Միջազգային

Ի՞նչ Են Խոսել Զելենսկին Եւ Թրամփը

Ո՛չ Թրամփը, ո՛չ Ուկրաինայի հարցով զբաղվող նրա մերձավոր պաշտոնյաները չեն նշել, թե ինչպես են պատկերացնում խնդրի լուծումը, ինչպես նաև չեն պարզաբանել՝ ինչ երաշխիքներ է պահանջում Ուկրաինան որևէ կարգավորման շրջանակներում։

Reuters

Զելենսկին ներկայացրել է անվտանգության երաշխիքների հիմնավորումները Թրամփի հետ հանդիպման ժամանակ
Վլադիմիր Զելենսկին օգտագործել է իր առաջին հանդիպումը Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ-ում կայացած ընտրություններից հետո՝ բացատրելու համար Ուկրաինայի անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը՝ ցանկացած բանակցային եղանակով հակամարտության կարգավորման դեպքում։ Այս մասին հայտնել են երկու աղբյուրներ, որոնք տեղյակ են եղել դեկտեմբերի 7-ին Փարիզում տեղի ունեցած հանդիպմանը։
Reuters-ը զրուցել է հանդիպման վերաբերյալ տեղեկացված հինգ մարդկանց հետ։
Չորս մարդու խոսքերով՝ երեք առաջնորդները, որոնք զրուցել են 35 րոպե առանց խորհրդականների, չեն քննարկել որևէ խաղաղության կոնկրետ ծրագիր։ Սակայն Թրամփը կրկնել է, որ ցանկանում է անհապաղ հրադադար և բանակցություններ՝ հակամարտությունը շուտափույթ ավարտելու համար։ Հանդիպումը տվեց առաջին հուշումները, թե ինչպես կարող են ընթանալ հակամարտության դադարեցման բանակցությունները։ Այնուամենայնիվ, գործընթացը, որում պետք է ներգրավվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, կունենա բարդություններ, իսկ ԱՄՆ-ի դերը դեռևս անհստակ է։
Աղբյուրներից մեկի խոսքերով՝ Թրամփն իրեն դրսևորել է բարեկամաբար, հարգալից և բաց՝ կարծես պատրաստ լինելով լսել զրուցակիցներին։ Ո՛չ Թրամփը, ո՛չ Ուկրաինայի հարցով զբաղվող նրա մերձավոր պաշտոնյաները չեն նշել, թե ինչպես են պատկերացնում խնդրի լուծումը, ինչպես նաև չեն պարզաբանել՝ ինչ երաշխիքներ է պահանջում Ուկրաինան որևէ կարգավորման շրջանակներում։ Սա Կիևում առաջացրել է աճող անորոշության զգացում, որը սրվում է Ռուսաստանի ամիսներ շարունակվող տարածքային նվաճումներով Դոնբասի արևելքում և գիշերային անօդաչու սարքերի հարձակումներով՝ առաջնագծից հեռու գտնվող քաղաքների վրա։
«Հանդիպման ընթացքում հիշատակվել են մի շարք կարևոր հարցեր, օրինակ՝ նշվել է, որ աշխարհին անհրաժեշտ են երաշխիքներ, որովհետև միայն հրադադարը բավարար չէ։ Պուտինը կարող է նորից խախտել այն, ինչպես արդեն արել է նախկինում, առանց պատշաճ երաշխիքների», — ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի աղբյուրը։
Հարցին, թե ինչպես է դա ընկալվել, աղբյուրը պատասխանել է՝ նկատի ունենալով Թրամփին. «Նա մտածում է բոլոր մանրամասների շուրջ»։ Զելենսկին ընդունել է, որ դիվանագիտական ճանապարհով հակամարտության դադարեցումը կարող է փրկել մարդկանց կյանքեր և մեղմացրել է իր նախկին կարծիքը, որ խաղաղության հասնելու համար բոլոր ռուսական զորքերը պետք է դուրս բերվեն Ուկրաինայից։
Թրամփին մոտ կանգնած մի քանի պաշտոնյաներ հայտարարել են, որ նրա հանդիպումների նպատակն անձնական փոխըմբռնում հաստատելն է, ինչը նրա դիվանագիտության առանցքային մասն է։ Վերջնական որոշումը՝ ինչպես գործել, կախված կլինի նրանից։
Թրամփի և Զելենսկու միջև ուղղակի շփումների ընդհանուր բարեկամական բնույթը տարբերվում է ԱՄՆ-ի ընտրված նախագահի նախընտրական արշավի ընթացքում Ուկրաինայի առաջնորդի վերաբերյալ որոշ հրապարակային հայտարարություններից։ Մակրոնն ու Զելենսկին համաձայն էին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ, բայց փորձում էին չթվա, թե անկյուն են մղում Թրամփին, ասաց մի պաշտոնյա։
Ֆրանսիայի առաջնորդը, որն իր կարիերայի տարիներին սովորել է անձնական հարաբերություններ օգտագործել դիվանագիտական ջանքերի առաջմղման համար, և Զելենսկին համագործակցաբար աշխատում էին՝ ներկայացնելով իրենց տեսլականը։ Նրանք ընդգծում էին, որ առանց ԱՄՆ-ի աջակցության Կիևի համար շատ դժվար կլինի, հավելել է պաշտոնյան։ Զելենսկին կարծում է, որ Պուտինն միջազգային հարթակում վախենում է միայն Թրամփից և հնարավոր է՝ Չինաստանից, և որ երկարատև խաղաղության հասնելու համար Վաշինգտոնն անհրաժեշտ է «իրականում ուժեղ» լինի, ասել է ուկրաինական պաշտոնյան։
Թրամփը պարբերաբար մեղադրում է եվրոպական պետություններին, որ նրանք չեն կատարում իրենց պարտականությունները ՆԱՏՕ-ի անվտանգության հարցերում։ Մակրոնն օգտագործել է հանդիպումը՝ ցույց տալու համար, որ եվրոպացիները արդեն շատ բան են արել Ուկրաինային աջակցելու համար և պատրաստ են ավելի հավասարապես կիսել անվտանգության բեռը Միացյալ Նահանգների հետ, հայտնել են երկու աղբյուրներ։
Մեկ այլ պաշտոնյայի խոսքերով՝ Մակրոնն ու Զելենսկին Թրամփին բացատրել են, որ Պուտինը 2024-ին արդեն այլ է, քան 2017-ին, երբ ԱՄՆ-ի ընտրված նախագահը շփվում էր Կրեմլի առաջնորդի հետ։ Նույն պաշտոնյան հավելել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանության արագ անկումն ու դրա պատճառած վնասը՝ Ռուսաստանի՝ նրա դաշնակցին, նույնպես օգտագործվել են որպես հիմնավորում՝ Մոսկվայի նկատմամբ ավելի խիստ դիրքորոշման համար ապագա խաղաղ ջանքերում։
«Հիմնական նպատակն էր բացատրել, առանց Թրամփին անկյուն մտցնելու», — նշել է նա։
Աղբյուրը՝ Reuters

Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *