Միջազգային

Թբիլիսիի Ցույցերը Հնարավորությո՞ւն Են Թե Ռիսկ

Վրաստանի այս քայլը նշանակում է գիտակցված հեռացում Արևմուտքից, ասում է Վրաստանի Քաղաքականության ինստիտուտի ղեկավար Կոռնել Կակաչիան. «[Վրացական երազանքն] այլևս չի ցանկանում ենթարկվել ԵՄ պայմաններին։ Փոխարենը, նրանք ձգտում են կենտրոնացնել իշխանությունը և համագործակցել ոչ լիբերալ պետությունների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը կամ Իրանը»։

The Economist. Թբիլիսիում հակառուսական մասշտաբային ցույցերը հիշեցնում են ուկրաինական Մայդանը
Արձագանքն ակնհայտ է թվում։ Կրեմլի կողմից աջակցվող օլիգարխը գրավում է իշխանությունը և խզում երկրի հարաբերությունները Եվրամիության հետ՝ առաջացնելով մասշտաբային բողոքներ։ Դիմակավորված ոստիկանները ծեծում են խաղաղ ցուցարարներին, ինչը ավելի շատ մարդկանց է բերում փողոցներ։ Նմանատիպ տեսարաններ էին տեղի ունենում Կիևի Մայդանի հեղափոխության ժամանակ 2013-14 թվականներին, որն ի վերջո 2022թ․ փետրվարին հանգեցրեց երկրի նախագահի տապալմանը։
Վերջին մի քանի օրերին նմանատիպ իրադարձություններ են տեղի ունենում Թբիլիսիում։ Տասնյակ հազարավոր ցուցարարներ ամեն գիշեր դուրս են գալիս փողոց։ Ոստիկանությունը ծեծել և արցունքաբեր գազով խեղդել է ցուցարարներին, որոնք շրջապատել էին խորհրդարանի շենքը և «կրակել» դրա ուղղությամբ հրավառություններով։ «Մեր ապագան գողանում են… Մենք բոլորս մեկ բան ենք ուզում՝ Եվրոպա, ոչ թե Ռուսաստան», — ասում է 29-ամյա Միխեիլ Մեսխին՝ ցույց տալով ամբոխին, որի շատ անդամներ հակագազներով էին։
Իշխանությունները դեռ վստահ են երևում, և դիտորդները կարծում են, որ Մայդանի ոճով փլուզման հավանականությունը փոքր է։ Կառավարությունը փաստացի գտնվում է Ռուսաստանում հարստացած միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ձեռքերում։ Վերջին 12 տարիներին երկիրը ղեկավարում է նրա կողմից հիմնադրված և մինչ օրս վերահսկվող «Վրացական երազանք» կուսակցությունը։
Հոկտեմբերի 26-ին «Վրացական երազանքը» հայտարարեց հերթական ընտրությունների հաղթանակի մասին։ Ընդդիմությունը անմիջապես մերժեց արդյունքները, բայց բողոքները նշանակալի չէին, իսկ կոպիտ կեղծիքների ապացույցներ չկային։ Սա մեղմեց միջազգային արձագանքը։ Շատերը կարծում էին, որ վրացիները դժկամությամբ հաշտվել են «Վրացական երազանքի» հաղթանակի հետ։ Պարզվեց, որ արձագանքը պարզապես ուշացած էր՝ բողոքները տարածվեցին Թբիլիսիից դեպի Բաթումի, Փոթի և Քութայիսի քաղաքներ, և 3.7 միլիոն բնակչություն ունեցող երկրի մեծ մասը գտնվում է ցույցերի մեջ։
Բողոքների շարժառիթը դարձավ կառավարության՝ Արևմուտքից հեռանալու ակնհայտ որոշումը։ Նոյեմբերի 28-ին Եվրախորհրդարանը ընդունեց բանաձև, որտեղ հայտարարեց, որ ընտրությունները «ոչ ազատ էին, ոչ էլ արդար», և կոչ արեց նոր ընտրությունների անցկացմանը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Քոբախիձեն դատապարտեց այս քայլը՝ այն համարելով միջամտություն երկրի ներքին գործերին։ Նա առնվազն մինչև 2028 թվականը սառեցրեց ԵՄ անդամակցության բանակցությունները և հայտարարեց, որ երկիրը հրաժարվելու է ԵՄ բյուջետային դրամաշնորհներից։ Վլադիմիր Պուտինը ողջունեց այս սառեցումը՝ գովելով «Վրացական երազանքի» «քաջությունը»։ Միացյալ Նահանգները, իր հերթին, սառեցրեց Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը։

Վրաստանի այս քայլը նշանակում է գիտակցված հեռացում Արևմուտքից, ասում է Վրաստանի Քաղաքականության ինստիտուտի ղեկավար Կոռնել Կակաչիան. «[Վրացական երազանքն] այլևս չի ցանկանում ենթարկվել ԵՄ պայմաններին։ Փոխարենը, նրանք ձգտում են կենտրոնացնել իշխանությունը և համագործակցել ոչ լիբերալ պետությունների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը կամ Իրանը»։
Իվանիշվիլին փորձել է վախեցնել վրացիներին՝ հիշեցնելով Ուկրաինայի օրինակը և զգուշացնելով, որ Արևմուտքի կողմն անցնելը կարող է Ռուսաստանին կրկին հարձակման մղել երկրի վրա, ինչպես 2008 թվականին։ Այդ վախեցնող քարոզչությունը վրացիներին բողոքի ցույցերից հետ չկանգնեցրեց։ ՆԳՆ տվյալներով՝ տուժել են 113 ոստիկաններ և այլ աշխատակիցներ։ Ոստիկանությունը կոշտ արձագանքեց՝ օգտագործելով արցունքաբեր գազ, ջրային թնդանոթներ և ռետինե փամփուշտներ։ Հարյուրավոր ցուցարարներ և լրագրողներ ձերբակալվել են, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներ։
Ցույցերը դժվար թե պարզապես ցրվեն, սակայն նրանց ակնհայտ առաջնորդ չկա։ Միակ միավորող կերպարը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին է, որի լիազորություններն ավելի շատ արարողակարգային են։ Նա հանդես է եկել ցուցարարների կողքին։ Բիձինա Իվանիշվիլին ցանկանում է փոխարինել նրան ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլու հետ, երբ Զուրաբիշվիլիի լիազորությունները լրան այս ամսվա վերջին։ Սակայն նոյեմբերի 30-ին նախագահը հայտարարել է, որ չի հեռանա մինչև նոր խորհրդարանական ընտրություններ չանցկացվեն։ Հաջորդ նախագահը պետք է ընտրվի խորհրդարանի կողմից, սակայն Զուրաբիշվիլին պնդում է, որ նոր ընտրված խորհրդարանը ոչ լեգիտիմ է։
Չնայած Վրաստանը լիակատար ճգնաժամի մեջ է, երկրի ներսում խոշոր անկարգություններ դեռ չկան։ Միայն մի քանի դեսպաններ և միջին աստիճանի պաշտոնյաներ են հրաժարական տվել։ Ոստիկանության մեջ դավաճանության նշաններ չկան, իսկ ՆԱՏՕ-ի կողմից պատրաստված բանակը մնում է իր զորանոցներում։ «Վրացական երազանքը» ամուր վերահսկում է պետական ռադիոհեռուստատեսությունը և այն օգտագործում է գյուղական բնակավայրերում ընտրողների վրա ազդելու համար։
«Մեզ համար գաղտնիք է մնում, թե ինչու կառավարությունը ձեռնարկեց նման բացահայտ հակաեվրոպական քայլ… Բայց ես չեմ կարծում, որ դա սխալ հաշվարկ է։ Նրանք գործում են չափազանց հաշվենկատ և լավ են հասկանում իրավիճակը», — ասում է մեկ արևմտյան դիվանագետ։
▪️Ցույցերը, սակայն, կարծես թե անհանգստացրել են վարչապետ Իրակլի Քոբախիձեին։ Խառնաշփոթ մամուլի ասուլիսի ժամանակ նա պնդել է, որ ԵՄ-ի հետ բանակցությունները «չեն սառեցվել» (թվում է, որ նա նախընտրում է «հետաձգվել» տերմինը) և հայտարարել է, որ կառավարությունը «անելու է ամեն հնարավորը», որպեսզի մինչև 2030 թվականը Վրաստանը հասնի ԵՄ անդամակցության։ Սակայն սա քիչ հավանական է, որ կհանգստացնի ամբոխին։ Չնայած Մայդանի բողոքի ցույցերի արձագանքներին, վրացական կառավարությունը շատ ավելի պաշտպանված տեսք ունի։ «Ոստիկանությունը կարծես ուրախ է ամեն գիշեր նույն խաղը խաղալ՝ անկարողության զգացումով ծեծելով մարդկանց», — նշում է Թբիլիսիում գտնվող արևմտյան մի դիտորդ։ Չկան «որևէ նշաններ, որ [Վրաստանի առաջնորդները] մտադիր են փոխել ուղղությունը»։ Իսկ շատ վրացիների համար Ուկրաինայի հետ նմանություններն ավելի շատ մտահոգության, քան հույսի աղբյուր են։
Աղբյուրը՝ the Economist

Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *