Գազայի հատվածում Իսրայելի գործած ավերածությունների ֆոնին, անշուշտ, ոչ ոք Նաթանյահուին օգնության ձեռք չի պարզի։
Վահրամ Աթանեսյան
Լիբանանի հարավում հրադադարի հաստատումից երկու օր անց “Հեզբոլլայի,, նորընտիր առաջնորդ Նաիմ Կասեմը, որ անվտանգության նկատառումներով Բեյրութից տեղափոխվել է Իրան, տեսաուղերձով դիմել է “դիմադրության շարժման,, մարտիկներին եւ իսլամական աշխարհին։ Նա ասել է, որ Իսրայելին չի հաջողվել լուծել իր առջեւ դրված ոչ ռազմական, ոչ քաղաքական խնդիրները։
Կասեմը խոստովանել է, որ Իսրայելը ֆիզիկապես հաշվեհարդար է տեսել “Հեզբոլլայի,, առաջնորդների եւ զինված խմբավորումների մի քանի հրամանատարի հետ, բայց ի պատասխան շատ ծանր հարվածներ է ստացել։ Կասեմի գնահատմամբ՝ “Հեզբոլլան,, պահպանում է մարտունակությունը, սպառազինությունների անհրաժեշտ քանակությունը, ոչ մի խնդիր չունի շարքերի համալրման հետ կապված եւ պատրաստ է “մինչեւ վերջնական հաղթանակ շարունակել սրբազան պատերազմը,,։
“Հեզբոլլայի,, քաղաքական առաջնորդի հայտարարության քաղաքական բաղադրիչն ավելի ուշագրավ է։ Նա ասել է, որ հարձակման անցնելով՝ Իսրայելը ռազմականից զատ հետապնդել է Լիբանանը քաղաքականապես մասնատելու, երկրի ամբողջականությունը տրոհելու եւ պետական համակարգը կաթվածահար անելու նպատակ, բայց դարձյալ մատնվել է լիակատար անհաջողության։
Իսրայելա-լիբանանյան հրադադարի համաձայնագրով նախատեսվում է, որ Լիբանանը վաթսուն օրվա ընթացքում պետք է նախագահ ընտրի, ինչը կնշանակի, որ երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է։ Թեեւ “Հեզբոլլան,, աշխարհի շատ երկրների կողմից ճանաչված է որպես արմատական իսլամադավան-ահաբեկչական կազմակերպություն, նա Լիբանանի ներքաղաքական կյանքի օրինական եւ բավական ազդեցիկ դերակատար է։
Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները՝ չափազանց բարդ է ասել։ Հրադադարի հաստատումից հետո առնվազն երկու միջադեպի կապակցությամբ Լիբանանի կառավարությունն Իսրայելին մեղադրանք է ներկայացրել։ Երուսաղեմում ընդդիմադիր կուսակցությունները քննադատել են հրադադարի համաձայնությունը։ Նրանք գտնում են, որ փաստաթուղթը “Հեզբոլլային,, վերակազմավորվելու, վերազինվելու եւ նոր հարձակումների նախապատրաստվելու ժամանակ է տալիս։
Իրականում հրեական հանրությունը հրադադարի համաձայնությանը կողմ է։ Եւ դա նույնիսկ իսրայելցի մեկնաբաններն են ընդունում։ Վերջին մեկուկես ամիսը հրեական պետության հյուսիսային եւ կենտրոնական շրջանների բնակչության համար պարզապես դժոխային իրավիճակ է ստեղծվել։ Հարյուր հազարավոր մարդիկ լքել են բնակավայրերը եւ ապաստանել Երուսաղեմի ու Թել-Ավիվի մերձակայքում։
Կառավարությունը, սակայն, չափազանց զգուշավոր է եւ տեղահանված բնակիչներին խորհուրդ է տվել վերադառնալ եկող տարվա փետրվարից սկսած։
Ըստ երեւույթին, Նաթանյահուն վստահ չէ, որ վաթսունօրյա հրադադարը կայուն կլինի եւ կերկարաձգվի։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ “Հեզբոլլայի,, արձակած հրթիռներից Իսրայելի հյուսիսում 500 բնակելի տուն հիմնովին ավերվել է, իսկ 1000-ը ենթակա է վերանորոգման։
Միայն բնակելի տների կառուցման եւ վերանորոգման ծախսերը կազմում են 3,5 միլիարդ շեկել։ Իսրայելական մեկ շեկելն արժե մոտ 0,3 ԱՄՆ դոլար։ Կառավարությունը որոշել է, որ երկու ծնող եւ չորս երեխա ունեցող ընտանիքը բնակության մշտական վայր վերադառնալու դեպքում կստանա 60 , իսկ միայնակ ամուսինները՝ 20 հազար շեկել դրամական միանվագ աջակցություն։
Իսրայելի կառավարությունը, հավանաբար գաղտնիության նկատառումներից ելնելով, չի հրապարակում, թե երկրի հյուսիսից կոնկերտ քանի՞ մարդ է էվակուացվել կամ կամավոր հեռացել համեմատաբար անվտանգ վայրեր։ Նաթանյահուի ռազմական կաբինետը միջազգային որեւէ կառույցի կամ այլ երկրի այդ հարցով չի դիմել։ Գազայի հատվածում Իսրայելի գործած ավերածությունների ֆոնին, անշուշտ, ոչ ոք Նաթանյահուին օգնության ձեռք չի պարզի։
Իսրայելի ռազմական կաբինետին մնում է “գոտին ձգել,, եւ ձեռնամուխ լինել տարհանված բնակչության վերադարձի հետ կապված հարցերի լուծմանը։ Իսկ դա շատ ծանր է ոչ միայն ֆինանսական, այլեւ քաղաքական առումով։ Եւ այս տեսակետից “Հեզբոլլայի,, առաջնորդի հայտարարության մեջ ճշմարտության բավարար չափաբաժին կա․ Իսրայելը բացահայտվել է որպես բավականաչափ խոցելի երկիր, որի գոյությունը պայմանավորված է ԱՄՆ հովանավորչությամբ եւ Պարսից ծոցի արաբական երկրների հանդուրժողականությամբ։
Համաարաբական –ընդհանուր-իսլամական մոբիլիզացիայի դեպքում Իսրայելի գոյությունը խիստ կասկածելի է։