Միջազգային

Անկախ Քողարկումից՝ Ադրբեջանը Մնում Է Բռնապետություն

Կլիմայի հարցերով միջազգային խորհրդաժողովն ավարտվել է, հյուրերն Ադրբեջանի մայրաքաղաքից հեռացել են ծանր տպավորությամբ, իսկ Իլհամ Ալիեւը ոչ միայն շարունակում է ճնշումները, այլեւ ավելի է խստացնում։ Որտե՞ղ է կոտրվելու «սեղմված զսպանակը»։

Վահրամ Աթանեսյան

Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի միջազգային խորհրդաժողովին ընդառաջ ԱՄՆ պետական դեպարտամենտը, ԵՄ անդամ մի շարք երկրներ, Եվրախորհրդարանը, ԵԽԽՎ-ն, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Բաքվի իշխանություններին հորդորել են քաղբանտարկյալներին ազատ արձակել, դադարեցնել այլախոհների եւ քաղհասատարակության ակտիվիստների դեմ հետապնդումները, վերջ տալ խոսքի ազատության եւ հավաքների անցկացման սահմանափակումներին։
Խորհրդաժողովի բացման խոսքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ Եվրոպան չպետք է միջամտի իր երկրի ներքին գործերին։ Նա Եվրախորհրդարանը եւ ԵԽԽՎ-ն անվանեց «քաղաքական կոռուպցիայի կառույցներ» եւ Եվրամիությանը մեղադրեց «երկակի ստանդներ կիրառելու» մեջ։ Ադրբեջանում ոչ մի քաղբանտարկյալ ազատ չի արձակվել, կալանավորված ոչ մի լրագրողի նկատմամբ քրեական հետապնդումը չի կասեցվել։ Բաքվի շրջանային դատարաններն, ընդհակառակը, տասնյակ անձանց կալանքը երկարաձգելու որոշումներ են կայացրել, ինչը նշանակում է, որ նրանք կդապարտվեն երկարաժամկետ ազատազրկման։
Նոյեմբերի 29-ին ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին իր բնակարանում մի քանի լրագրողների համար մամուլի ասուլիս է անցկացրել եւ հայտարարել, որ իշխանությունների ուղղակի հրահանգով համացանցային ծառայություն մատուցող ընկերությունը խզել է իր հետ պայմանագիրը եւ անջատել լարային կապը։ Քերիմլին տեղեկացրել է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ ինքը եւ ընտանիքի անդամները զրկված են նաեւ բջջային կապի հավելվածներն օգտագործելու հնարավորությունից։ Նրա եւ ընտանիքի անդամների բջջային հեռախոսներն օրվա մեջ սովորական զանգեր են կատարում եւ ընդունում ընդամենը մի քանի ժամ։
«Ես քաղաքական գործիչ եմ, կուսակցության ղեկավար եւ պետք է տեղյակ լինեմ իմ երկրում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, պետք է կարողանամ մշտական կապի մեջ լինել քաղաքական համախոհների, մամուլի ներկայացուցիչների, արտերկրի գործընկերների հետ, մինչդեռ հինգերորդ տարին է՝ անձնագիր չունեմ եւ զրկված եմ հանգամանքների բերումով արտասահմանում բնակվող երկու զավակներիս անգամ այցելելու հնարավորությունից»- ասել է Քերիմլին, որի խոսքը մեջբերում է Բաքվի «Թուրան» գործակալությունը։
Քերիմլին նաեւ անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործին։ Դատավարությունը, նրա ասելով, հետաձգվել է, քանի որ իշխանությունները խուսափել են համաժողովի օրերին նման քայլի դիմել։ Քերիմլին մեղադրվում է իր նախկին կուսակիցներից մեկին անձնական վիրավորանք հասցնելու մեջ։ Ադրբեջանում զրպարտությունը դեռեւս քրեորեն հետապնդելի արարք է համարվում։ Մեղադրանքի հիմքում ընկած է Քերիմլիի հայտարարությունը, որ Այդին Ալիեւը Ժողովրդական ճակատ կուսակցության շարքերից հեռացվում է, քանի որ համագործակցում է իշխանությունների հետ։
«Եթե դատարանը որոշի, որ իշխանության հետ համագործակցության բացահայտումը վիրավորում է մարդու արժանապատվությունը, ապա պատրաստ եմ կրել ամենախիստ պատիժը»- ասել է Քերմլին եւ ավելացրել, որ այդ դեպքում Ադրբեջանի բնակչության իննսուն տոկոսը պիտի իր արժանապատվությունը խոցված համարի, քանի որ քվեարկել է Իլհամ Ալիեւի օգտին։ Կլիմայի հարցերով միջազգային խորհրդաժողովն ավարտվել է, հյուրերն Ադրբեջանի մայրաքաղաքից հեռացել են ծանր տպավորությամբ, իսկ Իլհամ Ալիեւը ոչ միայն շարունակում է ճնշումները, այլեւ ավելի է խստացնում։ Որտե՞ղ է կոտրվելու «սեղմված զսպանակը»։
Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները հայտնում են մի քանի օր առաջ Ալիեւի նստավայրի մոտ բոողքի ակցիա են անցկացրել պատերազմի հաշմանդամ սպաները։ Նրանք բողոքել են, որ պահեստազոր են արձակվել՝ չստանալով սահմանված փոխհատուցումները։ Նրանք սպառնացել են, որ եթե խնդիրը չկարգավորվի՝ կդիմեն ինքնահրկիզման։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *