Քաղաքական ուժերը հասկանում են, որ առանց արտաքին ներդրումների իրավիճակը կառավարել հնարավոր չէ: Իսկ ներդրումներ կարող է անել միայն Ռուսաստանը: Երկրորդ ճանապարհը Վրաստանի հետ հարաբերությունների քայլ առ քայլ կարգավորումը կարող է լինել:
Վահրամ Աթանեսյան
Աբխազիայի արդեն նախկին «նախագահ» Ասլան Բժանիան «մի քանի օրով» մեկնել է Մոսկվա: Այդ մասին նա լրատվամիջոցներին տեղեկացրել է անձամբ: Բժանիան մտադիր է մասնակցել «նախագահական» արտահերթ ընտրություններին, որ ենթադրաբար տեղի կունենան եկող տարվա փետրվարին:
Աբխազիայի նախկին դե-ֆակտո առաջնորդը քաղաքական հակառակորդներին մեղադրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ համագործակցության մեջ: Ըստ երեւույթին, նա ակնկալում է այդ մեղադրանքն օգտագործել Մոսկվայի հետ շփումներում, որպեսզի արտահերթ «ընտրություններում» աջակցություն ստանա: Ռուսաստանի պատկան մարմինները, սակայն, իրավիճակը համարում են «Աբխազիայի ներքին գործ» եւ վստահեցնում, որ «այդ երկրի» ներքաղաքական կյանքին չեն միջամտում: Ռուսաստանյան մամուլը բացահայտել է աբխազական ընդդիմության բոողքի պատճառ հանդիսացած, ռուս-աբխազական այսպես կոչված «ներդրումային համաձայնագրի» ամենասկզբունքային դրույթը:
Ըստ այդմ, եթե օտարերկրյա իրավաբանական կամ ֆիզիկական անձը կատարի երկու միլիարդ ռուբլու ներդրում, ապա նա կստանա Աբխազիայի տարածք անսահմանափակ քանակի շինանյութեր ներկրելու եւ աշխատուժ ներգրավելու իրավունք, կունենա էլեկտրաէներգիայի օգտագործման արտոնություն: Աբխազիայի կառավարությունը կպարտավորվի ութ տարի հետո նրան վերադարձնել վճարած ավելացած արժեքի հարկի կեսը: Համաձայնագիրը երկու միլիարդ ռուբլու ներդրում կատարող անձին իրավունք կվերապահի լինել հողի սեփականատեր: Այդ համաձայնագիրն ստորագրվել է հոկտեմբերին եւ նոյեմբերի 15-ին պետք է խորհրդարանական վավերացում անցներ, սակայն ընդդիմությանը հաջողվել է իրավական գործընթացը տապալել:
Իրավիճակը, սակայն, խիստ ինտրիգային է. պաշտոնավարման վերջին օրը Բժանիան համաձայնագիրը խորհրդարանական քննարկումից ետ չի կանչել, նման քայլ չի արել նա նրա հաջորդը: Ընդդիմությունը, որ ֆորմալ առումով Բժանիային հրաժարական է պարտադրել հենց այդ համաձայնագրի պատճառով, այն չեղարկելու կամ խորհրդարանական քննարկումից ետ կանչելու խնդիր չի առաջադրում: Աբխազիայում սոցիալ-տնտեսական ճգնաժամ է, ավելի քան հիսուն հազար մարդ գործազուրկ է, էլեկտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով, այդ թվում՝ մայրաքաղաք Սուխումում:
Քաղաքական ուժերը հասկանում են, որ առանց արտաքին ներդրումների իրավիճակը կառավարել հնարավոր չէ: Իսկ ներդրումներ կարող է անել միայն Ռուսաստանը: Երկրորդ ճանապարհը Վրաստանի հետ հարաբերությունների քայլ առ քայլ կարգավորումը կարող է լինել: Ըստ երեւույթին, փորձագիտական կարծիքները, որ Ռուսաստանը «Վրացական երազանք» իշխող կուսակցության հետ քննարկում է «կոնֆեդերատիվ Վրաստանի» նախագիծ կամ չափազանցված են, կամ քննարկումներ, իրոք, եղել են, բայց կողմերը շփման եզրեր չեն գտել:
Ամենավտանգավորը, թերեւս, այն է, որ Աբխազիայի քաղաքական ուժերը մրցակցում են ոչ թե քաղաքական հեռանկարի, այլ՝ տնտեսական եւ ֆինանսական հնարավորությունների համար: Ընդ որում, ոչ աբխազ բնակչության մոտեցումները հաշվի չեն առնվում: Վրացի փորձագետ Թենգիզ Աբլոյան համարում է, որ «տիտղոսային ազգի համախտանիշը Սուխումի գլխավոր խնդիրն է, որ մնում է չհաղթահարված»:
Իհարկե, այդ հավակնությունները հիմնականում սնուցվել են Ռուսաստանի կողմից: Բայց Մոսկվային այդպես էլ չի հաջողվել ձեւավորել աբխազական քաղաքական համակարգ, ամեն ինչ մնացել է միջկլանային պայքարի տիրույթում: Այդ է պատճառը, որ վերջին տասը տարիներին Աբխազիայում պետական երեք հեղաշրջում է տեղի ունեցել: Իրավիճակի բարդությունը նրանում է, որ հերթական սրացումը կարող է հանգեցնել միջէթնիկ բախումների՝ վտանգելով նաեւ մի քանի տասնյակ հազար հայերի կյանքը, իսկ ավելի խորքային իմաստով աբխազական դեգրադացիան հղի է Հարավային Կովկասում անկայունության սպառնալիքով: