Հայաստան

Հյուսիսային Կորեան Պուտինին Օգնում Է Զենքով Ու Անձնակազմով

Անցած ամիս Ուկրաինայի հետախուզության ղեկավար, գեներալ-մայոր Կիրիլ Բուդանովը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան դարձել է Պուտինի համար ամենամեծ զենքի մատակարարը։

The Times-ը գրում է՝ Հյուսիսկորեացի զինվորներ են սպանվել Ուկրաինայում, հայտարարում է Կիևը
Հյուսիսկորեացի զինվորներ են սպանվել Դոնբասում, հայտարարել է Կիևի կառավարությունը՝ հաստատելով Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն Ընի միջև հարաբերությունների սերտացումը։
Ուկրաինայի կառավարության անվտանգության ծառայության ներկայացուցիչը արձագանքել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարի այն ենթադրություններին, որ հյուսիսկորեացի զորքերը շուտով կարող են ուղարկվել Ուկրաինայում կռվելու։ «Նրանք արդեն ուղարկել են դրանք»,- ասել է Անդրեյ Կովալենկոն, որը հանդիսանում է ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի ղեկավարը։
Telegram սոցիալական ցանցում իր գրառման մեջ նա նշել է. «ԿԺԴՀ-ի (Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն) զինվորականները սահմանափակ քանակությամբ, հիմնականում ինժեներներ, վերահսկում են Փհենյանի զենքի որակը և դրա օգտագործումը ռուսական բանակի կողմից։ Ոմանք արդեն զոհվել են»։
Կովալենկոն այլ մանրամասներ կամ ապացույցներ չի ներկայացրել։ Նախորդ շաբաթ իր մեկ այլ գրառման մեջ նա ասել էր, որ հյուսիսկորեացիները ինժեներներ են, որոնք ուղարկվել են վերահսկելու «Փհենյանի մատակարարված ցածր որակի» հրետանային արկերը։ Նրա հայտարարությունը հետևեց մի քանի այլ չհաստատված հաղորդագրությունների մասին, որ հյուսիսկորեացի անձնակազմն արդեն գտնվում է Ուկրաինայի տարածքում այն բանից հետո, երբ հայտարարվեց «համապարփակ գործընկերության համաձայնագրի» մասին, որը ստորագրվել էր Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև՝ Պուտինի և Կիմի հունիսյան հանդիպման ժամանակ։
Անցած շաբաթ Kyiv Post-ը, հղում անելով անանուն հետախուզական աղբյուրներին, հաղորդեց, որ 20 զինվորներից, որոնք սպանվել էին ուկրաինական հրթիռի հարվածից Դոնեցկի շրջանում, վեցը հյուսիսկորեացիներ էին, և ևս երեքը վիրավորվել էին։ Ուկրաինայի «24 ալիքը» հաղորդեց, որ հոկտեմբերի 3-ին հարվածը ուղղված էր հյուսիսկորեացի զինվորների մարզման ճամբարին։
Անցած շաբաթ արևմտյան հետախուզական աղբյուրները հայտնել էին, որ Ռուսաստանում օգտագործվող արկերի կեսը, կամ տարեկան մոտ երեք միլիոնը, մատակարարվում է Հյուսիսային Կորեայի կողմից։ Տարվա սկզբում ուկրաինական հետախուզությունը նվազեցնում էր Կիմի ներդրումը ռուսական պատերազմում՝ պնդելով, որ մատակարարվող արկերի կեսը անօգուտ է։ Սակայն անցած ամիս Ուկրաինայի հետախուզության ղեկավար, գեներալ-մայոր Կիրիլ Բուդանովը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան դարձել է Պուտինի համար ամենամեծ զենքի մատակարարը։
«Նրանց կողմից մատակարարվող ռազմական արտադրության ծավալները փաստացիորեն ազդում են ռազմական գործողությունների ինտենսիվության վրա»,- ասել էր նա։ «Նրանք մատակարարում են ահռելի քանակությամբ հրետանային զինամթերք, ինչը չափազանց կարևոր է Ռուսաստանի համար։ Որպես հետախուզության ղեկավար՝ ես կարող եմ ուղիղ ասել. այն, որ նրանք այնտեղ մատակարարում են բալիստիկ հրթիռներ, մեզ համար տհաճ է, դա այնքան էլ շատ չէ, սակայն զինամթերքի առումով դա մեզ համար կրիտիկական նշանակություն ունի»։
Աղբյուրը՝thetimes.com

Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *