Հայաստան

Ռուսաստանն Ընդունել Է Իրանի Նախապայմանը

Նա Իրանն անվանել է «տարածաշրջանին տերություն» եւ ասել, որ նրա հետ Չինաստանի հարաբերությունները «երրորդ երկրի դիրքորոշմամբ պայմանավորված չեն»: Վան Ին նաեւ հավաստիացրել է, որ Չինաստանն Իրանի հետ «կքննարկի ճանապարհային հաղորդակցության հետ կապված հարցերը»: Չինաստանի արտգործնախարարը «երրորդ երկրի դիրքորոշում» ասելով Մոսկվային, Անկարային, թե Նյու-Դելիին նկատի ունեցել, կարելի է ենթադրել միայն։

Վահրամ Աթանեսյան

Irna-ն փոխանցել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ահմադիանի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման բաց մասում ամբողջական ելույթը, որից, թերեւս, առանձնացնելի է երեք կարեւոր հանգամանք։

Պուտինը վստահեցրել է, որ Կազանում Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ առանձին հանդիպման ժամանակ կգտնի ժամանակ եւ պատրաստ է նրա հետ քննարկել բոլոր հարցերը։

Ռուսաստանի նախագահի խոսքի երկրորդ կարեւոր պահն այն է, որ նա Իրանի նախագահին Մոսկվա այցի հրավեր է փոխանցում եւ հույս հայտնում, որ այդ ձեւաչափով հնարավոր կլինի ռուս-իրանական նոր պայմանագիր ստորագրել, որը «համագործակցության մակարդակը կբարձրացնի ռազմավարական գործընկերություն»։

Դա վկայում է, որ ռուս-իրանական համապարփակ համագործակցության պայմանագրի քննարկումները կասեցված են: Ահմադիանի Սանկտ-Պետերբուրգ այցին ընդառաջ իրանական կողմը խորհրդարանի ներկայացուցիչների մակարդակով ասել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Մոսկվան դիրքորոշում չփոխի, ապա համապարփակ համագործակցության «պայմանագիրը չի ստորագրվի»:

Ռուսաստանի համար գերկարեւոր փաստաթղթի ստորագրման հավանականությունը հետաձգելով մինչեւ Մոսկվա Իրանի նախագահի «առանձին այց», Վլադիմիր Պուտինը փաստացի ընդունում է Իրանի նախապայմանը, բայց հույս է պահում, որ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի շրջանակներում կհանդիպի Մասուդ Փեզեշքիանին եւ, գուցե, կհաջողի տարաձայնությունները հարթել։

Ահմադիանի հետ հանդիպմանը Պուտինը ոչ մի խոսք չի ասել Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության հաստատման մասին: Միակ հարցը, որ վերաբերում է մեր տարածաշրջանին, ՌԴ նախագահի կողմից ձեւակերպվել է որպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկմամբ Ռուսաստանի «առանձնահատուկ շահագրգռվածություն»:

Այս ֆոնին կարեւոր է դիտարկել, որ Սանկտ-Պետերբուրգում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն առանձին բանակցություններ է վարել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ: Վան Ին վերահաստատել է, որ Չինաստանը հարգում է Իրանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը:

Նա Իրանն անվանել է «տարածաշրջանին տերություն» եւ ասել, որ նրա հետ Չինաստանի հարաբերությունները «երրորդ երկրի դիրքորոշմամբ պայմանավորված չեն»: Վան Ին նաեւ հավաստիացրել է, որ Չինաստանն Իրանի հետ «կքննարկի ճանապարհային հաղորդակցության հետ կապված հարցերը»: Չինաստանի արտգործնախարարը «երրորդ երկրի դիրքորոշում» ասելով Մոսկվային, Անկարային, թե Նյու-Դելիին նկատի ունեցել, կարելի է ենթադրել միայն։

Ընդհանուր գնահատականը, կարծես, ձեւակերպել է «Նեզավիսիմայա գազետա»-ի խմբագրականը, ըստ որի՝ Սանկտ-Պետերբուրգում Վլադիմիր Պուտինն աշխատել է «ԲՐԻԿՍ-մինուս սկզբունքով՝ փորձելով պայմանավորվածների հասնել Չինաստանի, Հնդկաստանի եւ Իրանի հետ»։

Ըստ երեւույթին, Հարավային Կովկասում Ռուսաստանի հետագա քայլերը պայմանավորված են լինելու նրանով, թե դրանք որքանով են ներգրվում Չինաստանի, Հնդկաստանի եւ Իրանի ազգային շահերին։ Հայաստանի պաշտպանության նախարարի Չինաստան այցը թույլ է տալիս հուսալ, որ Սյունիքի կոմունիկացիաների հարցում Պեկինը կարող է դրական դեր ունենալ։

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *