Գուցե կան առանձին անհատներ, որ իրավիճակի համար ցավում են, բայց նրանք չեն կարող բարձրաձայնել, որովհետեւ կարժանանան հանրային պարսավանքի, իշխանությունների կողմից կհալածվեն:
Վահրամ Աթանեսյան
Ադրբեջանում երիտասարդ թալիշ գիտնականին սպասվում է ցմահ ազատազրկում:
Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը բավարարել է նախաքննության մարմնի՝ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության, միջնորդությունը եւ չորս ամսով երկարաձգել թալիշ գիտնական Իգբալ Աբիլովի նախնական կալանքը: Այդ մասին “Թուրան”, գործակալությանը տեղեկացրել է նրա դատապաշտպան Ռովշանա Ռահիմովան:
Նրա գնահատամամբ՝ Աբիլովի նախնական կալանքի ժամկետը երկարաձգելու դատական որոշումն ապօրինի է, քանի որ քրեական գործն ինքնին անհիմն է: Իգբալ Աբիլովը էթնիկ թալիշ է, ունի Ադրբեջանի քաղաքացիություն, բայց մոտ տասը տարի մշտապես բնակվել է Մինսկում: Նախ ավարտել է Բելառուսի համալսարանի արեւելագիտության բաժինը, ապա՝ ասպիրանտուրան:
Նա Ադրբեջան էր այցելել՝ մասնակցելու հարազատներից մեկի հարսանյաց հանդեսին եւ ձերբակալվել է Բաքվի օդանավակայանում՝ Մինսկ թռիչքի ինքնաթիռ նստելուց րոպեներ առաջ: Աբիլովի դեմ, ըստ ադրբեջանական մամուլի հրապարակումների, քրեական գործ հարուցվել է երկու մեղադրանքով՝ պետական դավաճանություն եւ ազգամիջյան թշնամանքի քարոզ:
Առաջին մեղադրանքի հիմքում ադրբեջանական հատուկ ծառայությունները որպես ապացույց ներկայացրել են Մինսկից Աբիլովի տեսակապային հաղորդակցությունները Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի եւ Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող Գառնիկ Ասատրյանի հետ:
Աբիլովը եւ նրա դատապաշտպանը պնդում են, որ հայ արեւելագետների հետ քննարկումները բացառապես գիտական բնույթի են, երիտասարդ իրանագետը մասնագիտական խորհրդատվությունների կարիք է զգացել եւ դիմել է հայ փորձառու գիտնականների օգնությանը: Որեւէ այլ խոսակցություն նա Ոսկանյանի եւ Ասատրյանի հետ չի ունեցել:
Ըստ էության, Բաքվում Աբիլովի եւ հայ արեւելագետների տեսակապային հաղորդակցությունը որակվել է որպես Ադրբեջանի քաղաքացու կողմից “պետական դավաճանություն”: Ինչ վերաբերում է ազգամիջյան թշնամանքի հրահրմանը, ապա ադրբեջանական հատուկ ծառայությունները փաստացի հրապարակայնացնում են, որ էթնիկ փոքրամասնությունների հոգեւոր-մշակութային ժառանգության, նրանց կենցաղին, լեզվին, սովորույթների վերաբերող գիտական հրապարակումներն արգելված են:
Փաստ է, որ թալիշների մասին ուսումնասիրություններն Աբիլովը հրապարակել է արտերկրում: Ադրբեջանում, այդպիսով, նրան մեղադրում են թալիշների շրջանում ազգային ինքնություն քարոզելու մեջ, որովհետեւ դա կարող է թալիշների մոտ արթնացնել հանուն իրենց իրավունքների շարժում:
Որքան էլ արտառոց չհնչի, դատարանն Աբիլովի նախնական կալանքը չորս ամսով երկարաձգել է նույն օրը, երբ Եվրոպայի խորհրդի էթնիկ փոքրամասնությունների կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեն հրապարակել է Ադրբեջանի վերաբերյալ հերթական՝ հինգերորդ զեկույցը, որտեղ Բաքվի իշխանություններին կոչ է արվում փոքրամասնությունների լեզվով հանրակրթություն, մամուլի միջոցներ եւ հեռուստատեսային հաղորդումներ ապահովել: Ընդ որում, հատուկ կարեւորվում է, որ այդ իրավունքները պետք է սահմանվեն օրենքով՝ որպես միջազգային պարտավորություն:
Ալիեւյան վարչակազմը միջազգային կառույցների որեւէ խորհրդատվություն կամ հորդոր երբեւէ չի կատարել: Երիտասարդ թալիշ գիտնականի ճակատագիրը դրա վկայությունն է: Նրան սպասվում է քսան տարվա կամ նույնիսկ ցմահ ազատազրկում: Ու թեեւ բոլոր իրավապաշտպան կառույցներն Իգբալ Աբիլովին ճանաչել են քաղբանտարկյալ, Բաքվի իշխանությունները նրան կդապարտեն:
Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների հանդեպ անհանդուրժողականությունը համատարած, համակարգային է: Տեղի ոչ մի կազմակերպություն կամ անհատ գործիչ երբեւ՝ թալիշ երիտասարդին ազատ արձակելու մասին որեւէ ակնարկ իսկ չի արել: Գուցե կան առանձին անհատներ, որ իրավիճակի համար ցավում են, բայց նրանք չեն կարող բարձրաձայնել, որովհետեւ կարժանանան հանրային պարսավանքի, իշխանությունների կողմից կհալածվեն:
Եվրոպական ինստիտուտները, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանին, այս հանգամանքը պետք է աչքի առաջ ունենան. անհրաժեշտ է նախ ադրբեջանական հանրությունը ձերբազատել այլատյացությունից, ապա անդրադառնալ համամարդկային արժեքներին: Ալիեւյան իշխանության հիմքը մոլեռանդ այլատյացությունն է: Այդ իշխանությունը քարոզում է, որ Ադրբեջանի բոլոր քաղաքացիներն ադրբեջանցի են, նրանք ազգային ինքնությունը կարող են պահել միայն սեփական տանը:
Երկրի պետական-քաղաքական կյանքում էթնիկ բազմազանություն չկա եւ չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի գործող սահմանադրությունը կա, որը փաստացի պոլիէթնիկ երկրի համար սահմանել է ունիտար պետական կարգ: