Հաքան Ֆիդանը «գովել է» Ռուսաստանի նախագահին, որ պաշտոնավարման տասնամյակների ընթացքում «մարտավարական մտածողությունից հասել է ռազմավարականի, ճիշտ է գնահատել նոր իրավիճակը եւ չի ներքաշվել ռազմական գործողությունների մեջ»:
Վահրամ Աթանեսյան
Թուրքիայի արտաքին գործերի նախախարար Հաքան Ֆիդանը France24-ին հարցազրույցում բացահայտել է, որ «Հայաթ թահրիր ալ-Շամ» խմբավորման հետ Անկարան պաշտոնական համագործակցություն ունի դեռեւս այն ժամանակներից, երբ ինքը MIT-ի տնօրենն էր:
Ըստ Ֆիդանի՝ ՀԹՇ-ն «հետախուզական տեղեկություններ է տրամադրել, որ Թուրքիան օգտագործել է ԴԱԵՇ-ի դեմ պայքարում»: Ֆիդանի հարցազրույցի էական հատվածները թարգմանաբար փոխանցել է turkgazetesi-ն:
Ֆրանսիացի լրագրողը հետաքրքրվել է, թե Ֆիդանն ինչպես է գնահատում Ռուսաստանի կողմից «Ասադի հանձնումը»: Ըստ էության, Թուրքիայի արտգործնախարարի հարցազրույցի բուն նշանակությունը հարցադրման եւ «շատ դիվանագիտական» պատասխանի մեջ է:
Հաքան Ֆիդանը «գովել է» Ռուսաստանի նախագահին, որ պաշտոնավարման տասնամյակների ընթացքում «մարտավարական մտածողությունից հասել է ռազմավարականի, ճիշտ է գնահատել նոր իրավիճակը եւ չի ներքաշվել ռազմական գործողությունների մեջ»: Եթե այդ գնահատականը համադրենք Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը, որ աշխարհում մնացել է երկու առաջնորդ՝ ինքը եւ Վլադիմիր Պուտինը, ապա կստացվի, որ Հաքան Ֆիդանը Ռուսաստանի նախագահին պարզապես ծաղրել է:
Նրա գնահատականի ենթատեքստն այն է, որ Պուտինը գայթակղություն է ունեցել գերագնահատելու իր հնարավորությունները, փորձել է «եղանակ ստեղծել» մի տարածաշրջանում, որ պատմականորեն Օսմանյան կայսրության ազդեցության գոտի է, իսկ երբ Թուրքիան «ժանիքներ է ցուցադրել»՝ իրավիճակը գնահատել է »ռազմավարական մտածողությամբ» եւ բավարարվել նրանով, որ «Ասադն, ի վերջո, Մոսկվայում է»:
Ֆիդանը գրեթե նույն տոնայնությամբ է խոսել նաեւ Իրանի մասին, որ նույնպես ձեռնպահ է մնացել Ասադի կողմից ռազմական գործողությունների մեջ ներքաշվելու գայթակղությունից եւ կայացրել է «իրատեսական որոշում»: Այս դիտարկումները Թուրքիայի արտաքին գործերի նախարարն արել է Սիրիայում օտարերկրյա ռազմաբազաներին վերաբերող հարցին պատասխանելիս:
Նա ձեւակերպել է, որ Թուրքիան դեմ է Սիրիայում օտարերկրյա ռազմական ներկայությանը՝ լինի դա ռուսական, ամերիկյան, թե որեւէ այլ երկրի: Նա արձանագրել է, որ Ռուսաստանն իր զինվորականներին Սիրիայի տարբեր ռեգիոններից տեղափոխում է Միջերկրականի առափնյա տարածքներ, իսկ ամերիկացիներն, ընդհակառակը, անդրեփրատյան շրջաններում կրկնապատկել են զինվորականների թվաքանակը:
Միջերկրական ծովի առափնյա տարածքները հիմնականում ալավիաբնակ են: Այնտեղ ռուսական «կուտակումների» մասին Ֆիդանի ասածից կարելի է ենթադրել, որ Անկարան Մոսկվային կասկածում է Տարտուսում Սիրիայի «այլընտրանքային իշխանություն ձեւավորելու» մտադրության մեջ եւ զգուշացնում, որ դա «ռազմավարական մտածողության դրսեւորում չի լինի»:
Թուրքիան նաեւ Միացյալ Նահանգների վերջին ձեռնարկումներից է դժգոհ: Ըստ տեղեկությունների, ամերիկյան օդուժը Սիրիայի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում պարբերաբար ռմբակոծում է «ԴԱԵՇ-ի դիրքերը»: Անկարան համարում է, որ «ահաբեկչական մի խմբավորման դեմ մյուսի օգնությամբ պայքարն արդյունավետ չէ»՝ նկատի ունենալով, որ ԱՄՆ-ը որոշակիորեն հովանավորում է անդրեփրատյան տարածքներում գործող քրդական ինքնավարությանը: Ֆիդանն ասել է, որ մոտակա օրերին կայցելի Դամասկոս: Ավելի վաղ Սիրիայի մայրաքաղաք է այցելել MIT-ի տնօրեն Քալընը:
Նախապատրաստական աշխատանքները վկայում են, որ կազմակերպվում է Թուրքիայի նախագահի Դամասկոս այցը: Մինչ այդ, սակայն, «Հայաթ թահրիր ալ-Շամի» հետ բանակցություններ է վարել ԱՄՆ պետական դեպարտամենտի բարձրաստիճան պատվիրակությունը: Թուրքիան փորձելու է Սիրիայի «անցումային կառավարությունից» ռազմական ներկայության «խնդրանք» ապահովել: Եթե ալ-Ջուլանին ընդառաջի Էրդողանի «ռազմավարական մտածողությանը», Սիրիան վերածվելու է քաղաքացիական նոր պատերազմի թատերաբեմի: