Շոյգուն Իրանի նախագահին է փոխանցել Վլադիմիր Պուտինի ուղերձը: Մեկ ամիս հետո Իրանի նախագահը կայցելի ԲՐԻԿՍ-ի գագաթաժողով: Ամենայն հավանականությամբ, այդ շրջանակներում կկայանա նրա եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Իրանը կհամաձայնի՞ Հայաստանի շրջափակմանը։
Վահրամ Աթանեսյան
Սեպտեմբերի 17-ին ՌԴ ԱԽ քարտուղար Շոյգուն Դամասկոսից մեկնել է Թեհրան: Այդ մի շարք լրատվամիջոցներ անվանել են «նախապես չծրագրված»: Mehr գործակալությունը, սակայն, ընդգծել է, որ Շոյգուն Թեհրան է մեկնել «Ռուսաստանի նախագահի հանձնարարությամբ»:
Ռուսաստանի ՏԱՍՍ գործակալության տարածած տեղեկատվությունը նշում է, որ Շոյգուն նախ բանակցություններ է վարել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ահմադիանի հետ, ապա նրան ընդունել է նախագահ Փեզեշքիանը եւ հավաստիացրել, որ Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ հարաբերությունները «կզարգանան մշտական եւ անընդմեջ հիմքով»:
ՏԱՍՍ-ը, հղում անելով իրանական IRIB-ին, հայտնում է, որ Շոյգուն «համաձայնությունների մասին «հաշվետվություն» է փոխանցել»՝ առանց հստակեցնելու՝ հասցեատերն իրանցի պաշտոնակի՞ցն է, թե՞ նախագահ Փեզեշքիանը, որ, ի դեպ, առաջիկա կիրակի մեկնում է Նյու-Յորք, որտեղ սեպտեմբերի 24-ին ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:
Շոյգուի Թեհրան այցի մասին տեղեկատվական շատ սուղ հոսքում առանձնանում է մի կարեւոր հանգամանք: Ըստ Mehr գործակալության, նա «հաստատել է Ադրբեջանի հանրապետության հետ հաղորդուղիների եւ միջանցքների հարցում ԻՀ քաղաքականությանը Ռուսաստանի աջակցությունը»:
ՏԱՍՍ-ի հաղորդագրությունը նույնպես ընդգծում է այդ հարցի քննարկումը, բայց ձեւակերպումն էականորեն տարբեր է: «Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջան տանող տրանսպորտային երթուղիների եւ միջանցքների հարցում Իրանի դիրքորոշմանը»:
Ո՞րն է այս տարընթերցման պատճառը: Եթե իրականությանը մոտ է Mehr-ի տեղեկատվությունը, ապա պետք է ենթադրել, որ ՌԴ ԱԽ քարտուղարը Թեհրանում քննարկել է Հայաստանի շրջափակումը պահպանելու հարցը, որովհետեւ Ադրբեջան-Իրան հաղորդակցության երկու երթուղիներն էլ Հայաստանով միջնորդավորված չեն:
Մի դեպքում երկու երկրները երկաթուղային հաղորդակցություն կունենան Աստարայում, երկրորդ ծրագրի գործարկման դեպքում Ադրբեջանը Նախիջեւանին կկապվի այսպես կոչված «Արաքսի միջանցքով»:
Այն ենթադրաբար կկառուցվի հայ-իրանական սահմանին զուգահեռ՝ Իրանի տարածքում: Ըստ էության, ՏԱՍՍ-ի տեղեկատվությունն էլ ընդգծում է «Ադրբեջան տանող տրանսպորտային երթուղիների եւ միջանցքների» թեման:
Շոյգուն Իրանի նախագահին է փոխանցել Վլադիմիր Պոիտինի ուղերձը: Մեկ ամիս հետո Իրանի նախագահը կայցելի ԲՐԻԿՍ-ի գագաթաժողով: Ամենայն հավանականությամբ, այդ շրջանակներում կկայանա նրա եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Իրանը կհամաձայնի՞ Հայաստանի շրջափակմանը:
Հոդվածը՝ 1in.am կայքից։