Իսրայելի ռազմական կաբինետի նիստից մամուլի հիմնական տպավորությունն այն է, որ Նաթանյահուի կառավարությունը «չի հանդուրժի եւ թույլ չի տա, որ Իրանը Սիրիայում ռազմական ուղղակի ներկայություն հաստատի»: Արաբական աղբյուրների տվյալներով՝ իսրայելական կործանիչներն արդեն իսկ ստիպել են, որ Իրանից Դամասկոս թռչող ռամա-տրանսպորտային ինքնաթիռները «վերադառնան բազավորման օդանավակայաններ»:
Վահրամ Աթանեսյան
Դեկտեմբերի 5-ին, գրեթե նույն ժամերին, երբ Թուրքիայում գումարվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարագի ամենաառանցքային հարցը վերաբերվել է Սիրիայում իրավիճակին եւ կարգավորման թուրքական տեսլականին, Իսրայելի վարչապետ Նաթանյահուն հրավիրել է ռազմական կաբինետի նիստ:
Մինչ այդ, ինչպես իսրայելական լրատվամիջոցներն են հայտնում, պաշտպանության նախարար Կացի եւ ԳՇ պետ Հալիեւի գլխավորությամբ իրավիճակը քննարկել են զինվորականները: Այնուհետեւ նրանց միացել են Ընդհանուր անվտանգության ծառայության եւ «Մոսադի» ղեկավարները:
Ընդհանուր առմամբ արձանագրվել է, որ Սիրիայում իրավիճակն Իսրայելի համար մտահոգիչ է: «Վարչապետ Նաթանյահուն մինչեւ ապստամբական ուժերի հարձկման անցնելն ուղղակի զգուշացրել է Բաշար Ասադին, որ Իրանի եւ «Հեզբոլլայի» հետ Սիրիայի կապերի ամրապնդումը կրակի հետ խաղ է»,- գրում է իսրայելական vesty.go.il կայքը:
Ըստ լրատվամիջոցի՝ «Երուսաղեմում ուշի-ուշով հետեւում են Սիրիայի իրադարձություններին, բայց չեն արձագանքի՝ ելնելով ազգային անվտանգության նկատառումներից»: Այլ աղբյուրներ, մինչդեռ, հայտնում են, որ Իսրայելի օդուժը Սիրիայի տարածքում «ռազմական նշանակության ենթակառուցվածքներ է ոչնչացնում, որպեսզի գրոհայինների տրամադրության տակ ոչ կոնվենցիոնալ սպառազինություններ չհայտնվեն»:
Իսրայելի ռազմական կաբինետի նիստից մամուլի հիմնական տպավորությունն այն է, որ Նաթանյահուի կառավարությունը «չի հանդուրժի եւ թույլ չի տա, որ Իրանը Սիրիայում ռազմական ուղղակի ներկայություն հաստատի»: Արաբական աղբյուրների տվյալներով՝ իսրայելական կործանիչներն արդեն իսկ ստիպել են, որ Իրանից Դամասկոս թռչող ռամա-տրանսպորտային ինքնաթիռները «վերադառնան բազավորման օդանավակայաններ»:
Նաթանյահուի կառավարությունը մտահոգված է, որ, ընդառաջելով ռազմական օգնության մասին Սիրիայի կառավարության խնդրանքին, Իրանը ոչ միայն Ասադի զորքերին կաջակցի, այլեւ «կապի նոր ուղիներ կստեղծի, որպեսզի վերազինի լիբանանյան «Հեզբոլլային» եւ նախապատրաստի Իսրայելի դեմ պատերազմի»: Հետախուզական ծառայություններին մոտ աղբյուրների տեղեկացվածությամբ՝ Երուսաղեմում «գտնում են, որ ուկրաինական պատերազմում հյուծված Ռուսաստանը Սիրիային օգնելու ռեսուրսներ չունի եւ հանուն Ասադի իրեն կրակի մեջ չի նետելու»:
Իսրայելը միաժամանակ խիստ զգուշանում է, որ Սիրիայում թուրքամետ ուժերը կարող են շարժվել նաեւ Դամասկոսի ուղղությամբ եւ մոտենալ հրեական պետության սահմաններին: Ռազմական կաբինետի գնահատմամբ՝ «իսլամ ջիհադականների զինված ներկայությունը սպառնալիք է»:
Այսպիսով, Նաթանյահուի կառավարությունը սպառնալիք չի տեսնում Ռուսաստանին, համարում է, որ Ասադի «ռեժիմը չափազանց թույլ է» եւ վտանգ է տեսնում Սիրիայում ինչպես Իրանի, այնպես էլ Թուրքիայի ռազմական ներկայությունից: Իրավիճակի հետագա բարդացման դեպքում, բացառված չէ, թուրքամետ եւ Իրանի հովանու ներքո գործող ռազմական խմբավորումները կարող են զինված հակամարտության մեջ մտնել: Այդ դեպքում ու՞մ կաջակցի Իսրայելը: Գուցե՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՞ն: