9-րդ կետը՝ «Զանգեզուրի միջանցքը», Հայաստանի մասնատման գրավականն է, ու այստեղ նրանք փորձում են հերթական անգամ փոխել իրողությունները։ Իսկ ես հույս ունեմ, որ սկսված գործընթացը կհասնի տրամաբանական ավարտին, այն է՝ Ռուսաստանի հեռացումը Հայաստանից, ընդհուպ մինչև 102-րդ ռազմաբազա, ու ես հույս ունեմ, որ այդ գործընթացը առաջիկա մեկուկես տարվա ընթացքում կավարտվի։
Դավիթ Ստեփանյան
Հայաստանը չի ցանկանում սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որքան էլ ասեն, թե հարաբերությունները լարված են, ճգնաժամ է. Ստեփանյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը
– Պարո՛ն Ստեփանյան, հայկական ու ադրբեջանական կողմերը շարունակում են միմյանց մեղադրել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի՝ յուրաքանչյուրն իրեն ձեռնտու ձևով մեկնաբանելու համար, ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ է այս հարցը շարունակում արծարծվել այս համատեքստում, և ինչո՞ւ ընդհանուր հայտարարի գալ չի հաջողվում։
– Ես համաձայն չեմ, որ կողմերը շարունակում են արծարծել, շարունակում է Ադրբեջանը։ Հայաստանը ցանկանում է մոռանալ ոչ միայն 9-րդ կետի մասին, այլև ընդհանրապես նոյեմբերի 9-ի թղթի կտորի մասին, որովհետև Հայաստանի համար դա մղձավանջ է, որով վերջացավ 44-օրյա պայմանավորված պատերազմը, այնպես որ, այդ մասին անընդհատ փորձում է հիշել Ադրբեջանը։
Ինչու է հիշում, որովհետև Ադրբեջանն այլ հիմք չունի, որպեսզի Հայաստանից պահանջի փաստացի կապիտուլյացիա: Ես հատուկ չեմ ասում միջանցք, Ադրբեջանը պահանջում է Հայաստանից կապիտուլյացիա, ու դրա հիմքը նոյեմբերի 9-ին ստորագրած թղթի կտորն է, որը Փաշինյանը ճարահատյալ է ստորագրել, որովհետև այդ պահին, ես որքան հասկանում եմ, պատերազմը կանգնեցնելու այլ ելք չկար։
Սրա մասին է խոսքը, իսկ ԱԳՆ խոսնակի այդ պատասխանն էլ ընդամենը փորձ է Ադրբեջանին հիշեցնելու, որ իրականում այդ «փաստաթուղթը» վաղուց գոյություն չունի, այն առոչինչ է, որովհետև որևէ կետ չեն կատարել և՛ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը, հետևապես այդ մասին պետք է մոռանալ:
Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:
– Եթե այդպես է, ապա ինչո՞ւ Հայաստանը պաշտոնապես չի հրաժարվում այդ փաստաթղթից, ռուսական կողմն էլ բազմիցս, ի պատասխան այդպիսի դիտարկումների, ասում է՝ դե, հայկական կողմը պաշտոնապես հետ չի կանչել իր ստորագրությունը։
– Հայաստանը չի ցանկանում սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Որքան էլ ասեն, թե հարաբերությունները լարված են, ճգնաժամ է, բայց մենք տեսնում ենք, որ Փաշինյանը շատ հանգիստ գնաց Մոսկվա, հերթական անգամ այնտեղ զբաղվեց կլոունադայով, բայց հետո ռեալ արդյունքով վերադարձել է Հայաստան, մենք պետք է իրերն անվանենք իրենց անուններով։ Իսկ ռեալ արդյունքն ինձ համար, որովհետև ես այդ մասին վերջին երկու տարիներին առնվազն բազմիցս եմ խոսել, Իրանի հետ սահմանի վերահսկումն է Հայաստանի կողմից։
Այս ամենը, ինչ կատարվում է, ու փուլերով ռուսների դուրսբերումը հայ-իրանական ու հայ-թուրքական սահմանից, իրական քաղաքականությունն է, որը Ռուսաստանին դուրս է թողնում տարածաշրջանից։ Եթե Փաշինյանը զբաղվելու է կլոունադայով ու այդ խնդիրը լուծելու է, ես միայն կարող եմ ողջունել։ Սա է տեղի ունենում, կապիտուլյացիա տեղի չի ունենում, ինչը պահանջում են Ռուսաստանն ու Ադրբեջանը, այնպես, ինչպես գրված է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում:
Հայաստանն այն ժամանակ փաստացի համաձայնել է դրան, այդ փաստաթղթում գրված ամբողջ կետերը Հայաստանի կապիտուլյացիան է եղել՝ Ռուսաստանի մոդերացիայի ներքո։ Բայց քանի որ Ռուսաստանը չի կարողացել կատարել այդ ամենը՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, օբյեկտիվ պատճառը Ուկրաինան է, իսկ սուբյեկտիվը՝ Ռուսաստանում տիրող ռեժիմի անընդունակ լինելը։ Ստատուս քվոն, որը ձևավորվել է 2020-ին, արդեն չկա, հիմա ստատուս քվոն փոխվել է, որովհետև տարածաշրջան է վերադարձել Արևմուտքը, որովհետև Իրանը զբաղեցրել է հատուկ դիրք, որը կտրականապես համաձայն չէ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Դրա համար էլ Հայաստանը այդ ստատուս քվոյին համահունչ այլևս համաձայն չէ իրագործել այդ թղթի կտորը։
– Այսինքն՝ կարծում եք, որ այդ 9-րդ կետը չի՞ կատարվելու, որքան էլ Ռուսաստանն ու Ադրբեջանը դա պնդեն։
– 9-րդ կետը կարող է կատարվել մեկ դեպքում, եթե Ռուսաստանը վաղը ջախջախի Ուկրաինան, այն վերցնի իր տիրապետության տակ ու վերադառնա Հարավային Կովկաս իր ամբողջ հնարավորությունով, այսինքն՝ այդ դեպքում փոխվելու է ստատուս քվոն ոչ միայն տարածաշրջանում, այլև հետսովետական տարածքներում։ Այս դեպքում կարող է, այլ դեպքում՝ անհնար։
– Պարո՛ն Ստեփանյան, դուք 2025-ի հունվարի 1-ից Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի տեղակայումն ու ռուսների՝ այնտեղից դուրս գալը ռեալ արդյունք եք համարում, բայց ոմանց կարծիքով դա, իսկ հետո՝ հայ-թուրքական սահմանից ռուսների դուրսբերումը Հայաստանը գցելու է թուրք-ադրբեջանական աքցանի մեջ։ Այսպիսի մտահոգություն դուք չունե՞ք։
– Ես ոմանց կասեմ, որ Հայաստանը հայտնվել է Թուրքիայի ու Ադրբեջանի աքցանում՝ լինելով Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, ու դա եղել է հայ-ռուսական «ռազմավարական, դաշնակցային» հարաբերությունների տրամաբանական հետևանք։ Այս պարագայում ենք մենք հայտնվել այդ աքցանի մեջ ու, այո՛, 2020-ի նոյեմբերի 9-ին մենք եղել ենք թուրք-ռուս-ադրբեջանական աքցանի մեջ, իսկ հիմա այդ աքցանից շատ դանդաղ, բայց դուրս ենք գալիս։
Իսկ 9-րդ կետը՝ «Զանգեզուրի միջանցքը», Հայաստանի մասնատման գրավականն է, ու այստեղ նրանք փորձում են հերթական անգամ փոխել իրողությունները։ Իսկ ես հույս ունեմ, որ սկսված գործընթացը կհասնի տրամաբանական ավարտին, այն է՝ Ռուսաստանի հեռացումը Հայաստանից, ընդհուպ մինչև 102-րդ ռազմաբազա, ու ես հույս ունեմ, որ այդ գործընթացը առաջիկա մեկուկես տարվա ընթացքում կավարտվի։
– Ճի՞շտ եմ ձեզ հասկանում, որ հիմա Հայաստանի իշխանության վարած արտաքին քաղաքականությունն արդյունավետ է, ու դուք դա ողջունում եք։
– Ես ուզում եմ անպայման նշել, եթե այս ամենի տակ ստորջրյա խութեր չկան, ես դա միայն կարող եմ ողջունել, չեմ կարող հարյուր տոկոսով վստահ լինել, որ այս ամենի տակ չկան ինչ-որ պայմանավորվածություններ, ու վաղը, մեկ տարի հետո դրանք կյանքի կկոչվեն։ Եթե այս ամենի տակ չկա այլ բան, ես սա ողջունում եմ, որովհետև սա Հայաստանի ոտնահարված, ոչնչացված ինքնիշխանությանը միտված քաղաքականություն է, այստեղ կա ռազմավարություն։
Քրիստինե Աղաբեկյան
Հարցազրույցը՝ MediaLab.am կայքից։