Հայաստան

Բանակի Վերափոխման Անհրաժեշտությունը

Իհարկե դրսից հնարավոր է բերել մեթոդաբանությունը, բայց իհարկե ոչ երբեք բովանդակությունը, քանի որ այդ բովանդակությունը պետք է լինի Հայաստանի իրական ինքնիշխանության կարևոր հատկանիշներից մեկը:

Հակոբ Բադալյան

ԶՈՒ կերպափոխման ողնաշարային ասպեկտը

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունի հետ։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, և ամերիկյան կողմը նշել է, որ կշարունակի իր աջակցությունը ՀՀ ԶՈՒ կերպափոխման և բարեփոխումների ընթացքին։ Այն ընթացքում, երբ ԶՈՒ ԳՇ պետը մեկնում էր ԱՄՆ, Հայաստանի Զինված ուժերում արձանագրվեց հերթական ողբերգական դեպքը, հայտնաբերվեց զինծառայողի դի, որն ըստ պաշտոնական տեղեկության՝ ինքնասպանության հետևանք է:

Թե ինչո՞ւ է զինծառայողը դիմել ինքնասպանության, ով է նրան հասցրել այդ վիճակին, առայժմ ընթանում է քննություն: Տարեսկզբից Հայաստանի զինված ուժերում այսպես ասած խաղաղ պայմաններում զոհերի թիվն արդեն 28 է, ինչը աննախադեպ բարձր թիվ է, որը հարցեր է առաջացնում, թե արդյո՞ք Հայաստանի զինուժում իրականացվում է բարեփոխում, թե՞ միայն խոսվում է այդ մասին: Ընդ որում, երբ խոսք է գնում բարեփոխման, զինուժի կերպափոխման մասին, գերազանցապես նկատի է առնվում զինուժի կառուցվածքը, փիլիսոփայությունը, մարտական կառուցվածքը, սպառազինության որակը, հագեցածությունը և այլն:

Մինչդեռ, զինուժի կերպափոխումը իրենից պետք է ենթադրի նաև արժեքային ու գաղափարական վերափոխում, որը էական նշանակություն ունեցող է միջանձնային հարաբերությունների տիրույթում: Եվ երբ, օրինակ, խոսվում է ԶՈւ եվրաատլանտյան մոդելի փորձի կիրառման մասին, զուտ ռազմատեխնիկական բաղադրիչների կարևորությամբ հանդերձ, շատ էական է նաև այն, թե հայկական զինուժի համար պատասխանատուները որքանով են ընդունակ յուրացնել նաև վերը բերված արժեքային-գաղափարական հարաբերությունների մշակույթի հանգամանքը: Խոսքը, բնականաբար, նույնական կրկնօրինակման մասին չէ և չի կարող լինել, որովհետև էապես տարբեր են մշակութային և մտածողական հարթությունները:

Խոսքը մեթոդաբանական մոտեցումների դիտարկման և դրանց տեղայնացման, ադապտացիայի մասին է: Խնդիրն այսօր հայկական զինուժի համար առավել քան կարևոր է նաև այն պատճառով, որ, ըստ էության, ռազմական պարտության հետևանքով փլուզվել է նաև արժեգաղափարական այն առանցքը, որ ողնաշարային դեր ուներ հայկական զինուժի համար՝ արցախյան հաղթանակը և այն պահպանելու առաքելությունը: Մտածել, որ այսօր հնարավոր է վերականգնել այդ կորուստը նույնությամբ, կլինի թերևս ցանկալին հնարավորի տեղ մատուցելու մոլորություն: Բայց չի կարող գոյություն ունենալ զինուժ, որը չունի ընդհուպ միջանձնային հարաբերությունների մակարդակ խորացող արժեբանական, գաղափարական կառուցվածք և առանցք:

Ինչպե՞ս լուծել այդ խնդիրը, ինչպես գնալ դրան: Այստեղ իհարկե դրսից հնարավոր է բերել մեթոդաբանությունը, բայց իհարկե ոչ երբեք բովանդակությունը, քանի որ այդ բովանդակությունը պետք է լինի Հայաստանի իրական ինքնիշխանության կարևոր հատկանիշներից մեկը: Բայց կա՞ Հայաստանում այդ բովանդակությունը կրող ռազմաքաղաքական վերնախավ, որը կփնտրի դրա մշակման և առաջմղման արդյունավետ մեթոդաբանություն՝ գործուղումների ընթացքում այդ խնդրին տրամադրելով ոչ միայն արարողակարգային ժամանակը:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *