Կարո՞ղ էին «ադրբեջանական ծագմամբ» մարդիկ հայտնվել Իսրայելում՝ առանց Բաքվի հատուկ ծառայությունների իմացության։
Հակոբ Բադալյան
Անառողջ «քիմիա». Թել Ավիվը կասկածում է Բաքվին
«Հարևանները մեզ հավաստիացրել են, որ իրենց տարածքը չեն տրամադրի Իսյարելին Իրանի դեմ հարվածի համար»,- հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին: Նրա խոսքը վերաբերո՞ւմ է նաև Ադրբեջանին: Իհարկե, Ադրբեջանն Իսրայելից Իրան ուղիղ ճանապարհին չէ, բայց նաև վաղուց գաղտնիք չէ, որ Ադրբեջանն Իսրայելի համար հենակետ է Իրանի դեմ հիբրիդային գործողությունների համար:
Հետևաբար, Բաքուն ևս հավաստիացրե՞լ է Իրանին, որ թույլ չի տա Իսրայելին օգտագործել իրեն: Այդ ֆոնին ուշագրավ է նախօրեին տարածված տեղեկությունը այն մասին, թե իսրայելական հատուկ ծառայությունները բացահայտել և ձերբակալել են Իրանի օգտին լրտեսություն իրականացրած ծագումով ադրբեջանցի 7 իսրայելցիների: Ըստ տեղեկության՝ նրանք Իրանին փոխանցել են բավականին մեծածավալ տեղեկատվություն Իսրայելի ռազմական և այլ նշանակության օբյեկտների մասին, որոնց մի մասն էլ դարձել է Իրանի հրթիռային զանգվածային հարվածի թիրախ:
Լրտեսական ցանցի բացահայտման մասին հայտարարությամբ Իսրայելի կառավարությունը թերևս նպատակ ունի այսպես ասած «ինքնարդարանալ» Իրանի հարվածի առնչությամբ, որը, ըստ ամենայնի, եղել է բավականին դիպուկ: Բայց հանգամանքը, որ ձերբակալվածներն «ադրբեջանական ծագման» են, բավականին հատկանշական է: Չի բացառվում, որ Թել Ավիվը Իրանի հարցում վերջին զարգացումների առնչությամբ դժգոհ է Բաքվի պահվածքից:
Կարո՞ղ էին «ադրբեջանական ծագմամբ» մարդիկ հայտնվել Իսրայելում՝ առանց Բաքվի հատուկ ծառայությունների իմացության: Թել Ավիվն ակնարկում է, որ Բաքուն բավարար ուշադրության չի՞ արժանացրել դա, թե՞ ավելին՝ իմացել է, բայց լռել: Ինչ «քիմիա» է այսօր Բաքու-Թել Ավիվ հարաբերություններում: Լրտեսների մասին տեղեկատվության կառուցվածքը հուշում է, որ այն այդքան էլ առողջ չէ:
Հոդվածը՝ 1in.am կայքից։