Անկախ Վրաստանում իշխանության հանգամանքից՝ Թբիլիսիի հետ դրական հարաբերության բացակայությունն էապես կհարվածի Ֆրանսիայի աշխարհաքաղաքականությանը, քանի որ Կովկասում միայն Հայաստանի հետ կղզիացած հարաբերությունը չի կարող լինել կենսունակ:
Հակոբ Բադալյան
Բախտորոշ օր Վրաստանում. ի՞նչ է սպասվում Հայաստանին
Վրաստանն այսօր ընտրում է նոր խորհրդարան: Այդ ընտրության ռեգիոնալ և անգամ աշխարհաքաղաքական բոխտորոշության մասին այս ընթացքում խոսվել է շատ: Վրաստանում նախընտրական դիմակայությունը եղել է սուր, ինչպես երբևէ: Գլխավոր հարցն այն է, թե ինչ իրավիճակ է լինելու հարևան ու Հայաստանի ռազմավարական գործընկեր երկրում ընտրությունից հետո: Խոսքը ոչ միայն զուտ հետընտրական ցնցումների առկայության կամ բացակայության մասին է, այլ ընդհանրապես խորհրդարանական ամբողջ ցիկլում Վրաստանում կյանքի կազմակերպման բնականոն ընթացքի:
Անխոս է, որ Հայաստանի համար գերկարևորը Վրաստանում կյանքի բնականոնությունն է, կայունությունը: Երևանը պետք է պատրաստ լինի աշխատել Վրաստանի որևէ իշխանության հետ՝ անկախ այդ իշխանության արտաքին քաղաքականությունից: Հայաստանը չէ այդ հարցը որոշողը, հարցը որոշողը Վրաստանի հանրությունն ու քաղաքական վերնախավերն են: Հայաստանի համար, անշուշտ, առավելագույն շահեկանությունն այն Վրաստանն է, որ բարվոք հարաբերություն ունի թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպայի հետ:
Դա էապես կբարձրացնի աշխարհաքաղաքական կարևոր նախագծերի առումով Հայաստանի նշանակալիությունն ու ներգրավվածության պրակտիկությունը: Անկասկած է, որ Վրաստանը Հայաստանի համար կարևոր ճանապարհ է թե՛ դեպի Ռուսաստան, թե՛ դեպի Եվրոպա: Այս ճանապարհները, սակայն, չեն սկսում միայն Հայաստանից և ոչ էլ անգամ Իրանից: Դրանք սկսում են Պարսից ծոցից կամ գուցե նույնիսկ այսպես ասած Գլոբալ հարավից:
Վրաստանը շատ կարևոր նշանակություն ունի այդ համատեքստում Հայաստանի ֆունկցիոնալ հեռանկարների համար, ըստ այդմ՝ Հայաստանն էապես շահագրգռված է հարևան երկրում նախընտրական կրքերի շուտափույթ հանդարտեցման և Վրաստանի կյանքը բնականոն հուն վերադարձնելու հարցում, ինչը կենթադրի Ռուսաստանի հետ դրական միտում նշմարող հարաբերության կայուն ծավալում, միաժամանակ Եվրոպայի հետ խաթարված հարաբերության հնարավորինս արագ վերականգնում:
Թվում է, որ աշխարհաքաղաքական սրվող դիմակայության պայմաններում դա իրատեսական չէ և Վրաստանի համար «կամ-կամ»-ն անխուսափելի է: Սակայն, այստեղ պատկերը բոլորովին միարժեք ու միաշերտ չէ, որովհետև Վրաստաննի հետ հարաբերության խաթարումը չի բխում նաև Եվրոպայի, կամ առնվազն Եվրոպայում մի շարք առանցքային դերակատարների շահերից: Եվ այդ շարքում առաջին հերթին, օրինակ, Ֆրանսիան:
Անկախ Վրաստանում իշխանության հանգամանքից՝ Թբիլիսիի հետ դրական հարաբերության բացակայությունն էապես կհարվածի Ֆրանսիայի աշխարհաքաղաքականությանը, քանի որ Կովկասում միայն Հայաստանի հետ կղզիացած հարաբերությունը չի կարող լինել կենսունակ: Շերտերն այդ իմաստով իրապես շատ են, և հեռանկարները՝ ոչ միարժեք: Ըստ այդմ՝ Վրաստանի հարցում սև կամ սպիտակ ապագայի վերաբերյալ դատողություններն ավելի շուտ թերևս բնորոշ են ժամանակի տեղեկատվա-քարոզչական պատկերին, քան իրերի բուն դասավորությանն ու դրանց բազմաթիվ նուրբ շերտերին:
Հոդվածը՝ 1in.am կայքից։