Անվտանգությունը դադարում է լինել «ստատիկ» երեւույթ, որը կարող է պարունակել ժամանակի ու տարածության թեկուզ միջնաժամկետ որեւէ պաշար:
Հակոբ Բադալյան
Աշխարհում չկա երկիր և ռազմական բլոկ, որն ի վիճակի է ապահովել անվտանգութուն Հայաստանի համար, Երեւանում մեկնարկած համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Հայաստանի անվտանգության համակարգի մասին: Փաշինյանը նշել է, որ անվտանգության գոյություն ունեցած ճարտարապետությունը ցույց է տվել իր անարդյունավետությունը եւ Հայաստանի համար անվտանգոուն հուսալի միջավայրը խաղաղությունն է: Նիկոլ Փաշինյանի այդ ձեւակերպումը արժանի է «շերտային» դիտարկման:
Նախ, Փաշինյանի գնահատականն այն մասին, որ աշխարհում չկա երկիր կամ բլոկ, որն ի վիճակի է ապահովել Հայաստանի անվտանգությունը, լայն իմաստով ըստ էության ներկայիս համաշխարհային իրադրության մասին է: Այստեղ դիտարկել առանձին օրինակներ կամ տարբերակներ, իրատեսական կամ ռացիոնալ չէ այն պարզ պատճառով, որ համաշխարհային հարաբերությունները ներկայումս դե ֆակտո պատերազմի ու փլուզման ռեժիմում են:
Այդ պայմաններում անվտանգությունը դադարում է լինել «ստատիկ» երեւույթ, որը կարող է պարունակել ժամանակի ու տարածության թեկուզ միջնաժամկետ որեւէ պաշար: Եվ դա ըստ էության խոստովանում են անգամ միջազգային հարաբերությունների առաջատար երկրների բարձրագույն պաշտոնյաները: Հետեւաբար, այդ իմաստով Հայաստանը չի կարող ապավինել որեւէ երրորդ երկրի որեւէ երաշխիքի, թեեւ հանուն արդարության հարկ է նկատել, որ չկա Հայաստանին երաշխիք տվող որեւէ երրորդ երկիր՝ լինի Հյուսիսում, Հարավում, Արեւելքում, թե Արեւմուտքում:
Ըստ այդմ, Հայաստանի անվտանգությունը կարող է լինել միայն ու միայն Հայաստանի «ձեռքի գործը»: Իհարկե, Հայաստանը պարտավոր էր այդ բանաձեւով ապրել միշտ, բայց Հայաստանն առավել եւս պարտավոր է չունենալ պատրանքներ այսօր: Բայց, պետք է նաեւ զգուշանալ մեկ այլ՝ խաղաղության պատրանքի մեջ ընկնելուց: Պետք չէ ընկնել արտաքին երաշխիքի պատրանքի գիրկը, բայց նույնքան պատրանքային կարող է լինել խաղաղությունը՝ որպես երաշխիք: Խաղաղությունը պետք է կառուցվի այնպես, ինչպես անվտանգության որեւէ այլ ճարտարապետություն: Իսկ դա նշանակում է, որ անվտանգության երաշխիքները պետք է ձեւավորվեն ներպետական, ներհասարակական ռեժիմներում արդիականացման լայն գործընթացններով, պետական կառավարման, քաղաքական, հասարակական ինստիտուտների գործունեության որակական առարկայական փոփոխություններով: Չանելով դա, Հայաստանը չի կարող հիմնարար արդյունավետությամբ կառուցել անվտանգության տեսանկյունից արդյունավետ խաղաղություն: Առավել եւս մի ռեգիոնում, որը համաշխարհային պատերազմի թիրախային ուղղություններից մեկն է:
Հոդվածը՝ 1in.am կայքից։