Բաքու չի այցելի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Դա քաղաքական լուրջ հարված է ոչ այքան ՄԱԿ-ի խորհրդաժողովին, որքան՝ Իլհամ Ալիեւի հեղինակությանը եւ նրա էներգետիկ ծրագրերին:
Վահրամ Աթանեսյան
Բաքվի COP-ի միջազգային նոմենկլատուրան Ադրբեջանի կառավարության՝ Կլիմայի հարցերով խորհրդաժողովի կազմակերպչական աշխատանքներին քաջատեղյակ աղբյուրը BBC-ի ադրբեջանական ծառայությանը հայտնել է, որ արդեն ստույգ է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքու չի մեկնի: Խորհրդաժողովին, սակայն, Ռուսաստանը կմասնակցի բարձր ներկայացուցչական պատվիրակությամբ, որ կգլխավոր վարչապետ Միշուստինը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին արեւմտյան գործընկերներին կոչ էր արել ամբողջովին բոյկոտել Բաքվի խորհրդաժողովը, եթե դրան մասնակցի Վլադիմիր Պուտինը: Նոյեմբերի 6-ի դրությամբ, սակայն, դեռեւս պարզ չի եղել՝ Ուկրաինայի նախագահն ինքը կմեկնի՞ Բաքու, թե՞ նախարարական մակարդակի պատվիրակությամբ կհարգի ՄԱԿ-ի ամենամյա միջոցառումը, թեեւ նա Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին խիստ քննադատության է ենթարկել ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին մասնակցության համար:
Ադրբեջանի կառավարության աղբյուրի հայտնած տեղեկության համաձայն՝ առայժմ ստույգ է, որ համաժողովի բացմանը ներկա կգտնվի Թուրքիայի նախագահ Էրդողանը, ինչպես նաեւ Իրանի նախագահ Փեզեշքիանը, Բաքվում կգտնվի նաեւ Պակիստանի վարչապետ Շարիֆը, որ Ադրբեջանի նախագահի հետ վերջերս է Իսլամաբադում բանակցություններ վարել եւ թուրքական աշխարհի հետ չափազանց սերտ հարաբերություններ ունի: Սպասվում է Բրազիալիայի նախագահի ներկայությունը, ինչն, ի դեպ, բավական արտառոց է, որովհետեւ ընդամենը երկու առաջ նա ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին ներկա չէր այն պատճառաբանությամբ, որ գլխապտույտներ ունի եւ բժիշկները խորհուրդ են տվել հեռավոր ճամփորդություններից ձեռնպահ մնալ:
Եվրոպական երկրների առաջնորդներից Բաքու իրենց այցելությունը հաստատել են Իտալիայի վարչապետ Մելոնին եւ Իսպանիայի վարչապետ Սանչեսը: Իտալիայի հետ Ադրբեջանը ոչ միայն կայուն տնտեսական հարաբերություններ, այլեւ ռազմա-տեխնոլոգիական բնագավառում համագործակցության լուրջ փորձ եւ ավանդույթներ ունի: Իլհամ Ալիեւը հաջողությամբ համագործակցում է նաեւ Սուրբ Աթոռի եւ Վատիկանի կառավարության հետ: Ո՞րն է Իսպանիայի վարչապետի Բաքու այցի մոտիվացիան՝ առայժմ դժվար է ասել: Բաքու կայցելի նաեւ Ալբանիայի վարչապետը:
Կլիմայի հարցերով Բաքվի համաժողովին, ինչ խոսք, կմասնակցեն տանյակ երկրների առաջնորդներ, կառավարության ղեկավարներ՝ տարբեր աշխարհամասերից: Ալիեւին իրենց աջակցությունը կհայտնեն հետխորհրդային Կենտրոնական Ասիայի երկրները: Կարծես թե կասկած չի հարուցում, որ Բաքու կուղեւորվի նաեւ Հունգարիայի վարչապետ Օրբանը: ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը միջազգային քաղաքական «եղանակ» է փոխել, բայց ստույգ է, որ Բաքու չի այցելի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Դա քաղաքական լուրջ հարված է ոչ այքան ՄԱԿ-ի խորհրդաժողովին, որքան՝ Իլհամ Ալիեւի հեղինակությանը եւ նրա էներգետիկ ծրագրերին: Չպետք է անտեսել, որ քառասունչորսօրյա պատերազմից հետո Ալիեւի միջազգային լեգիտիմացմանը չափազանց մեծ աջակցություն հենց Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լյայենն է ցուցաբերել՝ այցելելով Բաքու եւ ստորագրելով էներգետիկ համագործակցության համաձայնագիր, մի փաստաթուղթ, որ Ադրբեջանի նախագահի ձեռքին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ճնշումների, ագրեսիայի ինդուլգենցիա(մեղքերի քավության թերթիկ խմբ․) էր:
Բաքվում քննարկվելու են նաեւ էներգետիկ նախագծեր, Եվրահանձնաժողովի նախագահի բացակայությունը հուշում է, որ ԵՄ-ն ոգեւորված չէ Ադրբեջանի հետ համագործակցությունից՝ մեղմ ասած: COP29-ին չի մասնակցի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Բաքու չի մեկնի Գերմանիայի կանցլեր Շոլցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը, Կարլ 3-րդ թագավորը:
BBC-ի ադրբեջանական ծառայությունը համեմատել է անցյալ տարի Դուբայի խորհրդաժողովի մասնակիցների եւ Բաքու այցը հաստատած դեմքերի, այսպես ասած՝ նոմենկլատուրան(անվանակարգ, հաշվեցուցակ․ խմբ) եւ արձանագրել Ադրբեջանի համար իմիջային բազմաթիվ կորուստներ, ներառյալ համաշխարհային շոու-բիզնեսի աստղերին, որ Դուբայում ապահովել են «համաշխարհային ակումբի» առաջին դեմքերի հանգիստը, իսկ Բաքվում չեն լինի: Ալիեւը, երեւի, կդիմի նախկին փեսայի՝ ռուսաստանցի շոումեն եւ գործարար Էմին Աղալարովի օգնությանը: