Հայաստան

Ֆրանսիան Վերադառնում Է Մերձավոր Արևե՞լք

Ֆրանսիան կարո՞ղ է միջնորդել, որ Իրանը և Իսրայելը ձեռնպահ մնան «կրիտիկական հարվածներ փոխանակելուց»: Փարիզը տարածաշրջանում ի՞նչ ազդեցություն ունի, պարզ չէ։

Վահրամ Աթանեսյան

Հոկտեմբերի 6-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Դիվանագիտական այս շփումը կարևոր է նրանով, որ նախօրեին Ֆրանսիայի նախագահը կոչ էր արել սահմանափակել Իսրայելին սպառազինությունների մատակարարումը, որ հրեական պետությունն օգտագործում է Գազայում: Իսրայելի վարչապետը Մակրոնի այդ կոչը որակել էր «ամոթալի քայլ»:

Vestygo.il-ը փոխանցում է Իսրայելի վարչապետի տեսակետը, որ «Հեզբոլլայի» դեմ պատերազմը կծառայի Լիբանանի անվտանգությանը, տարածաշրջանի կայունությանը և խաղաղությանը:

Նաթանյահու-Մակրոն բանակցությունների ամենաուշագրավ դրվագը, թերևս, այն է, որ Իսրայելի վարչապետը պատրաստակամություն է հայտնել «երկխոսությունը շարունակել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բարոյի հետ»: Վերջինս, ըստ տեղեկությունների, մոտակա օրերին կայցելի Իսրայել:

Իսրայելի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հեռախոսազրույցը տեղի է ունեցել իսրայելա-պաղեստինյան պատերազմի տարեդարձի օրը, Փարիզում ֆրանկոֆոն երկրների գագաթաժողովից հետո և մի իրավիճակում, երբ գրեթե ակնհայտ է, որ Գազայում հրադադարի հաստատման ամերիկյան նախաձեռնությունը տապալված է, Մերձավոր Արևելքը լայնածավալ պատերազմից «հինգ րոպե պակաս» ռեժիմի մեջ է:

Արժե, թերևս, դիտարկել, որ Նյու Յորքում տեղի է ունեցել Ֆրանսիայի և Իրանի նախագահների հանդիպում: Այսօր Մերձավոր Արևելքի թիվ մեկ խնդիրն Իրան-Իսրայել ռազմական բախման կամ լիցքաթափման շուրջ անորոշությունն է:

Ֆրանսիան կարո՞ղ է միջնորդել, որ Իրանը և Իսրայելը ձեռնպահ մնան «կրիտիկական հարվածներ փոխանակելուց»: Փարիզը տարածաշրջանում ի՞նչ ազդեցություն ունի, պարզ չէ: Մանավանդ որ Ֆրանսիայի ազդեցությունը, ինչպես միջազգային փորձագետներն են պնդում, զգալիորեն թուլացել է Հյուսիսային Աֆրիկայում:

Իսրայելի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հեռախոսազրույցից երկու օր առաջ Էրդողանը հայտարարել է, թե թույլ չի տա, որ տարածաշրջանը բաժանվի ըստ Սաքս-Պիկոյի համաձայնության: Խոսքն առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև պայմանավորվածության մասին է:

Թուրքիայի նախագահը տեղեկացվա՞ծ էր, որ Ֆրանսիան Մերձավոր Արևելքում դերակատար լինելու նախաձեռնություն է ցուցաբերում, կասկածներ ուներ, որ Փարիզը և Լոնդոնը կարող են նոր համաձայնությունների հասնե՞լ:

Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդագրությունից հասկացվում է, որ Նաթանյահուն Մակրոնին առաջարկել է քննարկել, պայմանականորեն ասած, «Նոր Մերձավոր Արևելք» նախագիծ: Որքանով հասկացվում է՝ Իսրայելի վարչապետը խնդիր է դնում տարածաշրջանում վերջ տալ իսլամական ռադիկալիզմին:

Թուրքիայի նախագահը խոսել է Իսրայելից հավանական ռազմական սպառնալիքի մասին: Հոկտեմբերի 8-ին Ազգային մեծ ժողովում նախատեսված են փակ քննարկումներ: Թուրքիան Լիբանան և Գազայի հատված զորքեր ուղարկելու որոշում կընդունի՞, թե՞ կտա Իրաքում և Սիրիայի հյուսիսում «հակաահաբեկչական ռազմագործողության» մեկնարկը:

Չափազանց կարևոր է, որ Նաթանյահու-Մակրոն հեռախոսազրույցից մեկ օր առաջ Կիևում Իսրայելի դեսպանը բացահայտել է, որ Ուկրաինային մատակարարվել են հրթիռային հարձակումից վաղ նախազգուշացման միջոցներ, մնում է, որ ուկրաինացի մասնագետները դրանք մարտական հերթապահության վիճակի բերեն: Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Իսրայելը մերժում էր ՀՕՊ համակարգեր հատկացնելու Ուկրաինայի խնդրանքը: Կիևում Իսրայելի դեսպանի հայտարարությունը նշանավորում է ռուս-իսրայելական հարաբերությունների ծայրաստիճան լարվածությունը: Ֆրանսիային կհաջողվի՞ այդ և թուրք-իսրայելական հակասություններից աշխարհաքաղաքական նոր իրավիճակ սկզբնավորել:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *