ՄԵՐ ՈՒՂԻՆ

ՀՅԴ-ը ՔՊ-ին Ավելի Շատ Է Ատում, Քան Բոլշևիկներին

Չնայած նրան, որ ՀՅԴ-ը սկզբունքային հակասություններ ունի բոլշևիկյան վարչաձևի նկատմամբ, այնուամենայնիվ, ՀՅԴ առաջնահերթությունը ոչ թե բոլշևիկների վարչակարգի բռնի տապալումն է, այլ հայ ժողովրդի զարգացման և բարգավաճման ձգտումը։ Վրացյանը բառացի ասում է, որ եթե «սրանց հետաքրքրե իրական գործը և ոչ թե կուսակցական ԵՍ-ը, լավատես հույսերը կարող են իրականանալ»։ Վրացյանը նաև ասում է, որ համակերպման և ինքնաժխտման քաղաքականությունը ՀՅԴ-ինը չի եղել երբեք և չի էլ լինի։

Մեր Ուղին

Պատմության հեգնանքն այն է, որ, հաճախ, երբ հետ ես շրջվում, նկատում ես դեպքեր, իրադարձություններ, կերպարներ ու պահվածք, որ սկզբունքորեն հակառակ են որևէ երևույթի մերօրյա կերպարին։ Շատ հաճախ այդ տարբերություններն այնքան ակնհայտ են, որ այլևս հասկանալի չէ, թե դրանցից ո՞րն է իրական, և որը մեկը դրա կեղծ կրկնօրինակը։ Արտաքուստ դրանք նման են իրար անունով, դրոշով, ընդհանուր խոսքերով, բայց երբ խորանում ես գործողությունների մեջ, նկատում ես, որ դրանցից մեկը իրականն է, մյուսը, ասես նրա մութ երկվորյակը։
Հայաստանի ներքաղաքական կյանքում ևս կան երևույթներ, որոնց անցյալն իսկ իր ողջ էությամբ հակառակ է նրանց մերօրյա ներկայի։ Այս դեպքում խոսքը վերաբերում ՀՅԴ-ին և նրա ներկայի ու անցյալի համեմատությանը, ընդ որում զարմացնող համեմատությանը։
Դրօշակի 1925թ․ թիվ 2 համարում կարող ենք կարդալ ՀՅԴ անդամ, Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի «Մեղադրանքներ և իրողություններ» հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է ՀՅԴ-ԿԿ հարաբերություններին՝ բացատրելով, որ դաշնակցականների և բոլշևիկների հարաբերությունները քանդված և ոչնչացված են միայն ու միայն այն պատճառով, որ բոլշևիկների, ամեն ինչ մերժող քաղաքականությունը, չի հանդուրժում որևէ մեկի հետ աշխատելու հնարավորությունն անգամ։ Վրացյանը հոդվածում նշում է, թե քանի պատվիրակություն է 1918-20թթ․ ընթացքում ուղարկվել Մոսկվա՝ հարաբերությունները ճշտելու և կանոնավորելու համար, որ ՀՀ-ը միակ պետությունն էր տարածաշրջանում, որտեղ բոլշևիկները ազատ գործելու իրավունք և հնարավորություն ունեին։ Նախկին վարչապետը նաև հստակ ասում է, որ բոլշևիկները, որ Հայաստանում լիակատար ազատություն էին վայելում, անցան հակապետական գործողությունների՝ մայիսյան ապստամբությունը սկսելով ու իշխանության միակ տարբերակը նրանց ձերբակալելն ու չեզոքացնելն էր որպես հակապետական տարրի։
Սիմոն Վրացյանը անդրադառնում է նաև ՀՅԴ-ԿԿ գաղափարաբանական տարբերություններին՝ նշելով, որ եթե ՀՅԴ համար հայ ժողովրդի դատը, ժողովրդի իրավուքներն իր պայքարի համար, ժողովրդավարությունը առաջնային են, ապա բոլշևիկների համար ազգերն ընդամենը հում վառելանյութ են համաշխարհային հեղափոխության համար, ուստի անհնար է դառնում այս երկու հոսանքների հարաբերությունները։
Բայց Սիմոն Վրացյանն իր այդ հոդվածում խոսում է նաև այն մասին, որ, ՀՅԴ-ը երբեք թշնամական վերաբերմունք չի ունեցել դեպի կոմունիստները և այսօր էլ պատրաստ էր աշխատել նրանց հետ, եթե բոլշևիկները հանդուրժեին այլակարծությունը։ ՀՅԴ-ԿԿ հարաբերությունները, ըստ Սիմոն Վրացյանի, կարող էին դասավորվել որպես իշխանություն և ընդդիմություն ու դրան խանգարողը բոլշևիկներն են, ոչ թե ՀՅԴ-ը։ Հոդվածագրի համոզմամբ՝ չնայած նրան, որ ՀՅԴ-ը իր ողջ էությամբ հակառակ է բոլշևիզմին, բայց, հաշվի առնելով, որ բոլշևիկները փաստական իշխանություն են Հայաստանում և դա, ինքնին ընդունվում է ժողովրդի մեծամասնության կողմից, նշանակում է պետք է հարգել այդ ընտրությունն ու իրականությունը։ Չնայած նրան, որ ՀՅԴ-ը սկզբունքային հակասություններ ունի բոլշևիկյան վարչաձևի նկատմամբ, այնուամենայնիվ, ՀՅԴ առաջնահերթությունը ոչ թե բոլշևիկների վարչակարգի բռնի տապալումն է, այլ հայ ժողովրդի զարգացման և բարգավաճման ձգտումը։ Վրացյանը բառացի ասում է, որ եթե «սրանց հետաքրքրե իրական գործը և ոչ թե կուսակցական ԵՍ-ը, լավատես հույսերը կարող են իրականանալ»։ Վրացյանը նաև ասում է, որ համակերպման և ինքնաժխտման քաղաքականությունը ՀՅԴ-ինը չի եղել երբեք և չի էլ լինի։
Վրացյանը երևի շատ կզարմանար, եթե իրեն ասեին, որ կանցնի մոտ յոթ տասնամյակ և ՀՅԴ-ը հնարավորություն կունենա վերադառնալ նորաստեղծ ՀՀ և շուրջ երեք տասնամյակ կվարի անհասկանալի քաղաքականություն, որ անընդհատ կոալիցիայի մեջ կմտնի ու դուրս կգա նույն իշխանության հետ։ Նաև կզարմանա, որ ՀՅԴ-ում ոմանք կհարստանան, իսկ շատ դաշնակցականներ՝ ոչ, կզարմանա, որ ՀՅԴ-ը բնակչության շրջանում 5 տոկոս քվե անգամ չի կարողանում ստանալ, կզարմանա, որ ՀՅԴ-ը, առանց ՀՀԿ հովանավորության դուրս մնաց ԱԺ-ից։
Բայց Վրացյանը նաև կզարմանա այն բանից, որ ՀՅԴ-ը ոչ միայն կորցրել է իր մեծ հեղինակությունը, այլև մի կերպ ԱԺ ընտրությունները հաղթահարում է, այն էլ միայն մեծահարուստ նախկին ՀՀ նախկին նախագահի թիմի հետ մեկտեղ ու ԱԺ է գալիս մեկ օրակարգով՝ իշխանությանը խանգարելու, նրան հեռացնելու նպատակով։ Վրացյանը գուցե նաև զարմանար, որ ՀՅԴ-ը շուրջ երեք տարի փողոցային ցույցերի է մասնակցում ու ոչ մի արդյունքի չի հասնում։ Սիմոն Վրացյանը ոչ միայն կզարմանա, այլև չի հասկանա, թե ի վերջո ի՞նչ է պատահել, որ ՀՅԴ հեղինակությույնն այդքան ընկել է։ Չի հասկանա, թե ինչպե՞ս է, որ ՀՅԴ-ը ընդունում է քվեարկության արդյունքները, մտնում է ԱԺ, բայց կարող է ամիսներով փողոցային ցույցի մասնակցել, ԱԺ չգնալ, բայց աշխատավարձ ստանալ։ ՈՒ էլի շատ ու շատ բաներ։
Բայց հետաքրքիր է, թե արդյո՞ք ներկայիս դաշնակցականները ծանոթ են Վրացյանի այս կամ այն տողերին, որտեղ վերջինս հստակ նշում է, որ պատրաստ են աշխատել ցանկացածի հետ, միայն թե հնարավոր լինի հայ ժողովրդի համար ինչ որ լավ բան անել։ Հայտնի է, որ ՀՅԴ-ը Նիկոլ Փաշինյանին համարում է Արցախի կորստի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն, որոշ դեպքերում նաև Արցախի կորստի գլխավոր կազմակերպիչներից ու հովանավորներից մեկը։ Այս ամենը մեղադրանքներ են, կարծիքներ, ենթադրություններ, բայց Սիմոն Վրացյանը ոչ թե ենթադրություններով, այլ փաստերով գիտեր, որ Արցախը և Նախիջևանը բոլշիկները իրենք են հանձնել ադրբեջանցիներին, որ Կարսը, Սուրմալուն, Իգդիրը բոլշևիկներն են տվել Քեմալին, որ դաշնակցական և ոչ դաշնակցական բազմաթիվ զինվորական ու մտավորական հատվածին կացնահարել են հենց բոլշևիկներն ու նրանց մսագործ կամակատարները։ Բայց, չնայած այդ ամենին, Սիմոն Վրացյանը, ով պատահական մարդ չէր ՀՅԴ-ում, այլ կուսակցական մեծ լիդեր, մեծ հեղինակություն ունեցող անձ, պատրաստ էր աշխատել բոլշևիկների հետ, թեկուզ որպես քաղաքական ընդդիմություն, չսիրելով բոլշևիկներին, ատելով նրանց, չընդունելով նրանց քաղաքական գաղափարախոսությունը։ Ընդ որում աշխատել, ոչ թե մտածել, թե ինչպե՞ս նրանց իշխանությունից գլորել։ Վրացյանը ասում է, որ փորձենք հնարավորության դեպքում այնպես անել, որ բոլևիկների թերությունները հնարավորինս քիչ ազդեն ժողովրդի վրա, իսկ առավելություններից՝ առավելագույնս օգուտ քաղել՝ նույն ժողովրդի համար։
Ուրեմն ինչո՞ւ էր Սիմոն Վրացյանը պատրաստ աշխատել բոլշևիկների հետ, իսկ ներկայիս ՀՅԴ-ը՝ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ոչ։ Սիմոն Վրացյանն անհասկացո՞ղ էր, դավաճա՞ն էր, պատեհապա՞շտ, թե ինչ որ անինքնասեր ու անսկզբունք թուլամորթի մեկը, որ մանդատ ստանալու սիրույն պատրաստ էր մոռանալ այն հայրենազրկումն ու արյունոտ բաղնիքը, որ բոլշևիկներն իրականացրին հայերի գլխին։ Ընդ որում Սիմոն Վրացյանը նաև պատրաստ է «կուլ տալ» այն նվաստացումը, որ ինքը որպես քաղաքական գործիչ՝ ունեցավ Առաջին Հանրապետության գոյության վերջին օրերին՝ որպես տապալված կառավարության ղեկավար, որպես պարտություն ստորագրող կառավարության ղեկավար, որպես իշխանությունը ստիպված բոլշևիկներին հանձնող ուժի ղեկավար։ Բայց նա այդ ամենին պատրաստ էր միայն հանուն մի բանի՝ հայ ժողովրդի ու նրա շահերի։ Վրացյանը նաև հասկանում էր, որ անկախ ամեն ինչից, Սևրի պայմանագիրն արդեն անցյալում է, ապագան՝ անհայտ, ուրեմն պետք է ժամանակ չկորցնել, րոպե առաջ սկսել աշխատել, թեկուզ և ատելով բոշևիկներին։ Ավելի՜ն, 1921թ․ ապստամբության ժամանակ ՀՅԴ-ը նույնիսկ Թուրքիայից էր օգնություն ակնկալում՝ ընդդեմ բոլշևիկների, ուրեմն ի՞նչ Փետրվարյան ապստամբության հեղինակները սրիկաներ ու դավաճաննե՞ր էին, թե այնքան մեծ պատասխանատվություն ունեցող, որ պատրաստ են ամեն ինչի՝ Հայաստանի առջև ծառացած խնդիրները լուծելու համար՝ նույնիսկ թշնամու հետ աշխատելու։ Տեղին է հիշել նաև ՀՅԴ լիդերներից Ռուբեն Տեր-Մինասյանի այն արտահայտությունը, որ եթե հայրենիքի շահը պահանջում է, ապա պետք է սեղմես նաև թշնամուդ ձեռքը, եթե անգամ այդ ձեռքը թաթախված է քո հոր արյամբ։ Դաշնակցականները մոռացե՞լ են այս ամենը, թե հրաժարվում են այդ ամենից։ Այդ դեպքում էլ ինչո՞վ են դաշնակցական, միայն երգերով ու դրոշո՞վ։
Ուրեմն ի՞նչ է ստացվում։ Այսինքն հին դաշնակցականները լա՞վը չէին, թե՞ նորերի հետ ինչ որ բան այն չէ։ Ընդ որում ներկայիս ՀՅԴ-ը մի տեսակ մոռանում է, որ երկու տասնամյակից ավել եղել են ԱԺ-ում, եղել են իշխանության մաս ու իրենց բաժին մեղքն ունեն Արցախի ճակատագրում, որովհետև այդ քսան և ավել տարիների ընթացքում աջակցել են թալանչիների ու կեղեքիչների իշխանությանը ու չեն նպաստել երկրի հզորացմանը։ Բայց այսօր ՀՅԴ-ը ինքն իրեն չի մեղադրում, նա միայն այլ մեղավոր է գտնում։
Իհարկե Նիկոլ Փաշինյանն իր թիմով Արցախի ճակատագրի գլխավոր պատասխանատուներից է, որովհետև իր իշխանության օրոք է այդ ամենը տեղի ունեցել։ Իշխանությունը ևս ունի հսկայական սխալներ, թերություններ ու վրիպումներ, բայց գուցե ավեի լավ կլինի թշնամության փոխարեն փորձել միասի՞ն աշխատել։ Մանավանդ որ դու ևս քո բաժինն ունես ընդհանուր մեղքի մեջ։
Իսկ գուցե ՀՅԴ-ը ՔՊ-ին ավելի շատ է ատում, քան բոլշևիկների՞ն։ Բայց դա արդեն հրաժարում է Դաշնակցության լայնախոհությունից ու մեծությունից։ Հրաժարում է ընդհանուր իրականությունից ու պատասխանատվության բաժնից։ Հրաժարում է լրջությունից։

Աղբյուրը՝ Tert.nla

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *