Միջազգային

Թուրքիան «Բացում Է Խաղաքարտերը»

Բացառված չէ, անշուշտ, որ Քյոլնի քրդական բողոքի ակցիային Իսրայելի դրոշները բարձրացրել են ոչ թե ՔԲԿ համակիրները, այլ թուրքական MITI-ի կողմից հավաքագրված սադրիչները։

Վահրամ Աթանեսյան

«Անադոլուն» հայտնում է հոկտեմբերի 28-ին Քյոլնում Քրդական բանվորական կուսակցության կազմակերպած հանրահավաքի մասին: Ցուցարարները դեմ են արտահայտվել ՔԲԿ-ն լուծարելու, Թուրքիայի դեմ զինված պայքարը դադարեցնելու և քրդամետ DEM կուսակցության միջոցով քաղաքական գործունեություն սկսելու գաղափարին:

Հանրահավաքը կազմակերպվել է Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի հայտարարությունից հետո, որ Թուրքիայում քրդական հարց երբեք չի եղել և չի լինելու, կա ահաբեկչությանը վերջ տալու առաջնահերթություն, և բոլորս պետք է միասնական լինենք։ Քյոլնի ցուցարարները հայտարարել են, որ անկախ Քուրդիստանի համար պայքարը շարունակվելու է:

Եվրոպական երկրներում ՔԲԿ-ն, այսպես ասած, «բջիջներ» միշտ ունեցել է և ունի: Նրանք պարբերաբար հանրահավաքներ, ցույցեր, պիկետներ են կազմակերպում: Հոկտեմբերի 28-ի Քյոլնի բողոքի ակցիան, սակայն, քրդական շարժման պատմության մեջ առաջինն է, երբ մի քանի տասնյակ մասնակիցներ բարձրացրել են Իսրայելի դրոշը:

Անդրադառնալով Բահչելիի առաջարկությանը, որ ՔԲԿ-ն պետք է լուծարվի, վերջ տա զինված պայքարին և ինտեգրվի Թուրքիայի քաղաքական համակարգին, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության աղբյուրը turkgazetesi-ին ասել է, որ հիմնական խնդիրը կայանում է նրանում, թե արդյոք քրդերը կշարունակե՞ն աշխատել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ:

Նույն օրը կայացել է Թուրքիայի կառավարության նիստը: Տարածված պաշտոնական հաղորդագրությունը վերստին մեջբերել է նախագահ Էրդողանի պնդումը․«Մենք թույլ չենք տա, որ մեր սահմանների մոտ ահաբեկչական պետություն ստեղծվի»: Իշխող կուսակցության աղբյուրը փաստացի բացահայտել է Անկարայի մտահոգությունը, որ ԱՄՆ-ը և Իսրայելը «ծրագրել են ստեղծել քրդական անկախ պետություն»:

Բացառված չէ, անշուշտ, որ Քյոլնի քրդական բողոքի ակցիային Իսրայելի դրոշները բարձրացրել են ոչ թե ՔԲԿ համակիրները, այլ թուրքական MITI-ի կողմից հավաքագրված սադրիչները: Նպատակը պարզ է՝ միջազգային հանրությանը համոզել, որ Թուրքիայի դեմ ՔԲԿ զինված պայքարի «հովանավորներն Իսրայելն է»: Այդ հարցում, իհարկե, մեղադրանքը փոխադարձ է. Նաթանյահուն ՀԱՄԱՍ-ի «հոգեհայր» է հայտարարում Թուրքիային:

Անկարան, այսպիսով, որոշակիորեն բացում է մերձավորարևելյան «փասիանսի խաղաքարտերը»: եթե Պաղեստինը ստանա ինքնիշխան պետության կարգավիճակ, ապա նույն իրավունքը կիրառելի է նաև քրդերի նկատմամբ: Պատահական չէ, որ Էրդողանը հիշեցրել է Սաքս-Պիկոյի համաձայնագիրը: Առաջին համաշխարհային պատերազմից հետո կար նաև քրդական պետություն ստեղծելու գաղափար:

Իսրայելի վարչապետ Նաթանյահուն Գազայի հատվածում և Լիբանանի հարավում պատերազմը հիմնավորում է ոչ միայն ինքնապաշտպանության իրավունքով, այլև «նոր Մերձավոր Արևելք ստեղծելու անհրաժեշտությամբ»:

Ո՞վ է «նոր Մերձավոր Արևելքի» շահառուն: Էրդողանը քննադատության սլաքներն ուղղում է Միացյալ Նահանգներին: Թուրքական մամուլի հրապարակումների ենթատեքստային գնահատականներից դատելով՝ նա ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին մասնակցել է ոչ թե տնտեսական, այլ բացառապես քաղաքական շահերից ելնելով: Թուրքիայի համար դա մի հարթակ է, որտեղ առկա է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի առաջին դեմքերի հետ ուղղակի շփման հնարավորություն:

Այդ երկրներից յուրաքանչյուրը Մերձավոր Արևելքում իր շահերն ու դրանք իրացնելու գործիքակազմ ունի, բայց նրանց «միավորում է» մի ընդհանուր նպատակ՝ թույլ չտալ, որ տարածաշրջանում ԱՄՆ-ն հեգեմոնիա հաստատի: Երևում է, սակայն, որ նույն երկրները նաև Մերձավոր Արևելքի նոր-օսմանական ստատուս քվոն են մերժում: Այդ բարդ իրավիճակից Թուրքիան փորձում է դուրս գալ ավելի ուժեղ: Դա հնարավոր կլինի մի դեպքում՝ եթե Իրանա-իսրայելական լայնածավալ պատերազմ սկսվի: Միջազգային փորձագետները, մինչդեռ, Իրանի և Իսրայելի հարաբերությունները գնահատում են որպես «սատիսֆակցիայի իրավիճակ»:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *