Մաս 2-րդ
Բաբայանը հայտարարեց, որ եթե Բաքվի հետ երկխոսություն չսկսվի եւ հարցերը համաձայնեցված լուծումներ չգտնեն, ապա մնում է մի տարբերակ՝ «հավաքել ճամպրուկները եւ բռնել արտագաղթի ճանապարհը»: «Արցախի զարգացման եւ դիմադրության ճակատը» Բաբայանի առաջարկությունը որակեց «նիկոլական պատվեր» եւ անցավ բացահայտ հակաքարոզչության:
Վահրամ Աթանեսյան
Պետական նախարարի պաշտոնում Գուրգեն Ներսիսյանին գրեթե բոլոր քաղաքական ուժերը, ներգրավված դերակատարներն առաջին իսկ օրվանից համարում էին «անցումային» կամ «ժամանակավոր»: Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, որ պաշտոնաթողությունից հետո չի հեռանա Ստեփանակերտից, քաղաքական գործունեությունը չի դադարեցնի: Ավելին, նրա նախաձեռնությամբ, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի, ՀՅԴ, «Արցախի արդարություն» եւ «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունների, մի քանի ՀԿ-երի եւ հանրային գործիչների աջակցությամբ ձեւավորվեց «Արցախի զարգացման եւ դիմադրության ճակատ» կառույցը, որ մի քանի օր անց հայտարարեց «գործադիր մարմին» ստեղծելու մասին:
Փաստացի դա «խորքային» կամ «այլընտրանքային իշխանություն» ստեղծելու մասին ծանուցում էր, որի հասցեատերը ֆորմալ առումով Լեռնային Ղարաբաղի, բայց իրականում միջազգային հանրությունն էր, առաջին հերթին՝ Ադրբեջանը: Մինչ այդ, պետական նախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանի հեռացումից հետո, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի անունից հայտարարություն տարածվեց, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչները հրավիրվում են Բաքու՝ քննարկելու «վերաինտեգրման հետ կապված հարցեր»:
Ստեփանակերտն Իլհամ Ալիեւի դիվանագիտական խարդախամտությանն արձանագեց ավանդական կեցվածքով եւ փաստացի մերժեց Բաքվի հետ առանց միջնորդների երկխոսության հնարավորությունը: ԱԳՆ տարածած պաշտոնական հաղորդագրությունը ԼՂ համար անընդունելի էր որակում «վերաինտեգրումը»: Ինչպես բնորոշ է Իլհամ Ալիեւին, Բաքուն պահպանեց սառնասրտությունը եւ մոտ տասը օր անց կրկնեց «Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հետ վերաինտեգրման օրակարգով քննարկումներ սկսելու» առաջարկությունը: Ստեփանակերտը մերժեց երկրորդ անգամ:
Ավելի քան ակնհայտ էր, որ նախագահ Արայիկ Հարությունյանը կորցրել է իրավիճակը վերահսկելու, այն բանակցությունների հունում պահելու բոլոր հնարավորությունները եւ այլեւս փաստացի իշխանություն չունի, ԼՂ հայ բնակչության ճակատագիրը տնօրինում է«Արցախի զարգացման եւ դիմադրության ճակատը», որ միաժամանակ մերժում է նաեւ քաղաքական գործընթացներին Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մասնակցությունը:
Չափազանց ծանր, արդեն գրեթե էքզիստենցիալ իրավիճակում պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հանդես եկավ «սոցիալական արդարության հաստատման» նախաձեռնությամբ: Ուժային կառույցները մի քանի տնտեսվարողների պահեստներում ստուգումներ անցկացրին, կառավարությունը մտցրեց առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի կտրոնային համակարգ, որ իրականում չէր գործում:
Այդ եւ Արցախի ներդրումային հիմնադրամի գումարների վերադարձի նախաձեռնությունն, ըստ էության, ամբոխահաճո, իրավիճակից բացարձակապես կտրված, մարդկանց իրական մտահոգությունների հետ հեռավոր իսկ առնչություն չունեցող «քաղաքականություն» էր, որը, սակայն, չէր կարող ցանկալի արդյունքի հասնել, քանի որ պաշարման օղակում հայտնված հարյուր քսան հազար մարդու այդ պահին հետաքրքրում էր ոչ թե Ներդրումային հիմնադրամի գումարների փոշիացումը, այլ՝ իր զավակի անվտանգությունը, նրան հանապազօրյա հաց հասցնելու հոգսը:
Մայիսի 15-ը Ստեփանակերտում կարող էր արմատական շրջադարձի եւ քաղաքական պրագմատիզմի հաստատման սկիզբ լինել. այդ օրը Վերածննդի հրապարակում ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հանրահավաք էր հրավիրել: «Արցախի զարգացման եւ դիմադրության ճակատը», որ փաստացի իրավիճակի տերն էր, ամեն ինչ արեց, որպեսզի այդ հանրահավաքը սակավամարդ լինի: Իշխանության կողմից նույնիսկ հնչեցվել էր ուժի կիրառման սպառնալիք: Հանրահավաքն, այնուամենայնիվ, կայացավ:
Բաբայանը հայտարարեց, որ եթե Բաքվի հետ երկխոսություն չսկսվի եւ հարցերը համաձայնեցված լուծումներ չգտնեն, ապա մնում է մի տարբերակ՝ «հավաքել ճամպրուկները եւ բռնել արտագաղթի ճանապարհը»:
«Արցախի զարգացման եւ դիմադրության ճակատը» Բաբայանի առաջարկությունը որակեց «նիկոլական պատվեր» եւ անցավ բացահայտ հակաքարոզչության: Երեք շաբաթ անց Իլհամ Ալիեւը եղավ Լաչինում, հիշեցրեց, որ մարտին երկու անգամ «Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչներին երկխոսության հրավեր է արել եւ մերժվել»:
-Երրորդը չի լինելու,- հայտարարեց նա եւ առաջին անգամ հրապարակային պահանջեց, որպեսզի Ստեփանակերտում «անջատողական իշխանության ապօրինի մարմինները լուծարվեն»:
(Շարունակելի)