Բազաները պահպանելու դիմաց Ռուսաստանը կարող է նոր սիրիական կառավարությանը առաջարկել ֆինանսական միջոցներ, էներգակիրներ կամ օգտակար հանածոներ, ինչպես նաև քաղաքական աջակցություն։
The Financial Times
Վերջին օրերին Ռուսաստանը Դամասկոսի շրջանից տարհանել է առնվազն 400 զինծառայողի՝ համաձայնեցնելով դա գլխավոր ապստամբական խմբավորման հետ, հայտնել է խմբավորման ներկայացուցիչը։
Զինվորները տեղակայված էին Սիրիայի բանակի 4-րդ դիվիզիայի շտաբում՝ Կուդսայեում, որը գտնվում է մայրաքաղաքի արվարձաններում, հայտնել է «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի քաղաքական բյուրոյի անդամ Քամալ Լաբաբիդին Financial Times-ի հետ զրույցում։
Վերջին շաբաթվա ընթացքում Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատանը տեղակայված ռուսական զորքերն ևս լքել են քաղաքը, և այժմ բանակցություններ են ընթանում երկրի այլ հատվածներից զինծառայողների տարհանման շուրջ, նշել է Լաբաբիդին։
Ռուսաստանի ներկայության ապագան Սիրիայում, որը գտնվում է ապստամբների վերահսկողության տակ, մնում է անորոշ։ Մոսկվան զորքեր էր ուղարկել Ասադին աջակցելու համար քաղաքացիական պատերազմի ընթացքում, սակայն Դամասկոսից տարհանումը վերջին նշանն է, որ Ռուսաստանը նվազեցնում է իր ներկայությունը։ Տարհանումը նաև մատնանշում է Մոսկվայի և «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի միջև համագործակցության առաջին նշանները՝ երկար տարիների հակամարտությունից հետո, երբ նրանք գտնվել են հակառակ կողմերում։
Անցած շաբաթ ռուսական ռազմական ներկայացուցիչները հանդիպել են «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի ներկայացուցիչների հետ ապստամբների փաստացի շտաբում՝ Դամասկոսի Four Seasons հյուրանոցում, որպեսզի համաձայնեցնեն շարասյան անվտանգ անցումը, նշել է Լաբաբիդին, որը մասնակցել է տարհանման շուրջ բանակցություններին սիրիական կողմից։
«Ռուսները գալիս էին միայն բազաների նահանջի գործողությունները համակարգելու համար», – ասել է Լաբաբիդին։
Նրա խոսքով, ռուսները լքել են Դամասկոսը և ցամաքով ուղևորվել դեպի Հմեյմիմի ռուսական ավիաբազա։ Այնտեղից ինքնաթիռները զինծառայողներին վերադարձրել են Ռուսաստան։
FT-ին տրամադրված տեսանյութում երևում է, թե ինչպես է մոտ 100 ռազմական մեքենաներից կազմված շարասյունը լքում Դամասկոսի շրջանը՝ ներառյալ զրահափոխադրիչներ, տրակտորներ, վառելիքատարներ և շարժական բժշկական ստորաբաժանումներ։
Թեև դեսպանատան փակումը չի նախատեսվում, Լաբաբիդին հայտնել է, որ ռուս պաշտոնյան իրեն ասել է դիվանագիտական գործունեության կրճատման մասին։
Կիրակի օրը Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ տարհանել է Դամասկոսում գտնվող իր որոշ աշխատակիցներին, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի, Բելառուսի և Աբխազիայի ներկայացուցչությունների աշխատակիցներին։ Ռուսաստանը նշել է, որ իր ներկայության ապագան Սիրիայում կախված կլինի Դամասկոսում նոր կառավարության հետ բանակցություններից։ «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի հարձակման ժամանակ խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է համագործակցել Մոսկվայի հետ՝ նշելով, որ կարող են ընդհանուր լեզու գտնել երկրի վերականգնման հարցերում։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը անցած շաբաթ հայտարարել է, որ Ռուսաստանը «կառուցողական» բանակցություններ է վարում «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի հետ և հույս ունի պահպանել բազան «ահաբեկչության դեմ պայքարի» համար։
Հմեյմիմի ավիաբազայի և Տարտուսում գտնվող ռազմածովային բազայի կորուստը կդառնա ռազմավարական խնդիր, քանի որ այդ երկու օբյեկտները օգտագործվում են որպես Միջերկրական ծովում և Աֆրիկայում Ռուսաստանի գործողությունների լոգիստիկ կենտրոններ։ Վերլուծաբանները ենթադրում են, որ բազաները պահպանելու դիմաց Ռուսաստանը կարող է նոր սիրիական կառավարությանը առաջարկել ֆինանսական միջոցներ, էներգակիրներ կամ օգտակար հանածոներ, ինչպես նաև քաղաքական աջակցություն։
Հմեյմիմի բազայի արբանյակային նկարահանումները ցույց են տվել վերջերս ցամաքային տեխնիկայի ավելացում, մեծ տրանսպորտային ինքնաթիռների ժամանում և ռուսական ուղղաթիռների ու հակաօդային պաշտպանության համակարգերի ապամոնտաժում, ինչը վկայում է ներկայության կրճատման մասին։
Բազաների ապագայի մասին հարցին Լաբաբիդին պատասխանել է, որ այս պահին Ռուսաստանը չի տարհանում Հմեյմիմը, այլ այնտեղ տեղափոխում է անձնակազմ՝ այլ բազաներից։ Ասադի ռեժիմին մոտ մի քանի նշանավոր սիրիական ընտանիքներ թաքնվում են Դամասկոսում գտնվող ռուսական դեսպանատանը՝ Մոսկվայի պաշտպանության ներքո, հայտնել են իրավիճակին ծանոթ երեք աղբյուրներ Financial Times-ին։
«Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի մի քանի զինյալներ, որոնք կիրակի օրը պահպանում էին դեսպանատան շրջակայքը, նշել են, որ այնտեղ են մարդկանց պաշտպանելու համար և չեն սահմանափակում նրանց տեղաշարժը։ Զինյալների խոսքով՝ ռուս դեսպանատան աշխատակիցները երբեմն խնդրում են իրենց ուղեկցել և հանդես գալ որպես պահակ, երբ դուրս են գալիս հանձնարարություններով։ Դեսպանատան մեքենաները հեռանում են տարածքից՝ սնունդ գնելու կամ բժշկի այցելելու համար։ Սակայն Լաբաբիդին հայտարարել է, որ նոր սիրիական կառավարությունը հրահանգել է Մոսկվային չաջակցել սիրիացիների երկրից դուրս գալուն։
Աղբյուրը`
Թարգմանեց`
Արայիկ Մկրտումյանը