Մաս Ա
Ակնհայտ էր, որ քաղաքական ուժերը նախապատրաստում են Արայիկ Հարությունյանի հրաժարականի «իրավական հիմքերը»: Այդ օրերին էպատաժային հայտարարություն տարածեց Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Այն ուղղված էր պետական նախարար Ռուբեն Վարդանյանին: Թովմասյանն առաջարկում էր միասնաբար հանդես գալ հրաժարականի մասին հայտարարությամբ:
Վահրամ Աթանեսյան
2022թ. դեկտեմբերի 28-ին տողերիս հեղինակը մոտ մեկշաբաթյա հետեւողական պնդումներից հետո վերջապես արժանանում է արդեն մոտ երկու ամիս պետական նախարարի պաշտոն զբաղեցնող Ռուբեն Վարդանյանին՝ փորձելով հասկանալ, թե շրջափակումը հաղթահարելու, Ադրբեջանի հետ օրախնդիր հարցերը կարգավորելու ի՞նչ մոտեցումներ կամ ծրագրեր ունի նա:
Բայց ստացվում է «խուլի եւ համրի խոսակցություն». նա պնդում է, որ պետք է բոլոր ռեսուրսները կենտրոնացնել եւ նախապատրաստվել «լուրջ եւ վճռական դիմադրության»: Նրա հետ շատ ծանր խոսակցությունից հետո պարտքս եմ համարում տարակուսանքս եւ կասկածներս կիսել նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, հիմնավորել, որ խուլ շրջափակման պայմաններում, երբ Հայաստանն էլ սեպտեմբերյան եռօրյա մարտերից հետո տարածքային եւ ռազմավարական դիրքերի կորուստներ է ունեցել, բանակը դեռեւս պարտությունից ուշքի չի եկել, իսկ Ադրբեջանը եւ Ռուսաստանը ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր են ստորագրել, Ադրբեջանին զինված դիմադրություն ցույց տալու միջոցով շրջափակումը ճեղքելու «ծրագիր» ոչ միայն ցնորամտություն, այլեւ խաղաղ բնակչության դեմ բացահայտ սադրանք է:
Նույն բովանդակությամբ եւ տոնայնությամբ հանդիպումներ եմ ունենում նաեւ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հետ: Նրանք փորձում են համոզել, որ իրավիճակի մասին իմ տեղեկացվածությունը «բավարար չէ», վկայակոչում են Մոսկվայում մի քանի հայտնի անձանց, որ Ռուբեն Վարդանյանի բիզնես-գործընկերներ են, անձամբ «մուտք ունեն» Վլադիմիր Պուտինի մոտ: «Միայն պետք է մի քանի ամիս դիմանալ, ուկրաինական ռազմաճակատում բեկում մտցնելուց հետո Պուտինը կզբաղվի Լեռնային Ղարաբաղի հարցով, եւ ամեն ինչ կկարգավորվի»: Նրանք հայտարարում են, որ «Արցախի վերածնունդ լինելու է»:
Նոր տարին Ստեփանակերտը դիմավորեց քաղաքական լուրջ տարաձայնություններով: Տարածվեցին համառ խոսակցություններ, որ Իլհամ Ալիեւը «պահանջել է պաշտոնից ազատել Ռուբեն Վարդանյանին, եւ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի թելադրանքով պատրաստվում է կատարել թուրքերի կամքը»: Իրավիճակն ավելի լարվեց, երբ Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ հրաժարական չի տա: Այդ ընթացքում Ազգային ժողովը սահմանադրական փոփոխություններ կատարեց: Իմաստն այն էր, որ եթե ռազմական դրության պայմաններում նախագահը հրաժարական տա, ապա նոր նախագահը կընտրվի ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ՝ խորհրդարանի կողմից: Ընդ որում, նրան կտրվեն ժամանակավոր լիազորություններ՝ մինչեւ ռազմական դրության ռեժիմի չեղարկումը:
Ակնհայտ էր, որ քաղաքական ուժերը նախապատրաստում են Արայիկ Հարությունյանի հրաժարականի «իրավական հիմքերը»: Այդ օրերին էպատաժային հայտարարություն տարածեց Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Այն ուղղված էր պետական նախարար Ռուբեն Վարդանյանին: Թովմասյանն առաջարկում էր միասնաբար հանդես գալ հրաժարականի մասին հայտարարությամբ: Պետական նախարարն ԱԺ նախագահի կոչին չարձագանքեց: Իշխանությանը մոտ կանգնած շրջանակներից տեղեկատվական արտահոսք եղավ, որ քննարկվում է Երեւանում գտնվող Սամվել Բաբայանին հրավիրելու, նրան պետական նախարար նշանակելու տարբերակը: Ընդ որում, խոսակցություններ եղան, որ Բաբայանը «կնշանակվի լայն լիազորություններով պետական նախարար, նրան կենթարկվի Պաշտպանության բանակը եւ ողջ ուժային համակարգը»:
Բաբայանն, իրոք, կարճ ժամանակ անց վերադարձավ Ստեփանակերտ, կուսակցական գրասենյակ բացեց եւ հանդիպումների շարք սկսեց, բայց Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունից հետո պետական նախարար նշանակվեց նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը: Բաբայանին պետական նախարարի պաշտոնում նշանակելու դեմ, ինչպես իրազեկ աղբյուրներն էին ասում, հանդես էին եկել ԱԺ ՀՅԴ, «Արդարություն» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունները եւ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի մի քանի պատգամավորներ: Բաբայանի քաղաքական վերադարձին կտրուկ դեմ էին նաեւ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը:
[շարունակելի]