Հայաստան

Էրդողանն Ու Խաղաղությունը Անդրկովկասում

Ինստիտուցիոնալ ի՞նչ կառույց նկատի ունի Թուրքիայի նախագահը: Ռուսաստանը և Իրանը կպաշտպանե՞ն Էրդողանի նախաձեռնությունը: Նա այդ գաղափարն Իլհամ Ալիևի հետ քննարկե՞լ է:

Վահրամ Աթանեսյան

Էրդողան. «Հարավային Կովկասի դեմքը փոխվել է հօգուտ խաղաղության»

Ստամբուլում ավարտվել է Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի բացման խոսքում Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը վստահություն էր հայտնել, որ քննարկումների արդյունքում «հնարավոր կլինի համատեղ հայտարարություն ընդունել»։

Նման փաստաթուղթ առայժմ չի հրապարակվել: Հանդիպման ավարտին մամուլի ներկայացուցիչների հետ շփվել է Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը և պատասխանել մի քանի հարցի: Դրանք, ինչպես փոխանցում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, հիմնականում վերաբերվել են ռուս-վրացական հարաբերություններին, 3+3 ձևաչափին Վրաստանի միանալու հավանականությանը: Հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ հնչել է մեկ հարց՝ ո՞ր հարթակն է արդյունավետ, ինչին Լավրովը պատասխանել է. «Այն, որտեղ կողմերը համաձայնության կգան», բայց և վերստին հիշեցրել, որ բանակցային նյութը նախապատրաստվել է Մոսկվայում՝ եռակողմ՝ ռուս-հայ-ադրբեջանական ձևաչափով:

Հնգակողմ հանդիպման ավարտին Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին Ստամբուլի Դոլմաբահչե նստավայրում ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը: Այդ մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի նախագահի մանվածապատ խոսքից կարելի է առանձնացնել երկու էական շեշտադրում. Էրդողանը Հարավային Կովկասում քաղաքական դիմագծի փոփոխություն է արձանագրել՝ հօգուտ խաղաղության: «Թուրքիան մեծ կարևորություն է տալիս (3+3) հարթակին, որ ստեղծվել է տարածաշրջանային խնդիրները երկխոսությամբ լուծելու ըմբռնմամբ և հաճելի է, որ Հարավային Կովկասի դեմքը փոխվել է հօգուտ մշտական խաղաղության»,— ասել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանի կողմից հնչեցված երկրորդ, ընդ որում՝ շատ ավելի կարևոր, միտքն այն է, որ նա խոսել է 3+3 հարթակը խորհրդատվականից ինստիտուցիոնալի վերափոխելու անհրաժեշտության մասին: «Տարածաշրջանի իրադարձությունները պահանջում են ամրապնդել համագործակցությունը և համերաշխությունը, և հարթակի վերափոխումը ինստիտուցիոնալ կառույցի կնպաստի, որպեսզի երկխոսությունն ավելի արդյունավետ լինի»,— Թուրքիայի նախագահի խոսքը փոխանցում է «Անադոլուն»:

Ընդսմին, Էրդողանն ասել է, որ ինքը «նման առաջարկություն կանի»: Ե՞րբ, որտե՞ղ է նա ձևակերպելու այդ առաջարկությունը՝ մանրամասնություններ չկան, բայց չի բացառված, որ այդ գաղափարն ինչ-որ ձևով հնգակողմ նախարարական հանդիպմանը շոշափվել է:

Ստամբուլում Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը նախորդում է Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին, որին Թուրքիայի և Իրանի նախագահների մասնակցությունը պաշտոնապես հաստատված է: Գագաթաժողովին հրավիրված են նաև Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը:

Հարավ-կովկասյան խորհրդատվական հարթակն ինստիտուցիոնալ կառույցի վերափոխելու գաղափարն Էրդողանը Կազանում կհրապարակայնացնի՞: Ստամբուլում կայացվել է Թուրքիայի եւ Ռուսաստանի արտգործնախարաների հանդիպում, որտեղ քննարկվել է Կազանում Պուտին-Էրդողան հանդիպման կազմակերպման հարցը:

Ինստիտուցիոնալ ի՞նչ կառույց նկատի ունի Թուրքիայի նախագահը: Ռուսաստանը և Իրանը կպաշտպանե՞ն Էրդողանի նախաձեռնությունը: Նա այդ գաղափարն Իլհամ Ալիևի հետ քննարկե՞լ է: Հարավային Կովկասում «հարաբերականորեն կառավարելի կայունությունը» Ռուսաստանին, Թուրքիային և Իրանին հավասարապես ձեռնտո՞ւ է: Իսկ եթե հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանը «պայթի՞»:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3480192.html
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *