Ապստամբների ամենահզոր խմբավորումը սուննիական իսլամիստական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումն է, որը Սիրիայում «Ալ-Քաիդա»-ի նախկին մասնաճյուղն է։ Նրա առաջնորդ Աբու Մուհամմեդ ալ-Ղոլանին խոստացել է պաշտպանել Սիրիայի կրոնական փոքրամասնությունները, սակայն շատերը շարունակում են վախենալ ապստամբներից։
Reuters
Սիրիայի ապստամբները հայտարարում են, որ սկսել են մուտք գործել Համա քաղաք
Սիրիայի ապստամբները այսօր հայտարարել են, որ սկսել են ներթափանցել Համա՝ խոշոր քաղաք, որտեղ կառավարամետ ուժերը, որոնք աջակցություն են ստանում Ռուսաստանի ինտենսիվ ավիահարվածներից, փորձում են կանխել ապստամբների հերթական հաղթանակը և կանգնեցնել նրանց արագ առաջխաղացումը։ Ապստամբների հրամանատար Հասան Աբդուլ Գանին սոցիալական ցանցերում հայտնել է, որ ապստամբները սկսել են մուտք գործել Համա։ Ավելի վաղ պետական ԶԼՄ-ները հայտնել էին, որ կառավարամետ ուժերը հետ են մղել գրոհը։
Ապստամբները փորձում են մուտք գործել Համա երեքշաբթի օրվանից։ Այս գիշեր տեղի են ունեցել ծանր մարտեր Սիրիայի բանակի և Իրանի աջակցությամբ գործող զինված խմբավորումների միջև, որոնք պաշտպանվում են Ռուսաստանի ավիահարվածներով, ինչպես հայտնել են երկու կողմերը։
Ապստամբները նախորդ շաբաթ գրավել են խոշոր հյուսիսային քաղաք Հալեպը և այդ ժամանակվանից ի վեր շարժվում են հարավ՝ իրենց հյուսիսարևմտյան անկլավից։ Երեքշաբթի նրանք հասել են Համայի հյուսիսում գտնվող ռազմավարական կարևոր բլրին և չորեքշաբթի օրը մոտեցել քաղաքի արևելյան և արևմտյան ծայրամասերին։
Համան ամբողջ քաղաքացիական պատերազմի ընթացքում, որը սկսվել է 2011 թվականին որպես նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ապստամբություն, մնացել է կառավարության վերահսկողության տակ։ Քաղաքի անկումը ցնցում կառաջացնի Դամասկոսում, ինչպես նաև նրա ռուսական և իրանական դաշնակիցների շրջանում։ Քաղաքը գտնվում է Հալեպից Դամասկոս տանող ճանապարհի մոտ մեկ երրորդի վրա, և նրա գրավումը կբացի ճանապարհը ապստամբների համար՝ առաջանալու Հոմս՝ Սիրիայի կենտրոնական խոշորագույն քաղաք, որը համարվում է խաչմերուկ, որ կապում է երկրի ամենախիտ բնակեցված շրջանները։ Համան նաև կարևոր նշանակություն ունի երկու խոշոր քաղաքների վերահսկողության համար, որտեղ ապրում են կրոնական փոքրամասնություններ՝ Մուհրադա՝ քրիստոնյաների մեծ համակենտրոնացում ունեցող քաղաք, և Սալամիա՝ մուսուլման իսմայիտիների մեծ բնակչությամբ։
Ապստամբների ամենահզոր խմբավորումը սուննիական իսլամիստական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումն է, որը Սիրիայում «Ալ-Քաիդա»-ի նախկին մասնաճյուղն է։ Նրա առաջնորդ Աբու Մուհամմեդ ալ-Ղոլանին խոստացել է պաշտպանել Սիրիայի կրոնական փոքրամասնությունները, սակայն շատերը շարունակում են վախենալ ապստամբներից։
Չորեքշաբթի օրը Ղոլանին այցելել է Հալեպի պատմական բերդը՝ խորհրդանշական պահ ապստամբների համար, որոնք 2016 թվականին քաղաքից վտարվել էին երկարատև պաշարման և ինտենսիվ մարտերի արդյունքում՝ կրելով պատերազմի իրենց ամենախոշոր պարտությունը։
«Հայաթ Թահրիր ալ-Շամը» և այլ ապստամբական խմբավորումներ փորձում են ամրապնդել իրենց գերիշխանությունը Հալեպում՝ ենթարկելով այն իրենց հյուսիսարևմտյան անկլավում ստեղծված այսպես կոչված «Փրկության կառավարության» վարչակազմին։
Վերջին շաբաթվա ընթացքում ռուսական ավիահարվածներն ապստամբների կողմից վերահսկվող հյուսիսային շրջանների վրա կտրուկ աճել են։ Իրաքյան և սիրիական աղբյուրների համաձայն՝ Իրանի աջակցությամբ գործող զինված խմբավորումները Իրաքից մարտիկներ են ուղարկել երկուշաբթի օրը՝ սահմանը հատելով՝ ուժեղացնելու ճակատային գծերը։
Աղբյուրը՝
https://www.reuters.com/world/middle-east/syrian-rebels-say-they-have-begun-enter-crucial-city-hama-2024-12-05/
Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը