Հարց է, թե Ռուսաստանի նախագահն ինչու՞ Դոնալդ Թրամփին շնորհավորանքի ուղերձ չի հղել կամ ինչու՞ մեկ օր առաջ նրա մամուլի քարտուղարը հավաստիացրել է, որ Պուտինը Թրամփին շնորհավորելու մտադրություն չունի: Ռուս-ամերիկյան հարաբերություններում մեկ օրվա մեջ էական ի՞նչ է փոխվել կամ Մոսկվան Վաշինգտոնից ի՞նչ ազդակ է ստացել, որ Վլադիմիր Պուտինը «Վալդայի» հարթակն օգտագործել եւ Դոնալդ Թրամփին, այնուամենայնիվ, շնորհավորել է:
Վահրամ Աթանեսյան
Պուտինը Թրամփին շնորհավորել է, բայց՝ «Վալդայ» ակումբի հարթակից։ Նոյեմբերի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեւական ընդմիջումից հետո ժամանել է իր հարավային նստավայր Սոչի եւ գումարել «Վալդայ» բանավիճային ակումբի հերթական հավաքը, որտեղ հանդես է եկել միջազգային քաղաքականության վերաբերյալ ընդարձակ ելույթով, որ արժանի է հատուկ վերլուծության:
Ուշագրավ է երեք հանգամանք: Ամիսներ ի վեր Ռուսաստանի նախագահը Սոչիում հանգստանալու եւ աշխատելու հնարավորությունից չէր օգտվում, գերադասում էր մնալ Կրեմլում կամ մերձմոսկովյան Նովո-Օգարեւ նստավայրում, հանգամանք, որ միջազգային մամուլում ենթադրությունների տեղիք էր տվել այն իմաստով, որ նրա անվտանգությունը Սոչիում լիովին երաշխավորված չէ, քանի որ ուկրաինական ԱԹՍ-երը Կրասնոդարի երկրամասը հաճախ են գրոհում: Ըստ երեւույթին, այս փուլում կամ խնդիրը կարգավորվել է ՀՕՊ եւ հակահրթիռային պաշտպանության նորագույն միջոցների ներդրմամբ, կամ՝ քաղաքական պայմանավորվածությամբ, որ կողմերը միմյանց բարձրագույն քաղաքական ղեկավարության դեմ հարձակում չեն գործի:
Երկրորդ հետաքրքիր փաստն այն է, որ Ռուսաստանի նախագահը «Վալդայ» ակումբի ձեւաչափով քննարկումներ նախաձեռնել է նույն օրը, երբ Բուդապեշտում գումարվել է Եվրոպական ժողովրդավարական ընկերակցության խորհրդաժողովը, որին մասնակցում են ԵՄ անդամ երկրների առաջնորդները, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները:
Բուդապեշտ է այցելել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս իմաստով ՌԴ նախագահը, կարծես, եվրոպական ընկերակցությանն ազդակ է հղում, որ ինքը քաղաքական եւ քաղաքակրթական մեկուսացվածության մեջ չէ, ունի միջազգային քաղաքականության եւ նոր աշխարհակարգի մասին սեփական պատկերացումները, որ աջակցություն են գտնում տասնյակ պետությունների առաջնորդների կողմից: Նա հանդես է եկել Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի կազմակերպման ռեսուրսով: Երրորդ եւ ըստ էության ամենակարեւոր հանգամանքը, որ «Վալդայ» ակումբի քննարկումներին բարձր տոնայնություն է հաղորդել, ՌԴ նախագահի ելույթի այս շեշտադրումն է.
«Օգտվելով առիթից, ես նրան (Դոնալդ Թրամփին) շնորհավորում եմ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Մենք ասել ենք, որ պատրաստ ենք աշխատել պետության ցանկացած առաջնորդի հետ, ում կընտրի ամերիկյան ժողովուրդը, եւ գործնականում դա այդպես է»:
Պուտինի ելույթին ունկնդիր լրագրողները նրա մամուլի քարտուղար Պեսկովին հարցրել են, թե կարելի՞ է համարել, որ ՌԴ նախագահը Միացյալ Նահանգների ընտրված նախագահին պաշտոնապես շնորհավորեց,- ինչին Կրեմլի խոսնակը պատասխանել է. «Այն, ինչ նախագահն ասում է, պաշտոնական է»:
Պեսկովն, անշուշտ, ճիշտ է, պետության ղեկավարի ցանկացած հայտարարություն նրա պաշտոնական տեսակետն է: Բայց հարց է, թե Ռուսաստանի նախագահն ինչու՞ Դոնալդ Թրամփին շնորհավորանքի ուղերձ չի հղել կամ ինչու՞ մեկ օր առաջ նրա մամուլի քարտուղարը հավաստիացրել է, որ Պուտինը Թրամփին շնորհավորելու մտադրություն չունի: Ռուս-ամերիկյան հարաբերություններում մեկ օրվա մեջ էական ի՞նչ է փոխվել կամ Մոսկվան Վաշինգտոնից ի՞նչ ազդակ է ստացել, որ Վլադիմիր Պուտինը «Վալդայի» հարթակն օգտագործել եւ Դոնալդ Թրամփին, այնուամենայնիվ, շնորհավորել է:
«Ներքին խոհանոցներում» եւ հատկապես հատուկ ծառայությունների մակարդակով ի՞նչ է քննարկվում՝ մեզ հասու չէ, բայց «Ուոլ սթրիթ ջոռնըլ» պարբերականը հրապարակել է ուկրաինական կարգավորման «Թրամփի պլանը»: Այն ՌԴ նախագահի համար գրավչություն հազիվ թե ունենա: Իսկ ռուսաստանյան հանրությունը Թրամփի հաղթանակը տոնում է բացառապես նրա համար, որ ԱՄՆ-ը կճանաչի Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը: Էական չէ, թե այդ նարատիվն ով եւ ինչու է ներշնչել:
Փաստ է, որ ԱՄՆ հանրապետական վարչակազմը կարող է պատերազմը դադարեցնելու հարցում ավելի վճռական եւ պահանջկոտ լինել, քան դեմոկրատներն էին: Այդ հեռանկարի նկատառմամբ Վլադիմիր Պուտինն, անշուշտ, չէր կարող պրագմատիկ չգտնվել: Նրան սպասում են բարդ, բազմափուլ բանակցություններ: Եւ եթե Թրամփի հանրապետական վարչակազմի հետ էլ չհաջողվի պայմանավորվել, ապա Ռուսաստանն, իրոք, միջազգային քաղաքականության մեջ կմնա մենակ: Եւ նրան արդեն չի օգնի անգամ հյուսիս- կորեական ընկեր Կիմը: