն կրկին անգամ, եթե նույնիսկ մենք ցանկանանք BRICS-ի անդամ դառնալ, դա առավել իրատեսական չի, քան ԵՄ֊ի անդամ դառնալը, այնպես որ ավելի լավ է եվրաինտեգրման մեր հեռանկարը հերթական անգամ սաբոտաժի չենթարկենք։ Մենք պետք է գտնենք ձևավորվող բազմաբևեռ աշխարհում մանևրելու ձև, սակայն դա չպետք է նշանակի միաժամանակ երկու նապաստակի նշան բռնել։

Գրառումը՝ Սոսի Թաթիկյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *