Միջազգային

Լուկաշենկոն Պակիստանում Իշխանափոխությու՞ն Պիտի Աներ

Իրավիճակին ծանոթ աղբյուրների վկայությամբ՝ Իմրան Խանն իշխանությունից հեռացվել է Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ: Այդ իշխանափոխությունը շատ ծանր ազդեցություն է թողել թուրք-պակիստանյան համագործակցության վրա՝ նկատելիորեն բարդացնելով նաեւ Բաքու-Իսլամաբադ հարաբերությունները:

Վահրամ Աթանեսյան

Մամուլը բավական ուշացումով հայտնել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եռօրյա աշխատանքային այցով գտնվել է Պակիստանում: Տարածված պաշտոնական տեղեկատվությունը ստանդարտ է՝ կայացել են նրա բանակցությունները վարչապետ Շարիֆի հետ, այնուհետեւ քննարկումները շարունակվել են պատվիրակությունների ընդլայնված կազմով, ստորագրվել են տարբեր բնագավառներում համագործակցության, ինչպես նաեւ առեւտրա-տնտեսական եւ կոմունիկացիոն կապերի խորացման մասին համաձայնագրեր եւ հուշագիր:

Այդ այցին կարելի էր վերաբերվել որպես, իրոք, աշխատանքային ուղեւորության, եթե նույն օրերին Պակիստանի մայրաքաղաքում տեղի չունենային բողոքի զանգվածային ցույցեր, որ վերաճել են բախումների՝ դառնալով ավելի քան տասը մարդու սպանության պատճառ: Իսկ ամեն ինչ սկսվել է նրանից, որ կոռուպցիայի մեղադրանքով դատապարտված նախկին վարչապետ Իմրան Խանը դիմել է կողմնակիցներին եւ կոչ արել երկրի բոլոր նահանգներից շարժվել դեպի մայրաքաղաք Իսլամաբադ, տիրանալ կառավարական նստավայրին, իրեն բանտից ազատ արձակել եւ վերադարձնել իշխանության:

Նման իրադարձություններ աշխարհի ամենատարբեր երկրներում են տեղի ունենում, նախկինները միշտ եւ ամենուր ձգտում են վերադառնալ, վրեժխնդիր լինել, խոստանում են հաստատել արդարություն, սոցիալական հավասարություն, երկիրը հասցնել բարգավաճման: Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը բացառություն չէ:

Պարզապես աչքի է զարնում մի շատ էական հանգամանք. Իմրան Խանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից հետո երկրորդ օտարերկրյա առաջնորդն է, որի հետ Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելուց առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել եւ խորհրդատվություններ է անցկացրել:

Միջազգային հանրությունը 2022թ. փետրվարին այդ տեղեկատվությունն ընդունել է որպես ,,անամպ երկնքում որոտ,,: Բոլորի համար հասկանալի էր, որ Ռուսաստանը Պակիստանից ռազմական աջակցություն է խնդրել: Բայց Իմրան Խանը հայրենիք վերադառնալուց ընդամենը մեկ շաբաթ անց ենթարկվեց լրջագույն փորձության. Խորհրդարանում նրա գլխավորած կոալիցիան փլուզվեց, ապա քվեարկության դրվեց նրա վստահության հարցը: Խորհրդարանն Իմրան Խանին պաշտոնազրկեց եւ ենթարկեց տնային կալանքի:

Իրավիճակին ծանոթ աղբյուրների վկայությամբ՝ Իմրան Խանն իշխանությունից հեռացվել է Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ: Այդ իշխանափոխությունը շատ ծանր ազդեցություն է թողել թուրք-պակիստանյան համագործակցության վրա՝ նկատելիորեն բարդացնելով նաեւ Բաքու-Իսլամաբադ հարաբերությունները:

Եւ ահա այդ իրադարձություններից ավելի քան երկուսուկես տարի անց Իմրան Խանի տասնյակ հազարավոր կողմնակիցներ Բելառուսի նախագահի այցի օրերին հեղեղել են Իսլամաբադի փողոցները, ներխուժել կենտրոնական թաղամասեր եւ պահանջել, որ նախկին վարչապետը կալանքից ազատ արձակվի, վերստանձնի պաշտոնը:

Ի՞նչ առաքելությամբ է Բելառուսի նախագահը մեկնել Պակիստան: Բառացիորեն երկու շաբաթ առաջ նա գտնվել է Բաքվում, որտեղ էր նաեւ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը: Կլիմայի հարցերով միջազգային խորհրդաժողովի շրջանակներում տարբեր երկրների առաջնորդներ հարյուրավոր երկկողմ հանդիպումներ են ունեցել: Ոչինչ չէր խանգարում, որ Լուկշենկո-Շարիֆ բանակցությունները կայանային Բաքվում: Դա, գուցե, ավելի արդյունավետ կլիներ, որովհետեւ հնարավոր կլիներ ներգրավել նաեւ Իլհամ Ալիեւին:

Լուկաշենկոն գերադասել է Պակիստան մեկնել: Այդ այցը զուգորդվել է նախկին վարչապետին ազատ արձակելու պահանջով զանգվածային ակցիաներին: Բելառուսի նախագահը Պակիստանի գործող վարչապետին իշխանությունը Մոսկվայի առջեւ պարտավորություններ ստանձնած Իմրան Խանին փոխանցելու պահանջ դրե՞լ է: Նրա պակիստանյան ուղեւորությունը նախորդում է ՀԱՊԿ-ի գագաթաժողովին:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *