Միջազգային

Ի՞նչ Է Սպասվում Վրաստանին

Այժմ իրավիճակը շատ ավելի լուրջ է։ Իշխող կուսակցության՝ Կրեմլի հետ համագործակցության մեղադրանքները հնչում են վրացական հասարակության մեծ մասում, իսկ «Վրացական երազանքը» ինքն է բարձրացրել խաղադրույքները՝ ընտրություններից առաջ խոստանալով ճնշումներ ընդդիմության դեմ։

Լրագրող Ալեքսանդր Ատասունցևը Carnegie Politika-ի համար. «Երկու հանրաքվեի պատերազմը. Ինչ է սպասում Վրաստանին ընտրություններից հետո»:
 «Վրացական երազանքի» ուղերձը, ըստ որի՝ այս ընտրություններում վրացիները ընտրում են պատերազմի և խաղաղության միջև, ակնհայտորեն ավելի համոզիչ է եղել, քան ընդդիմության՝ Ռուսաստանի և Եվրամիության միջև ընտրության մասին պատումն: Վրաստանում այս տարվա խորհրդարանական ընտրությունները որակել են որպես երկրի պատմության ամենակարևորներից մեկը, և այդ գնահատմանը համաձայն էին թե՛ իշխող կուսակցությունը, թե՛ ընդդիմությունը։ Նրանք տարբերվում էին մեկ այլ հարցում՝ թե ինչն է խաղին դրված։ Ընդդիմությունը քվեարկությունը ներկայացնում էր որպես երկրի ապագայի հանրաքվե. Վրաստանը դառնալո՞ւ է ժողովրդավար Եվրոպայում, թե՞ ավտորիտար երկիր Ռուսաստանի ազդեցության ներքո։ Իշխող «Վրացական երազանքը» ճակատագրականությունն այլ կերպ էր ընկալում՝ նրանց համար դա պատերազմ և խաղաղություն ընտրության մասին էր։
Կողմերից յուրաքանչյուրը արդեն հայտարարել է իր հաղթանակի մասին, սակայն շատ բան է վկայում, որ այս բախման մեջ իշխող կուսակցության պատմությունը ավելի համոզիչ է գտնվել վրաց հասարակության համար։ Պատերազմի վախը գերակշռել է ընդդիմության բարդ կառուցվածքի նկատմամբ, որը, իր բաժանվածությամբ, վատ համընկնում էր այն պնդումներին, որ խոսքն երկրի ճակատագրի մասին է։
Չնայած Արևմուտքի հետ բախումներին, Ռուսաստանի հետ մերձեցման մեղադրանքներին, ավտորիտար կողմնորոշումներին և հետապնդումների խոստումներին, «Վրացական երազանքին», ըստ ամենայնի, հաջողվել է հաղթել ընտրություններում։ 2012 թվականից իշխող կուսակցությունը ստացել է, ըստ պաշտոնական տվյալների, մոտ 54% ձայն, ինչը նրան ապահովում է 150 տեղերից 89-ը խորհրդարանում։ Ըստ նույն պաշտոնական տվյալների՝ չորս ընդդիմադիր կուսակցություններն, անցնելով անցման շեմը, հավաքել են ընդհանուր 37% ձայն։ Ճշգրիտ տվյալների վստահելիությունը մեծ կասկածների տեղիք է տալիս՝ քվեարկությունից հետո գլխավոր թեման զանգվածային կեղծարարության մեղադրանքներն էին։ «Իմ ձայնը» կոչվող վրացի քաղաքացիական կազմակերպությունների միավորումը խիստ քննադատել է ընտրությունների պաշտոնական արդյունքները։ Դիտորդները հայտնաբերել են մի քանի քվեաթերթիկների տրամադրում քվեարկողներին, ներառյալ նախապես «Վրացական երազանքի» օգտին լրացված թերթիկները, քվեարկություն ուրիշների փաստաթղթերով և դիտորդների վախեցում, որի պատճառով «շատ դեպքերում ընտրությունները հետևելն անհնար էր»։ Քվեարկության արդյունքների կեղծման մասին կազմակերպության եզրակացությունները մեջբերել է Transparency International-ը։
Ընտրությունների խախտումները նշվել են նաև Վաշինգտոնում և Բրյուսելում։ «Մենք միանում ենք միջազգային և տեղական դիտորդների կոչերին՝ ամբողջական հետաքննություն անցկացնել խախտումների մասին բոլոր հաղորդումներին»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը նշել է «խաղի անհավասար պայմանները» և մտահոգություն հայտնել վերջերս ընդունված օրենքների՝ ընտրական գործընթացի վրա ունեցած ազդեցության վերաբերյալ։ Խոսքը, մասնավորապես, օտարերկրյա գործակալների մասին օրենքի մասին է, որը վերջնականապես ուժի մեջ մտել էր ընտրություններից մի քանի շաբաթ առաջ։ 
Ընտրությունների վերջնական արդյունքների անհամապատասխանության մասին մատնանշում են նաև էկզիտպոլների տվյալները։ Առավել խոշոր ընդդիմադիր հեռուստաալիքների պատվերով անցկացված հարցումների համաձայն՝ «Վրացական երազանքը» հավաքել է շուրջ 41-42% ձայն, իսկ ընդդիմության համակցված արդյունքը գերազանցել է 50%-ը։
Ընտրություններից առաջ անցկացված սոցիալական հարցումները ևս կանխատեսում էին ավելի ցածր աջակցություն իշխող կուսակցության համար։ Ըստ այդ տվյալների՝ «Վրացական երազանքը» պետք է հավաքեր 34-36% ձայն, իսկ ընդդիմադիրներին կանխատեսվում էր մեծամասնություն։ Սակայն Արևմուտքի կողմից ընտրությունների արդյունքների չճանաչման մասին խոսք դեռ չկա։ Միջազգային զեկույցների մեծ մասը պարունակում է անորոշ ձևակերպումներ՝ վրացական հասարակության բևեռացման ու տարանջատման մասին, ինչպես նաև լարված մթնոլորտի մասին քվեարկության օրը։ ԵԱՀԿ-ն նշել է խախտումներ, բայց ճանաչել է արդյունքները։ Կազմակերպությունում նաև նշել են, որ Վրաստանում ընդհանուր առմամբ նկատվում է «ժողովրդավարության նահանջ»։ Գերմանիայի ԱԳՆ-ն համաձայնել է այդ եզրակացություններին։
Ավելին, ԵՄ որոշ երկրներ արդեն շտապել են շնորհավորել «Վրացական երազանքին» հաղթանակի առթիվ։ Ընտրություններից անմիջապես հետո երկօրյա այցով Վրաստան է մեկնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Իհարկե, եվրոպական երկրների մեծամասնությունը պատրաստ չէ միանշանակ աջակցել «Վրացական երազանքին» ինչպես Օրբանը, սակայն Հունգարիայի վետոն առնվազն պաշտպանում է Վրաստանի իշխող կուսակցությանը ԵՄ-ի հնարավոր սահմանափակող միջոցներից։
Զանգվածային կեղծիքների մեղադրանքներն անպայմանորեն հիմնավորված են, սակայն չի կարելի ասել, որ «Վրացական երազանքի» հաղթանակը կառուցված է միայն դրանց վրա։ Իշխող կուսակցությունը բավական մեծ թվով կողմնակիցներ ունի, և այն ուղերձը, թե այս ընտրություններում վրացիները ընտրում են պատերազմի և խաղաղության միջև, ակնհայտորեն ավելի համոզիչ է եղել, քան ընդդիմության՝ Ռուսաստանի և Եվրամիության միջև ընտրության պատումը։
Անկախ նրանից՝ «Վրացական երազանքը» իրականում հավաքել է 42% թե 54% ձայն, դա այնուամենայնիվ շատ ավելի քիչ է, քան եվրաինտեգրացիան աջակցող վրացիների մասնաբաժինը, որը բոլոր հարցումների համաձայն մոտենում է 90%-ին։ Հետևաբար, իշխող կուսակցության օգտին քվեարկածների մեջ կան շատերը, որոնք պատրաստ կլինեին աջակցել Վրաստանի ինտեգրմանը ԵՄ։ Ընդհանրապես, հենց «Վրացական երազանքը» երբեք պաշտոնապես չի հրաժարվել եվրաինտեգրացիայի աջակցության գաղափարից։ «Եվրոպան միշտ եղել է Վրաստանի և վրացիների բնական ընտրությունը», – քվեարկության նախօրեին Euronews-ի հետ հարցազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
 «Վրացական երազանքի» հակասական դիրքորոշումը առավել մանրամասն ձևակերպել է նրա հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։ Միլիարդատերը կարծում է, որ Արևմուտքի հետ հարաբերությունները կկարգավորվեն, երբ ավարտվի Ուկրաինայի պատերազմը, ինչը, ըստ նրա, կարող է շատ շուտ տեղի ունենալ։ Իսկ մինչ այդ Թբիլիսին ստիպված կլինի պաշտպանել իր շահերը և խուսափել բախումներից Մոսկվայի հետ, նույնիսկ եթե դրանից տուժեն հարաբերությունները Եվրոպայի հետ։
Ընդդիմության՝ Ռուսաստանի և ԵՄ-ի միջև ընտրության մասին պատումն էլ թուլանում էր նրա իսկ մասնատվածության պատճառով։ 
«Վրացական երազանքի» դեմ ընտրարշավում մասնակցում էին մի քանի կոալիցիաներ և ավելի քան տասը կուսակցություններ, և անգամ անցողիկ շեմը հաղթահարել են միանգամից չորս ընդդիմադիր ուժեր։ Իշխանության հակառակորդների՝ միմյանց հետ համաձայնության չկարողանալը չէր համընկնում այն թեզի հետ, որ այս ընտրությունները կապված են ոչ թե այն բանի հետ, թե ով կղեկավարի երկիրը, այլ՝ նրա ապագայի. վաճառվելու է թշնամուն, թե կընտրի ազատությունը։
Միայն արշավի ամենավերջում ընդդիմությունը կարողացավ ցուցադրել որոշակի միասնություն՝ համաձայնելով ստորագրել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի առաջարկած «Վրացական խարտիայի» տակ։ Նրա էությունն այն էր, որ հաղթանակի դեպքում ընդդիմադիրները կչեղարկեն բոլոր օրենքները, որոնք խոչընդոտում են երկրի եվրաինտեգրացիային, ինչպես նաև 2025 թվականին կանցկացնեն արտահերթ ընտրություններ։ Բայց միասնական ծրագիրը չափազանց ընդհանուր և անորոշ էր, որպեսզի համոզեր զանգվածային ընտրողին։ Ընդդիմադիր կուսակցությունների անհամաձայնեցված մարտավարությունը երևաց նաև քվեարկությունից հետո։ Իշխանության հակառակորդներին իրենց հետագա պլանների մասին հայտարարելու համար ավելի քան մեկ օր պահանջվեց։ Ի վերջո, խորհրդարան անցած բոլոր ընդդիմադիր կուսակցությունները չճանաչեցին ընտրությունների արդյունքները։
Երկար քննարկումներից հետո ընտրությունների արդյունքները չճանաչեց նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ «Սա լիակատար կեղծիք և ձեր ձայների բռնագրավում էր», — հայտարարեց նա և կոչ արեց մարդկանց դուրս գալ բողոքի ցույցերի։ Նախագահի աջակցությունը ընդդիմության կողմից ընտրությունների արդյունքները չճանաչելուն ինստիտուցիոնալ արժեք է հաղորդում, բայց դա երկար չի տևի։ Զուրաբիշվիլիի լիազորությունները ավարտվում են արդեն այս տարի, իսկ հաջորդ նախագահին՝ 2017 թվականի սահմանադրական բարեփոխումների պատճառով, ընտրելու են ոչ թե համընդհանուր քվեարկությամբ, այլ ընտրիչների կոլեգիայով, որը բաղկացած է պատգամավորներից և մարզային ներկայացուցիչներից։
Թերևս, «Վրացական երազանքը», որն իր ժամանակին աջակցել էր Զուրաբիշվիլիին ընտրություններում, այս անգամ կկարողանա նախագահ դարձնել այլ թեկնածուի։ Ընդդիմության պլանը՝ փողոցն է, սակայն դժվար է հավատալ, որ նա կկարողանա իրականացնել հեղափոխություն։ Արդյունքները միջազգային հանրության կողմից կասկածի տակ չեն դրվել, իսկ «Վրացական երազանքը» մնում է ամենահայտնի ուժը երկրում։ Երկուսն էլ թույլ չեն տալիս իշխանափոխությունը փողոցային բողոքների միջոցով դարձնել բավականաչափ լեգիտիմ։ Սակայն սա չի նշանակում, որ Վրաստանը երկար ու մասշտաբային բողոքներ չի սպասում։ Վերջին տարիներին «Վրացական երազանքի» իշխանությունից դժգոհությունը բազմիցս արտահայտվել է Թբիլիսիի փողոցներում լայնածավալ և բուռն ցույցերի տեսքով։ Օրինակ, ընդամենը մի քանի ամիս առաջ հազարավոր դժգոհներ շաբաթներով բողոքում էին օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման դեմ։
Այժմ իրավիճակը շատ ավելի լուրջ է։ Իշխող կուսակցության՝ Կրեմլի հետ համագործակցության մեղադրանքները հնչում են վրացական հասարակության մեծ մասում, իսկ «Վրացական երազանքը» ինքն է բարձրացրել խաղադրույքները՝ ընտրություններից առաջ խոստանալով ճնշումներ ընդդիմության դեմ։ Սակայն կուսակցությունն ունի դեռ հնարավորություն մեղմելու իր հռետորաբանությունը. ամբողջ ընտրարշավի ընթացքում կուսակցությունը թողնում էր նահանջի տարբերակ՝ նշելով, որ ընդդիմության դատավարության սկսման համար անհրաժեշտ է սահմանադրական մեծամասնություն, որը նա այնուամենայնիվ չի ստացել։
Ներկայումս ամեն ինչ ցույց է տալիս, որ «Վրացական երազանքը», չնայած քննադատությանը, կարողացավ հաղթահարել հերթական ընտրությունները և շարունակելու է ղեկավարել երկիրը չորրորդ ժամկետով։ Բայց դեռ առջևում են փողոցային բողոքները, որոնց անկանխատեսելի ընթացքը կարող է իշխող կուսակցությանը մղել ճակատագրական սխալների։ 
Աղբյուրը`
Carnegieendowment.org

Թարգմանեց`Արայիկ Մկրտումյանը 

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *