Հայաստան

Պատերա՞զմ, Թե՞ Խաղաղություն

Չնայած Պաղեստինի հարցում ցուցադրական համերաշխությանը, Բաքուն շարունակում է մնալ Իսրայելի դաշնակիցը, և իրանա-իսրայելական հետագա սրացումը համապատասխանում է Ադրբեջանի ռազմա-քաղաքական ծրագրավորումներին:

Վահրամ Աթանեսյան

Իրան-Իսրայել. մեծ պատերազմի հավանականությունը՝ հիսուն-հիսուն

Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ հոկտեմբերի լույս 2-ի գիշերը Նաթանյահուի ռազմական կաբինետը մի քանի նիստ է գումարել, բայց Իրանին պատասխան հարված հասցնելու որոշում չի ընդունել: Vestygo.il-ի տեղեկություններով՝ կառավարության նիստն առաջին անգամ հրավիրվել է բունկերում, որ պաշտոնապես անվանվում է «ճգնաժամային կառավարման կենտրոն»:

Նիստին Իսրայելի պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել են Թել-Ավիվից՝ պաշտպանված կապի միջոցով: Հայտնի է դարձել, որ քննարկվել է երկու՝ անմիջապես Իրանին և Մերձավոր Արևելքում նրա պրոքսի կառույցներին պատասխան հարված հասցնելու տարբերակ:

Իսրայելի բանակին մոտ կանգնած աղբյուրներն ասել են, որ Իրանի հրթիռային հարձակումն ավելի ներշնչող է, քան ապրիլի հարձակումը:

Իսրայելի օդային տարածքի պաշտպանությանը մասնակցել են ոչ միայն տարածաշրջանում ամերիկյան և բրիտանական ուժերը, այլև Հորդանանի ՀՕՊ-ը: Իսրայելական լրատվամիջոցը հատուկ ընդգծում է, որ իրենց հերթին Սիրիան և ԻրաքՆ Իրանին օդային միջանցք են տրամադրել:

Տարածաշրջանի այլ երկրների ներգրավվածության մասին տեղեկություններ առայժմ չկան:

Vestygo.il-ն հղում է անում ամերիկյան The Wall Street Journal-ին, որի տեղեկություններով՝ ԱՄՆ վարչակազմը Իրանին փոխանցել է, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք, ինչին ի պատասխան՝ Թեհրանն ասել է, որ պատասխան հարվածի պատասխանը կլինի խորտակիչ:

Ըստ իսրայելական լրատվամիջոցի՝ Նաթանյահուի կառավարությունը լուրջ մտահոգություն ունի, որ Վաշինգտոնը, չնայած հրապարակային հայտարարություններին և ցուցաբերվող ռազմական օժանդակությանը, կխթանի Իրանին հուժկու հարվածներ հասցնելու որոշումը:

Իսրայելի քաղաքական շրջանակներում տեղեկացված են, որ տարածաշրջանային լայնածավալ պատերազմը հակասում է Միացյալ Նահանգների շահերին: Ամենայն հավանականությամբ՝ Իսրայելը կընտրի Մերձավոր Արևելքում Իրանի պրոքսի կառույցները թիրախավորելու տարբերակը:

«Մեր տուն Իսրայել» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Լիբերմանը վերստին քննադատել է իրանական պրոքսի կառույցների ղեկավարներին և դաշտային հրամանատարներին ոչնչացնելու քաղաքականությունը՝ այդ գործողությունները անվանելով «ոչ արդյունավետ»:

Նա գտնում է, որ տարածաշրջանի չարորակ գոյացությունն Իրանի մոլլապետությունն է, որ պետք է ոչնչացվի, որպեսզի Իսրայելի անվտանգությունը երաշխավորված լինի:
Իրան-Իսրայել վերջին լարվածությանը անդրադառնալով՝ Բաքվի իշխանական լրատվամիջոցը տեսակետ է հայտնել, որ Իսրայելը մեկ-մեկ քաշում է տարածաշրջանում Իրանի թունավոր ատամները, որից հետո նա կվերածվի անուժ գոյության: Խոսքը ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլայի» դեմ Իսրայելի թիրախային հարվածների մասին է:

Այս անդրադարձից հետևում է, որ, չնայած Պաղեստինի հարցում ցուցադրական համերաշխությանը, Բաքուն շարունակում է մնալ Իսրայելի դաշնակիցը, և իրանա-իսրայելական հետագա սրացումը համապատասխանում է Ադրբեջանի ռազմա-քաղաքական ծրագրավորումներին:

Իսրայելա-իրանական լայնածավալ բախման հավանականությունը, ըստ միջազգային մամուլի գնահատումների, հիսուն-հիսուն է. Վաշինգտոնը փորձելու է Նաթանյահուին զերծ պահել Իրանի միջուկային և նավթային օբյեկտներին հարվածելու գայթակղությունից: Իսրայելին հասցված հրթիռային հարվածներն Իրանում աննախադեպ ոգևորության տեղիք են տվել: Ցնծացել է նաև ողջ իրանական Ադրբեջանը: Դա պետք է, որ ազդակ լինի Բաքվի համար:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3471498.html
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *