Միջազգային

Մոսկվան Թուրքական Ուղղությամբ Վերագնահատում Է Անում

Ավելի վաղ Թուրքիան Ուկրաինայի մի քանի վնասված ռազմանավեր է վերականգնել եւ երկու նորը կառուցել: Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Թուրքիան Ուկրաինային նաեւ 155 միլիմետր տրամաչափի հրետանային արկեր է տրամադրում:

Վահրամ Աթանեսյան

Կազանում, երեւում է, Պուտին-Էրդողան բանակցությունները բարդ են անցել: Այդ հանդիպմանը, որին կողմերը եւ փորձագետները երկար էին սպասել, նախորդել է Սելջուկ Բայրաքթարի հայտարարությունը, որ Կիեւի մերձակայքում ԱԹՍ-երի արտադրության ձեռնարկության կառուցումն ավարտական փուլում է, եկող տարվա օգոստոսին արդեն պատրաստի արտադրանք կլինի:

Որ Թուրքիան Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերում է, ոչ ոքի համար գաղտնիք չէ. թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-երը Կիեւն օգտագործում է պատերազմի առաջին օրերին: Բայց սպառազինությունների մատակարարումը միշտ հնարավոր է բացատրել զուտ բիզնես շահերով, ինչը հնարավոր չէ ռազմա-արդյունաբերական համալիրի համատեղ ձեռնարկության դեպքում:

Ավելի վաղ Թուրքիան Ուկրաինայի մի քանի վնասված ռազմանավեր է վերականգնել եւ երկու նորը կառուցել: Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Թուրքիան Ուկրաինային նաեւ 155 միլիմետր տրամաչափի հրետանային արկեր է տրամադրում:

Այս տեղեկություններն, անշուշտ, Ռուսաստանի ռազմական հետախուզության, հատուկ ծառայությունների համար գաղտնիք չէին, նրանք, ամենայն հավանականությամբ, տիրապետում են այնպիսի գաղտնիքների, որ երբեք եւ ոչ մի պայմանով չեն հրապարակայնացվում: Բայց, երեւում է, ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթաժողովի նախօրերին Սելջուկ Բայրաքթարի հայտարարությունն, ինչպես ասում են, լցրել է Մոսկվայի համբերության բաժակը:

«Ցավոք, Անկարան շարունակում է ռազմական օգնություն ցուցաբերել Կիեւի վարչակազմին: Թուրքական զենքից ռուս զինվորականներ եւ խաղաղ մարդիկ են սպանվում»- թուրքական «Հյուրիեթին» հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը եւ հավելել, որ այդ համատեքստում ուկրաինական կարգավորմանը միջնորդելու Թուրքիայի ջանքերն «արտառոց են»:

ՌԴ արտգործնախարարը շատ պարզ եւ հանրամատչելի ասել է, որ Թուրքիան պատերազմում Ռուսաստանի թշնամի երկրին սպառազինություններ է մատակարարում, մեծացնում է նրա դիմադրողականությունը, ուստի կարգավորման բանակցություններում միջնորդ լինել չի կարող: Համենայն դեպս, պաշտոնական Մոսկվան Անկարային չի դիտում որպես չեզոք կողմ:

Ուկրաինական պատերազմի ավելի քան երկուսուկես տարում սա առաջին անգամ է, որ Ռուսաստանն արտաքին գործերի նախարարի մակարդակով ուղղակի քննադատություն է հնչեցնում Թուրքիայի հասցեին, այն էլ՝ Կազանում երկու երկրների առաջնորդների հանդիպումից ընդամենը մեկ շաբաթ անց:

Մոտ մեկ տասնամյակ է, ինչ Ռուսաստանը սկզբունքորեն խուսափում է Թուրքիայի հետ որեւէ տարաձայնություն հարպարակայնացնելուց: Միակ բացառությունն ընթացիկ տարեսկզբին թույլ է տվել Վլադիմիր Պուտինը, երբ բավական կոշտ ասել է, որ առեւտրային եւ բանկային կապերի սահմանափակումներից ավելի տուժելու է Թուրքիայի տնտեսությունը:

Այդ խնդիրը, կարծես, որոշակիորեն կարգավորվել կամ կարգավորման ընթացքի մեջ է: Կազանում Պուտին-Էրդողան բանակցություններից հետո մամուլը գրել է, որ նախնական համաձայնություն է ձեռք բերվել, որ Ռուսաստանը Սինոպում երկրորդ ատոմակայան կկառուցի, Թուրքիան նույնիսկ Ռուսաստանում կարագի դեֆիցիտը հաղթահարելու օգնության ձեռք է մեկնել, բայց արտգործնախարար Լավրովի քննադատությունը վկայում է, որ Մոսկվա-Անկարա հարաբերությունները չեն հաղթահարում այն նշաձողը, որ փորձում է սահմանել Ռուսաստանը:

Նույնիսկ ռուսաստանցի փորձագետներն են անուղղակի քննադատում Թուրքիայի նկատմամբ Պուտինի հանդուրժողականությանը եւ արդարացիորեն հարցնում, թե ի՞նչ է դրանից շահում Ռուսաստանը: Իրազեկ աղբյուրների գնահատմամբ՝ Վլադիմիր Պուտինի համար «չափազանց սկզբունքային է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում ընդհանուրից առանձնացող մոտեցում ունի»:

Որոշ հարցերում դա, իրոք, այդպես է: Բայց հարց է, թե այդ «ընդհանուրից առանձնացող մոտեցումը»Թուրքիան ինչու՞ է որդեգրել եւ ինչի՞ է ծառայեցնում: «Հյուրիեթին» հարցազրույցում Սերգեյ Լավրովի հնչեցրած քննադատությունից կարելի է ենթադրել, որ Մոսկվայում թուրքական ուղղությամբ արտաքին քաղաքականության վերագնահատում է տեղի ունենում: Իսկ Անկարայում սպասում են Վլադիմիր Պուտինի այցին, որ գրեթե մեկ տարի է՝ անոնսավորվում, ապա հետաձգվում կամ չեղյալ է հայտարարվում:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *