ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ընդդիմության Ընդդիմադիրը

Բայց այդ դեպքում ի՞նչ գործ ունի Գեղամ Նազարյանը «Հայաստան» խմբակցությունում։ Դեռևս 2021թ․ «Հայաստան» խմբակցությունից հայտարարել էին, որ գալիս են խորհրդարան «իշխանությանը օր ու արև չտալու համար»։ Այդ ողջ ընթացքում Գեղամ Նազարյանը եղել է «Հայաստան» խմբակցության անդամ։ Ինչպե՞ս է, որ նա մինչև հիմա նման հյատարարությամբ երբեք հանդես չի եկել, կամ «Հայաստան» խմբակցությունը մի՞թե երեք տարի չի հասկացել, որ իրենց պատգամավորներից մեկը այլ կարծիք ու տեսակետ ունի։ Մի՞թե այդ ամենը նոր երևույթ է։

Մեր Ուղին

Հայաստանի ներքաղաքական դաշտը շարունակում է մնալ խոշոր հաշվով անբովանդակ։ Բացի փոծադարձ մեղադրանքներից, որոնք, ըստ էության ոչ մի տեղաշարժ չունեն, առանձին որևէ բան չի կատարվում։ Եթե Հայաստանը լիներ Իսլանդիայի կամ Նոր Զելանդիայի նման խաղաղ ու «անդարդ» երկիր, գուցե ինչ որ տեղ հանդուրժելի լիներ այն անհեթեթությունը, որով զբաղված են ՀՀ քաղաքական դեմքերը։ Բայց, ունենք ինչ ունենք։ Առայժմ, բացի մանր մունր ինտրիգներից, այլ բան չկա։ Ամենաշատը, որ պատահում է, որևէ քաղաքական գործչի մասին հերթական «սենսսացիոն» տեղեկատվությունն է հրապարակվում, մի քանի օր քննարկվում, հետո մոռացվում ու հերթը հասնում է նոր բամբասանքներին։
Ներքաղաքական դաշտի հերթական աղմուկը վերաբերում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին։ Աղմուկի պատճառը պատգամավորի այն հայտարարությունն է, որ օրակարգում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, ինքը տեղյակ չէ, թե ովքեր են «այդ հարցը օրակարգ մտցրել»։ Գեղամ Նազարյանին նաև կես-բերան մեղադրում են Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ Հանոյ մեկնելու ժամանակ իշխանության ներկայացուցիչների հետ «ուրախ դեմքով» նկարվելու մեջ։
Գեղամ Նազարյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ինքը Ազգային Ժողովում է որպես ՀՀ պատգամավոր և առաջին հերթին փորձում է զբաղվել պետական հարցերով։ Հանոյ չի գնացել ժամանակ անցկացնելլու, այլ աշխատանքային այցով, ինչ վերաբերում է նկարվելուն, ապա դա այնպիսի մանր հարց է, որ նույնիսկ չարժե դրան անդրադառնալ և մյուս կողմից էլ զարմացավ, որ եթե նկարվելը «հանցանք է», ապա ինչո՞ւ նույն իշխանությունների հետ աշխատելը հանցանք չէ։ Ընդդիմադիր ու իշխանական պատգամավորները նույն շեքնում ու նույն դահլիճում են աշխատում, հարց ու պատասխան տալիս իրար, քննարկումներ կազմակերպում։ Այսինքն իրար հետ աշխատելը նորմալ է, իսկ նկարվելը ո՞չ։ Եթե ինքը Հանոյ այցի ժամանակ չնկարվեր, ուրեմն ամեն ինչ նորմա՞լ էր լինելու։ Կամ երբ արտասահմանցի լրագրողը գալիս և նկարահանում է, ապա մոտենա և ասի, գիտեք ինձ իրենց հետ մի նկարեք, մենք միմյանց չենք սիրում։ Դա անհեթեթ ու մանրախնդիր երևույթ է։ Ինչ վերաբերում է նրան, որ իշխանության հանդեպ ինքը բարեհաճ է, ապա պատգամավորն ասաց, որ իշխանության հետ աշխատելու տրամաբանությունը չի նշանակում, որ իշխանությունը չպետք է պատասխան տա իր գործած սխալների համար։ Ինքը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հենց այցի ընթացքում շատ է խոսել և բացատրել, որ իշխանությունները սխալ գծի վրա են, թեև ԱԺ նախագահը չի համոզվել։
Գեղամ Նազարյանը նշում է, որ ինքը խորհրդարան գնում է որպես պատգամավոր և պարտավոր է առաջին հերթին զբաղվել պետական հարցերի քննարկմամբ ու լուծմամբ, ոչ թե ինչ որ անձնական հարցրի լճացումով։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել էր նաև Գեղամ Նազարյանի այդ արտահայտությանը, որ «Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա» և նշել էր, որ 29 հոգանոց խմբից մեկ հոգու հակառակ կարծիքը որևէ նշանակություն չունի։ Պրն․ Խաչատրյանը այլ մանրամասներ չէր ասել և նշել էր, որ խմբակցության նիստ կլինի, կորոշվի նաև Գեղամ Նազարյանի հայտարարությունների հարցը։
Գեղամ Նազարյանին էր անդրադարձել նաև ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» խմբակցության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Նա նշել էր, որ մանդատ վայր դնելու մասին խորսակցություններ չկան, չեն եղել, եթե Գեղամ Նազարյանը դեմ է իր քաղաքական թիմի տրամաբանությանը, ապա կարող է հեռանալ խմբակցությունից, ինչ վերաբերում է մանդատ վայր դնել-չդնելուն, ապա, դա կախված է մարդու ներքին բարոյական համոզմունքներից ու գուցե ավելի պատշաճ կլիներ վայր դնել այս դեպքում։
Խոշոր հաշով ոչ մի ողբերգություն չկա։ Ընդամենը ընդիմադիր խմբակցության պատգամավորը հակառակ է խոսում իր թիմի գործունեության տրամաբանությանը։ Անկախ նրանից, թե Գեղամ Նազարյանը վայր կդնի մանդատը, թե ոչ, մի շարք հարցեր են ծագում, որոնք գուցե ինչ որ առումով լույս կսփռեն այս փոքրիկ, բայց նշանակալից իրարանցման վրա։
Իհարկե շատ ողջունելի է, որ պատերազմում որդի կորցրած ընդդիմադիր պատգամավորն այնքան կամային և ուժեղ է, որ մի կողմ է դնում իշխանության հանդեպ իր հասկանալի մերժողական պահվածքը, գուցե նաև զզվանքը ու պատրաստ է աշխատել իշխանության հետ պետական հարցերի լուծման համար։ Դա ինչ որ առումով բավական բացառիկ կարող է համարվել Հայաստանում, այն էլ հիմա, երբ սկզբունքորեն միմյանց թշնամիներ համարող քաղաքական իրականության մեջ ընդդիմադիր պատգամավորը այնքան լայնախոհ է, որ պատրաստ է իր անձնական հարցերը մի կողմ դնել հանուն պետական, ազգային շահերի։ Ինչ խոսք գովելի է, նույնիսկ խրախուսելի, թեև շատ զարմանալի, քանի որ «Հայաստան» խմբակցությունը մշտապես աչքի է ընկել իր ծայրահեղ թշնամական պահվածքով ու Գեղամ Նազարյանի հայտարարությունից հետո էլ այնտեղից հնչեցին մեկնաբանություններ, որ իրենց թիվ մեկ օրակարգը իշխանությանը հեռացնելն է։
Բայց այդ դեպքում ի՞նչ գործ ունի Գեղամ Նազարյանը «Հայաստան» խմբակցությունում։ Դեռևս 2021թ․ «Հայաստան» խմբակցությունից հայտարարել էին, որ գալիս են խորհրդարան «իշխանությանը օր ու արև չտալու համար»։ Անընդմեջ նիստերի բոյկոտներ, իրար վրա շշեր շպրտել, հայհոյանքներ, ծեծկռտուք, քաշքշուքներ։ Ահա սա է եղել վերջին տարիների ՀՀ ԱԺ պատկերը։ «Հայաստան» խմբակցությունը շատ հաճախ շաբաթներով ընդհանրապես ԱԺ չի ներկայացել, եղել է դրսում, զբաղվել է փողոցային պայքարով։ Այդ ողջ ընթացքում Գեղամ Նազարյանը եղել է «Հայաստան» խմբակցության անդամ։ Ինչպե՞ս է, որ նա մինչև հիմա նման հյատարարությամբ երբեք հանդես չի եկել, կամ «Հայաստան» խմբակցությունը մի՞թե երեք տարի չի հասկացել, որ իրենց պատգամավորներից մեկը այլ կարծիք ու տեսակետ ունի։ Մի՞թե այդ ամենը նոր երևույթ է։
Գեղամ Նազարյանը չէր կարող չիմանալ, որ իր այդ արտահայտությունը «Հայաստան» խմբակցությունում թշնամանքով է ընդունվելու։ Նա կամ ընդհանրապես պիտի ոչինչ չասեր, կամ՝ շատ ավելի շուտ ասեր, կամ էլ չանդամակցեր այդ դաշինքին։ Ուրեմն ինչո՞ւ հենց հիմա։
Իսկ գուցե ինչ որ բա՞ն է փոխվել։ Գուցե Գեղամ Նազարյանը հիասթափվել է խմբակցության անվերջ փողոցային պայքարից ու որոշել է մի կողմ դնել իր անձնական ցավը և աշխատել՝ չնայած իշխանության հանդեպ իր հակակրանքին՝ այսինքն անել այն, ինչի համար ընտրվել է։ Կամ գուցե «Հայաստան» խմբակցությունում այնքան էլ հաշտ չեն իրար հետ։ Գուցե ինչ որ հարցեր են առաջացել այս ընթացքում, գուցե այնստեղ հակընդդեմ կարծիքներ ու խումբ է ձևավորվել ու առայժմ տեսնում ենք միայն Գեղամ Նազարյանին։
Հատկանշական է, որ սա ընդդիմության առաջին խմորումը չէ։ Ընդդիմության որոշ ներկայացուցիչներ հեռախոսազանգերի ժամանակ հայհոյել են մյուսներին, հնչել են կարծիքներ, որ «կան մարդիկ, որ այստեղ չպիտի լինեն»։ ՀՀ խորհրդարանական ընդդիմությանը միակ միավորող բանը իշխանության հանդեպ արյունոտ վրեժխնդրության երազանք է, դրանից այն կողմ ոչինչ չի գնում, ընդդիմությունը պառակտված է ներքին ինտրիգներով, թշնամանքով ու փոծադարձ մեղադրանքներով։
Այս ամենի ֆոնին Գեղամ Նազարյանի հայտարարությունները բավական ողջամիտ են հնչում, թեև դեռևս անպատասխան են մնում մի շարք հարցեր, որոնք հավանաբար պատասխան կգտնեն մոտ ապագայում։ Արդյո՞ք սա ընդդիմությանն «վրիպակն է» իր կադրերի ընտրության հարցով, թե՞ ավելի կարևոր ու նշանակալից մի բան։
Ամեն դեպքում «Հայաստան» դաշինքն ու առհասարակ ընդդիմությունը մտածելու շատ բան ունեն։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *