Հայաստան

Մոսկվան Բացահայտ Թիրախավորեց Հայաստանը

Ըստ երևույթին՝ Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունները Հայաստանի դեմ ռազմական սադրանքի ուղղություն են ընտրել Նախիջևանը, որտեղ խաչվում են նաև Թուրքիայի և Իրանի աշխարհաքաղաքական շահերը:

Վահրամ Աթանեսյան

Աստանայում ընթանում է ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների Խորհրդի հերթական նիստը: Իր ելույթում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ Արևմուտքը ձգտում է հասնել ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռանալուն, ինչը Բաքվի հետ հետագա հարաբերությունների հարցում Երևանին ՆԱՏՕ-ից ավելի մեծ կախվածության մեջ կդնի։

Բորտնիկովը «բացահայտել է» Արևմուտքի ծրագիրը՝ գլխավորել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում սեփական խաղաղարար ուժերի տեղակայմանը, որ դե յուրե լինի ՄԱԿ հովանու ներքո, փաստացի՝ ՆԱՏՕ-ի։

Նա նաև վերստին հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը մեղադրել է ՆԱՏՕ-ի անդամ կոնկրետ երկրի օգտին հետախուզություն իրականացնելու մեջ՝ ի վնաս Ռուսաստանի և նրա գործընկերների: Բորտնիկովը Հայաստանին քննադատել է Արևմուտքի ազդեցությամբ Ադրբեջանի հետ բանակցությունները ձգձգելու համար:

Բաքվի «Թուրան» գործակալության իրազեկ աղբյուրները հայտնել են, որ հոկտեմբերի 2-3-ին Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինը Բաքվում Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարների հետ քննարկել է «երկու երկրների պետական կարգի դեմ նախապատրաստվող բազմավեկտոր գործողությունները կանխարգելելու հարցը»։

ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը փաստացի բացահայտել է, թե խոսքն ի՞նչի մասին է: Ռուսաստանը բացահայտ թիրախավորում է Հայաստանը. նրա խոսքից պարզվում է, որ Արևմուտքի կողմից Հայաստանին արտոնյալ կարգով սպառազինելու և դրանից բխող տարածաշրջանային սպառնալիքների մասին Ադրբեջանի նախագահի, մյուս առանցքային պաշտոնյաների հայտարարություններին իրականում ձևակերպված են Մոսկվայում:

Այլևս կարելի է վստահաբար ասել, որ օգոստոսի 18-19-ին Ռուսաստանի նախագահ Պուտինը Բաքու «կրիզիս» այց է կատարել, որպեսզի ձախողի COP29-ին ընդառաջ հայ-ադրբեջանական կարգավորման փաստաթուղթ ստորագրելու՝ ԱՄՆ նախաձեռնությունը: Ալիևի հռետորաբանության կոշտացումը, նրա կողմից անհեթեթ «նախապայմանների» կրկնությունը և համալրումը վկայում են, որ երկկողմ ձևաչափով Հայաստան-Ադրբեջան պայմանագրի ստորագրումը ձախողված է, և գլխավոր դերակատարը Վլադիմիր Պուտինն է:

Մեկ ամսից Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններ են, որոնց ելքը չափազանց դժվար է գուշակել: Հայաստանի հասցեին ՌԴ ԱԴԾ տնօրենի չափազանց կոշտ ձևակերպումներից կարելի է հետևություն անել, որ Մոսկվան, ամենայն հավանականությամբ, չի սպասելու Վաշինգտոնում նոր վարչակազմի ձևավորմանը:

Ռուսաստանը, երևում է, ընտրելու է նույն մոտեցումը, ինչ Ուկրաինայում. «գետնի վրա» ստեղծել «անդառնալիության իրավիճակ» և այդ դիրքերից նստել քաղաքական «առևտրի սեղանի» շուրջ: Վերջին շրջանում Հայաստանի կողմից «հրադադարի խախտման» գոտի է ներկայացվում Նախիջևանը, որտեղ Ադրբեջանի ԶՈՒ-ն գրեթե ամենաշաբաթյա ռեժիմով զորավարժություններ է անցկացնում:

Ըստ երևույթին՝ Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունները Հայաստանի դեմ ռազմական սադրանքի ուղղություն են ընտրել Նախիջևանը, որտեղ խաչվում են նաև Թուրքիայի և Իրանի աշխարհաքաղաքական շահերը:

Իրավիճակը մոտենում է կրիտիկական սահմանի: Բորտնիկովի սպառնալիքները հնչել են, երբ Հայաստանի վարչապետը գտնվում է Ֆրանսիայում, ուր մեկնելուց առաջ նա Ազգային ժողովում չի բացառել Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հավանականությունը: Բորտնիկովն ակնարկում է, որ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի անվտանգության երաշխիք չէ՞:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *