Օրենքի ընդունումը ժողովրդավարությունը, քաղաքացիների պետական կառավարմանը մասնակցության իրավունքն ու դրա գործնականում իրագործումը, իրավունքի գերակայությունը կդարձնի անշրջելի, կվերականգնի պետության քաղաքականության կանխատեսելիության նկատմամբ հավատն ու վստահությունը:
Եվրաքվեի Նախաձեռնող Մարմին
«Եվրաքվե»-ն ներկայացնում է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին ՀՀ օրենքի նախագիծը
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին Հայաստանի Հանրապետությունը` արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր՝ հռչակում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Վ. Խաչատուրյան
Հիմնավորում
«Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի ընդունման մասին «Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի (հետայսու՝ Օրենք) ընդունման նպատակը առաջադեմ, քաղաքակիրթ, զարգացած մարդկության ընտանիքին անդամակցելու Հայաստանի ժողովրդի, նրա ներկայիս իշխանությունների կամքի, վճռականության ամրագրում է: Օրենքը հռչակում է նախաձեռնողների և Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին, որ կկանխորոշի Հայաստանի իշխանությունների որոշումների և գործելակերպի ուղղվածությունն ու մասշտաբը:
Աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակում Օրենքը, նրա ընդունման ձևն ու միջոցը կմեծացնի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրակայումը, դիմադրունակությունը:
Օրենքի ընդունումը ժողովրդավարությունը, քաղաքացիների պետական կառավարմանը մասնակցության իրավունքն ու դրա գործնականում իրագործումը, իրավունքի գերակայությունը կդարձնի անշրջելի, կվերականգնի պետության քաղաքականության կանխատեսելիության նկատմամբ հավատն ու վստահությունը: Եվրամիությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը կնպաստի՝
- Տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը՝ ուժերի հավասարակշռության վերականգնման միջոցով, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման հնարավորությունների մեծացմանը, Հայաստանի ազգային բանակի համապատասխանեցմանը Եվրամիության անդամ երկրների բանակների արդիական չափանիշներին:
- Մարդու իրավունքների շարունակական զարգացմանը և պաշտպանությանը:
- Տնտեսական անվտանգության մեխանիզմների ստեղծմանը՝ գործող մենաշնորհների վերացմամբ, տնտեսության բազմազանացմամբ, արտադրողականության և ապրանքների ու ծառայությունների որակի բարձրացմամբ, որ հնարավոր է միայն Արևմուտքի ու Եվրամիության հետ համագործակցությամբ, ներդրումներին ու տեխնոլոգիաներին հասանելիության ապահովմամբ, արդյունաբերության վերագործարկմամբ, տնտեսության կառուցվածքի փոփոխությամբ և ռեալ հատվածի մասնաբաժնի մեծացմամբ, լոգիստիկ նոր կապերի ստեղծմամբ, հայկական արտադրանքը եվրոպական շուկայում մրցունակ դարձնելով:
- Ժողովրդագրական անվտանգության խնդրի լուծմանը, նոր աշխատատեղերի ստեղծմամբ, կենսամակարդակի բարձրացմամբ, բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմամբ:
- Ներքին կայունության, համերաշխության ու միասնականության ապահովման խնդիրների լուծմանը՝ պետական քաղաքականության միջոցով, պետության զարգացման հեռանկարների որոշարկմամբ ու ծրագրմամբ:
- Կրթության ու մշակույթի համաեվրոպական արժեքներին և չափանիշներին համահունչ զարգացմանը, քաղաքակրթական ընդհանուր միջավայրի ձևավորմանը.
- Եվրամիությանը Հայաստանի անդամակցությունը կհարստացնի Եվրամիության արժեքային համակարգն ու քաղաքակրթական մոդելը` հայկական բազմադարյա պատմության կուտակած փորձով ու ինքնատիպությամբ:
Եզրակացություն
«Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին։
«Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Նախաձեռնող խմբի լիազոր
ներկայացուցիչ` Արտակ Զեյնալյան
Հայտարարությունը ՝ Եվրաքվե-ի ֆեյսբուքյան էջից։