Առանց ԱՄՆ աջակցության, վերլուծաբանների կարծիքով, Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի մենակատար օդային հարվածը չափազանց ռիսկային կլինի և, լավագույն դեպքում, կձգձգի, բայց չի ոչնչացնի Իրանի միջուկային ծրագիրը
The Financial Times
The Financial Times-ը գրում է`
Կկարողանա՞ արդյոք Իսրայելը ինքնուրույն ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտները։
Վերլուծաբանների կարծիքով առանց ԱՄՆ աջակցության Իսրայելի ռազմաօդային ուժերին դժվար կլինի հաջողությամբ անցկացնել նման գործողություն:
Հարցին՝ արդյոք նա կաջակցի Իսրայելի հարձակմանը Իրանի միջուկային օբյեկտների վրա, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի միանշանակ պատասխանեց. «Պատասխանը՝ ոչ»:
Այնուամենայնիվ, Իսրայելի որոշ ռազմատենչներ քննարկում են՝ արդյոք ռազմաօդային ուժերը պետք է հարված հասցնեն ի պատասխան այս շաբաթ Թեհրանի կողմից Իսրայելի վրա արձակված 180 բալիստիկ հրթիռների տարափի:
Սակայն առանց ԱՄՆ աջակցության, վերլուծաբանների կարծիքով, Իրանի միջուկային օբյեկտների վրա Իսրայելի մենակատար օդային հարվածը չափազանց ռիսկային կլինի և, լավագույն դեպքում, կձգձգի, բայց չի ոչնչացնի Իրանի միջուկային ծրագիրը:
Ինչու՞ է Իսրայելի գործողությունը բարդ լինելու:
Առաջին պատճառը՝ հեռավորությունն է։ Իսրայելից մինչև Իրանի հիմնական միջուկային բազաները ավելի քան 1000 մղոն է, և դրանց հասնելու համար Իսրայելի ինքնաթիռները ստիպված կլինեն հատել Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Իրաքի, Սիրիայի և հնարավոր է՝ Թուրքիայի ինքնիշխան օդային տարածքը:
Հաջորդ խնդիրը՝ վառելիքն է։ Նպատակակետերին թռիչքներն ու վերադարձը Իսրայելի համար պահանջում են օդում վերալիցքավորման բոլոր հնարավորությունները և գործնականում սխալվելու հնարավորություն չեն թողնում, նշվում է ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայության հաշվետվությունում:
Երրորդը՝ Իրանի հակաօդային պաշտպանությունն է։ Երկրի հիմնական միջուկային օբյեկտները լավ պաշտպանված են, և իսրայելական ռմբակոծիչները պետք է պաշտպանված լինեն կործանիչներով:
CRS-ի զեկույցի համաձայն, դրա համար կպահանջվի շուրջ 100 ինքնաթիռ ունեցող հարձակողական փաթեթ, որը համարժեք է Իսրայելի ռազմաօդային ուժերի 340 մարտունակ ինքնաթիռների մոտ մեկ երրորդին:
Որքանո՞վ են պաշտպանված Իրանի միջուկային օբյեկտները:
Իսրայելի համար ամենաբարդ խնդիրը կլինի երկու հիմնական իրանական միջուկային վառելիքի հարստացման գործարանների ոչնչացումը:
Նատանցում գտնվող հսկայական վառելիքի հարստացման գործարանը գտնվում է խոր հողի տակ, իսկ երկրորդ խոշոր գործարանը՝ Ֆորդոն, կառուցված է լեռան մեջ։ Դրանց ոչնչացման համար անհրաժեշտ կլինի զենք, որը կկարողանա անցնել տասնյակ մետր ժայռի և երկաթբետոնե շերտերի միջով՝ պայթելուց առաջ:
Իսրայելը ստիպված է գործել բունկերներ ոչնչացնելու համար նախատեսված ռումբերով, ինչպիսիք են 2000 ֆունտանոց GBU-31 ռումբերը, որոնք Իսրայելի ռազմաօդային ուժերը անցած շաբաթ նետել էին Բեյրութում գտնվող չորս շենքերի վրա՝ սպանելու «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահին: Սակայն, իսրայելական տվյալներով, այդ հարձակման ընթացքում օգտագործվել է 80 ռումբ, և քիչ հավանական է, որ նմանատիպ հարվածը կկարողանա ոչնչացնել ավելի լավ պաշտպանված իրանական միջուկային օբյեկտները:
Վերլուծաբանների կարծիքով, գոյություն ունի միայն մեկ սովորական զենք, որը կարող է հաղթահարել այս խնդիրը՝ GBU-57A/B Massive Ordnance Penetrator (MOP): Այս հսկայական ռումբը, որն ունի ճշգրիտ ուղղորդում, մոտ 6 մետր երկարություն ունի, կշռում է 30,000 ֆունտ և, ըստ ամերիկյան զինված ուժերի, կարող է անցնել 60 մետր հողի միջով՝ պայթելուց առաջ:
Արդյո՞ք Իսրայելը մշակել է սեփական բունկերներ ոչնչացնող ռումբեր:
Հստակ չէ, թե արդյոք Իսրայելը նման հնարավորություններ ունի։ Որոշ նախկին ամերիկացի քաղաքական գործիչներ հաճախ առաջարկում էին Վաշինգտոնին դրանք մատակարարել:
Սակայն Իսրայելի պաշտպանության նախարարության նախկին գիտաշխատող Էհուդ Էյլամը նշում է, որ նույնիսկ եթե Իսրայելին հաջողվեր ստանալ MOP, «նրա F-15, F-16 և F-35 կործանիչ-ռմբակոծիչները չէին կարող այն կրել»:
Բացի այդ, Էյլամի խոսքով՝ «ոչ մի հնարավորություն չկա», որ Իսրայելը կկարողանա ձեռք բերել ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչ, ինչպիսին B-2 Spirit-ն է, որը անհրաժեշտ է այդ ռումբը նետելու համար: Տեսականորեն, Իսրայելը կարող էր օգտագործել իր C-130J Hercules տրանսպորտային ինքնաթիռներից մեկը՝ MOP ռումբը բեռնատար դռներից նետելու համար, բայց այս անհարմար գործընթացը, որը հայտնի է որպես «հարթակից նետում», նախատեսված չէ MOP-ի նման ռումբերի համար:
Իսկ Իսրայելն այլընտրանքներ ունի՞:
Իսրայելի կործանիչները կարող են վնասել միջուկային օբյեկտները՝ ռմբակոծելով դրանց օդափոխիչները և այլ օժանդակ ենթակառուցվածքները։ Սա կարող է խանգարել ուրանի հարստացման համար օգտագործվող ցենտրիֆուգների բարձր ճշգրտությամբ աշխատանքը, թեև չի ոչնչացնի դրանք:
Վերջին հնարավորությունը՝ դիվերսիան է։ 2021 թվականին Նատանցում տեղի ունեցավ էլեկտրամատակարարման խափանում, որը, հավանաբար, պայմանավորված էր պլանավորված պայթյունով, որը սնուցում էր ստորգետնյա ցենտրիֆուգները։ 2010 թվականին ԱՄՆ-ն և Իսրայելը, ենթադրաբար, նաև կանգնեցրին Իրանի միջուկային ծրագիրը Stuxnet համակարգչային վիրուսի միջոցով։ Սակայն այդ հարձակումները չկարողացան երկար ժամանակով կանգնեցնել ծրագիրը:
Ի վերջո, այն մասշտաբի ուժը, որը կպահանջվի Իրանի հիմնական օբյեկտներին լուրջ վնաս հասցնելու համար, «կպահանջի ԱՄՆ լայն աջակցություն, եթե ոչ ուղղակի մասնակցություն», – նշում են Դարյա Դոլզիկովան և Մեթյու Սևիլը Royal United Services Institute վերլուծական կենտրոնի վերջին ուսումնասիրության մեջ։ Բայց նույնիսկ դա «չի երաշխավորի ամբողջական ոչնչացումը»:
Աղբյուրը` ft.com
Թարգմանությունը`
Արայիկ Մկրտումյանի