Նախընտրական փուլում գտնվող երկրի հետ առաջին դեմքի մակարդակով շփումը կարող է ընկալվել որպես աջակցության դրսեւորում: Սակայն, եթե քննարկվող հարցերն օրախնդիր չեն, այլ դիտարկվում են ապագայի կտրվածքով, ապա այդ բանակցություններն ստանում են նաեւ կողմերի միջեւ քաղաքական «երկարակեցության փոխադարձ հավաստման» իմաստ:
Վահրամ Աթանեսյան
Ծանր է դեմոկրատիայի «գլխարկը» Հայաստանի հյուսիսային «դարպասին ի՞նչ է գրվելու»
Հայաստանի ԿԸՀ-ն գրանցել է Եվրամիության անդամակցության հարցով հանրաքվեի նախաձեռնությունը: Պատահական զուգադիպությու՞ն է, թե՞ այդպես էր ծրագրված, բայց փաստ է, որ հանրաքվեի հանրային պահանջով ստորագրահավաքի մեկնարկի օրը Հայաստան է ժամանել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը: Հայաստանը եւ Ֆրանսիան հատել են հռչակագրային համագործակցության շեմը՝ Փարիզը Երեւանին աջակցում է անվտանգության հարցերում:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի Երեւանյան բանակցություններին հաջորդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան այցը: Civil.ge-ի փոխանցմամբ՝ ծրագրված է նրա եւ Վրաստանի վարչապետ Կոբախիձեի «տետ-ա-տետ հանդիպումը», ինչին կհաջորդեն պատվիրակությունների կազմով բանակցությունները եւ մամուլի համար կողմերի հայտարարությունները:
Նիկոլ Փաշինյանը Վրաստան է այցելում մի իրավիճակում, երբ Թբիլիսին տվել է նախընտրական քարոզչության մեկնարկը եւ ներքաղաքական կրքերը բորբոքված են: Սեպտեմբերի 13-ին դատարանը Հակակոռուպցիոն բյուրոին արտոնել է մուտք ունենալ «Ընտրիր Եվրոպան» հանրային շարժման հիմնադիր ֆիզիկական անձանց բանկային հաշիվներին:
Շարժման կազմակերպական մեկնարկը տրվել է հուլիսի 11-ին՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ներկայությամբ, հռչակվել է «100 օր՝ մինչեւ հաղթանակ» կարգախոս: «Ընտրիր Եվրոպան» ստեղծվել է, որպեսզի համախմբի եվրոպամետ այն ընտրազանգվածը, որը ընդդիմադիր կուսակցությունների համակիր չէ:
Այսպիսով, գործող իշխանության հետ մրցակցությունը կազմակերպվում է երկու՝ կուսակցական եւ հանրային ընդդիմության ճակատով: Շարժման փաստաբան Կոջորիձեն դատարանի որոշումը գնահատել է «լիովին ապօրինի» եւ մտադիր է վերանայման բողոք ներկայացնել: Նրա հիմնավորմամբ՝ օրենքը թույլ է տալիս ստուգել այն կառույցների եւ ֆիզիկական անձանց ֆինանսական միջոցները, որոնք «սահմանված կարգով ընտրությունների մասնակից են ճանաչվում»:
Հայաստանի վարչապետի Վրաստան այցը, իհարկե, կապված է տարածաշրջանում եւ նրա շուրջ իրավիճակի հետ: Մինչ այդ Թբիլիսի է այցելել պաշտպանության նախարար Պապիկյանը, սակայն դրան հաջորդել է ռազմական գերատեսչությունների մակարդակով Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի հանդիպումը: Խնդրահարույց է, թե Վրաստանն ինչպես է գնահատում Հարավային Կովկասի 3+3 ձևաչափին իր մասնակցության հնարավորությունը:
Անշուշտ, այն, ինչ մեզ տեսանելի է թվում, կարող է ամենևին էլ ոչ հիմնականը լինել Վրաստան-Հայաստան հարաբերություններում: Մի հանգամանք, սակայն, ուշադրության արժանի է:
Նախընտրական փուլում գտնվող երկրի հետ առաջին դեմքի մակարդակով շփումը կարող է ընկալվել որպես աջակցության դրսեւորում: Սակայն, եթե քննարկվող հարցերն օրախնդիր չեն, այլ դիտարկվում են ապագայի կտրվածքով, ապա այդ բանակցություններն ստանում են նաեւ կողմերի միջեւ քաղաքական «երկարակեցության փոխադարձ հավաստման» իմաստ:
Հայաստանում կա՞ վստահություն, որ հոկտեմբերի վերջին «Վրացական երազանքը» պահպանելու է իշխանությունը եւ ապահովելու է քաղաքական կուրսի հաջորդականությունը՝ անկախ նրանից, թե ով կզբաղեցնի վարչապետի պաշտոնը:
Դեմոկրատիայի «գլխարկը» Վրաստանի համար շատ ծանր եղավ: Հայաստանում հանրային կայուն կարծիք կա, որ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների ամբողջականության վերականգնման եւ զարգացման հեռանկարը եվրոպական քաղաքակրթական ընտրությունը կարող է ապահովել: Այս առումով, թվում է, էականը ոչ թե Փաշինյանի ուղերձն է Կոբախիձեին, այլ՝ ընդհակառակը: Հայաստանի հարավում շրջափակումը հաղթահարելու հնարավորությունը նվազ է: Ի՞նչ է «գրվելու Հայաստանի հյուսիսային դարպասին»:
Հոդվածը՝ 1in.am կայքից։