Միջազգային

Վրաստանում Դեռ Ոչինչ Որոշված Չէ

Հիշեցնեմ, որ վերջերս ռուսամետ էր հռչակվել Ռումինիայի ընտրություններում առաջին տեղը զբաղեցրած թեկնածուն, ու քանի որ սոցհարցումները ցույց էին տալիս, որ երկրորդ փուլում նրա հաղթելու հավանականությունը շատ մեծ էր, նա հռչակվել էր ռուսամետ, և ընտրություններն ընդհանրապես չեղարկվեցին: Երկրորդ օրինակն այն է, որ Դոնալդ Թրամփը ժամանակին, չնայած հիմա էլ, ոմանց կողմից համարվում է ռուսամետ։

Հրանտ Միքայելյան

Քաղաքական խաղի այս պարտիան չի ավարտվել ու համարել, որ Վրաստանի իշխանությունները հաղթել են, շատ վաղ է. Հրանտ Միքայելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի ավագ գիտաշխատող Հրանտ Միքայելյանը

– Վրաստանում տեղի ունեցած նախագահի ընտրությունների արդյունքում՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Ղավելաշվիլին: Նա նախագահի միակ թեկնածուն էր: Այս տարի առաջին անգամ նախագահին ընտրել է ոչ թե բնակչությունը, այլ 300 պաշտոնյայից բաղկացած ընտրական կոլեգիան։ Ղավելաշվիլին ստացել է 224 ձայն: Վրաստանի վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին: Դեռ գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ «Վրաստանում անսովոր ռուսական ձմեռ ենք անցկացնում, բայց մեզ վրացական գարուն է սպասում»։ Պարո՛ն Միքայելյան, նոր նախագահին կհաջողվի՞ կայունություն հաստատել ներքաղաքական կյանքում, ի՞նչ է ակնարկում Զուրաբիշվիլին։

– Չեմ կարծում, թե այս պահին նոր նախագահը կարող է էականորեն իրավիճակը փոխել, որովհետև նոր նախագահը քաղաքական ֆիգուր չէ ու չի կարող այս իշխանությանը ուժեղացնել:

Նոր նախագահի ֆունկցիան ուրիշ է լինելու՝ այս իշխանությանը որևէ մարտահրավեր չնետել, այսինքն՝ լինել պասիվ, չեզոք կամ աջակցել իշխանությանը, բայց ոչ իշխանությանը ընդդիմանալ, որովհետև նախորդ երկու նախագահները վերջում ավելի հստակ արևմտամետ դիրքորոշում են հայտնել։ Իսկ նոր եկած նախագահը նման բան չի անելու, բայց նրա ներդրումը ներքաղաքական կայունության մեջ սահմանափակվելու է, եթե բացառենք նաև այն հանգամանքը, որ ներկա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ժամկետը լրանում է մի քանի օրից, և ներքաղաքական դաշտում մի բան անելու նրա լեգիտիմությունը այլևս դժվար է լինելու։

Ինչ վերաբերում է Զուրաբիշվիլիի ասածին, ապա ասեմ, որ հիմա ցանկացած երկրում համաշխարհային դասավորվածությունն այնպիսին է, որ որտեղ հստակ արևմտամետ թեկնածուն չի ընտրվում, նա միանգամից հռչակվում է ռուսամետ։

Հիշեցնեմ, որ վերջերս ռուսամետ էր հռչակվել Ռումինիայի ընտրություններում առաջին տեղը զբաղեցրած թեկնածուն, ու քանի որ սոցհարցումները ցույց էին տալիս, որ երկրորդ փուլում նրա հաղթելու հավանականությունը շատ մեծ էր, նա հռչակվել էր ռուսամետ, և ընտրություններն ընդհանրապես չեղարկվեցին: Երկրորդ օրինակն այն է, որ Դոնալդ Թրամփը ժամանակին, չնայած հիմա էլ, ոմանց կողմից համարվում է ռուսամետ։

Ես չեմ կարծում, թե կարելի է Վրաստանի այս իշխանությանը ռուսամետ համարել, բայց ասեմ, որ այս իշխանությունները առաջիկա ամիսների ընթացքում, հավանաբար, Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն, ու դա էլ կդառնա նրանց ռուսամետության համար մեղադրելու նոր «հիմք»։

Այնպես որ, կարծում եմ՝ այս իշխանությունը միշտ եղել է չափավոր արևմտամետ, իսկ հիմա անցնում է ավելի շուտ, այսպես ասած, ուղղակի պահպանողական բլոկ, որը ենթադրում է եվրոպական սկեպտիցիզմը, բայց չի ենթադրում, որ ինքը լինելու է հենց Բրյուսելի դեմ։

– «Վրացական գարնան» սպասե՞նք։

– Կանխատեսել, թե ինչպես կավարտվի այս քաղաքական գործընթացը Վրաստանում, ես չեմ կարող, որովհետև ապագան կանխատեսելը մի քիչ բարդ գործ է, բայց ասեմ, որ այս պահի դրությամբ իշխանությանը շատ դժվարությամբ է հաջողվում կայունություն պահպանել: Իրականում պարզ է, որ մեծ ցույցեր են տեղի ունենում, բավականին արմատական, որը նաև դրսից աջակցություն ունի, ու սա ցանկացած երկրի համար դժվարություն է ստեղծում:

Բայց մի էական փոփոխություն կա. ցանկացած երկրում հեղափոխության համար գլխավոր պայմաններից մեկը էլիտայի մեջ բախում առաջացնելն է, ու դե ֆակտո, երբ նախագահը եղել է ընդդիմադիր կեցվածք ունեցող անձ, այդ հանգամանքն ապահովվել է, իսկ մնացած առումով ՝ գործադիր թե օրենսդիր, իշխանության մեջ ճեղքում չկար։

Հիմա արդեն այդ ճեղքն այլևս չի լինելու, ու ընդդիմության համար շատ դժվար կլինի այս իշխանությանը գցել։ Ենթադրում եմ, որ Զուրաբիշվիլին հենց պաշտոնավարման ավարտից հետո կմեկնի Ֆրանսիա, չեմ կարծում, թե կմնա Վրաստանում։ Այսպիսով՝ հավանականությունը, որ Վրաստանի իշխանությունը փոխվի, նվազել է, բայց չի զրոյացել, որովհետև քաղաքական խաղի այս պարտիան չի ավարտվել, ու համարել, որ Վրաստանի իշխանությունները հաղթել են, շատ վաղ է։

– Վրացական քաղաքական զարգացումների ո՞ր սցենարն է ձեռնտու Հայաստանի համար, պարո՛ն Միքայելյան։

– Համատեքստից պետք է դատել, որովհետև Հայաստանում կան շատ հակասող նարատիվներ՝ իշխանամետ ու ընդդիմադիր, ես ավելի շատ կասեի՝ իշխանամետ ու հակաիշխանական նարատիվ։ Իշխանամետ տեսանկյունից, իհարկե, ցանկալի կլիներ ընդդիմության հաղթանակը, իսկ եթե հաղթել է իշխանությունը, ցանկալի է, որ այս հակամարտությունը հնարավորինս արագ ավարտվի՝ առանց հետագա բախումների։

Իշխանության համար ամենաոչձեռնտու տարբերակը կլինի այն, եթե այս պայքարը շարունակվի, ու վերջում իշխանությունը շատ հստակ ամրապնդի իր դիրքերը, որովհետև ամեն դեպքում Հայաստանի գործող իշխանությունները հռչակել են բոլորովին հակառակ կուրս, ուզում են ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե անցկացնել:

Այսօրվա դրությամբ Վրաստանի իշխանությունները մինչև 2028 թվական կանգնեցրել են բանակցությունները, թեև իրականում դրանք հունիսի 13-ից կասեցրել են ԵՄ երկրները։ Եթե այս պայքարում ընդդիմությունը պարտվի, ու իշխանությունը ամրապնդվի, ինչն ավելի հավանական է, դա Հայաստանի իշխանությունների համար ձեռնտու չէ, ավելին՝ այս քաղաքական գիծը, որ տանում են իրենք, անհնար է լինելու շտկել, որովհետև մի կարևոր հանգամանք կա։

Հայաստանի արևմտյան ինտեգրման մասին խոսակցությունը հիմնվում է նաև անվտանգության ոլորտում փոփոխությունների վրա, օրինակ՝ Հայաստանը հիմա զենք է գնում Ֆրանսիայից, Հնդկաստանից, որոնք արևմտյան ստանդարտներով են աշխատում, իսկ այդ զենքերի մեծ մասը դեռ չի էլ մատակարարվել, ու Վրաստանը նոր պայմաններում կարող է և չմատակարարել, որովհետև այս իշխանությունը հայտարարում է, որ իրենց համար գլխավորը վրացական շահն է։

Եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմ լինի, Վրաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ Հայաստան զենք մատակարարվի, որովհետև նրանք հայտարարել են, որ ոչ միայն չեն ուզում Ռուսաստանի հետ հարաբերություններ փչացնել, այլ նաև՝ Թուրքիայի, իսկ Թուրքիան պահանջելու է, որ Վրաստանը զենք չմատակարարի, ու Վրաստանը ակնհայտորեն դա անելու է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *