Արցախ

Ստեփանակերտի «Սփյուռքացում»-ը


(Մաս Ա)

Ըստ երեւույթին, Ստեփանակերտում Հայ դատի գրասենյակի բացումն ուղերձ էր Արայիկ Հարությունյանին եւ ազդարարում էր, որ ձեւավորվում է ազգային-հայրենասիրական բեւեռ, որի համար հետպատերազմական ստատուս-քվոն ընդունելի չէ, ինչպես նաեւ՝ Բաքվի հետ ուղղակի երկխոսության գաղափարը:

Վահրամ Աթանեսյան


Քառասունչորսօրյա պատերազմի տարելիցին ընդառաջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 30-ամյակի օրը՝ 2021թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի կոնֆերենս-դահլիճում տեղի ունեցավ արտառոց եւ հանրային լայն շրջանակների համար բոլոր առումներով անսպասելի միջոցառում. պաշտոնապես բացվեց ՀՅԴ Հայ դատի գրասենյակ: Հանդիսավոր արարողությանը հրավիրված էին ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը, գործող նախագահ Արայիկ Հարությունյանը ներկա չէր:
Դժվար է ասել՝ կազմակերպիչները նրան չէի՞ն հրավիրել, թե՞ նա հարմար չէր գտել մասնակցելու նման միջոցառման: Փաստ է, որ իշխանությունն այդ արարողությանը ներկայացված էր արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի մակարդակով: Իր խոսքում նա ողջունեց ՀՅԴ նախաձեռնությունը, բարձր գնահատեց Հայ դատի գրասենյակների գործունեությունը: Ստեփանակերտում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի բացումը նա գնահատեց աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում եւ առաջնահերթություն համարեց «Արցախի սուբյեկտայնության պահպանումը եւ միջազգային ճանաչման գործընթացը»:
Թե ի՞նչ «գործընթաց» նկատի ուներ Դավիթ Բաբայանը մի իրավիճակում, երբ իրավիճակը «կարգավորվում էր» նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ՝ որեւէ հիմնավորում չտրվեց: Մինչ այդ, Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ԼՂ Ազգային Ժողովի երեք՝ ՀՅԴ, «Արդարություն» եւ «Ժողովրդավարություն», խմբակցությունները վերստին հանդես էին եկել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով հայտարարությամբ: Երեք քաղաքական ուժերը գործող նախագահից պահանջել էին ոչ մի աջակցություն չցուցաբերել Նիկոլ Փաշինյանին եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Փաստացի դա Արայիկ Հարությունյանին ներկայացված քաղաքական վերջնագիր էր: Խորհրդարանական ընտրություններով կազմավորված «Հայաստան» դաշինքի քաղաքական էներգետիկան ապահովում էր ՀՅԴ-ը:
Ըստ երեւույթին, Ստեփանակերտում Հայ դատի գրասենյակի բացումն ուղերձ էր Արայիկ Հարությունյանին եւ ազդարարում էր, որ ձեւավորվում է ազգային-հայրենասիրական բեւեռ, որի համար հետպատերազմական ստատուս-քվոն ընդունելի չէ, ինչպես նաեւ՝ Բաքվի հետ ուղղակի երկխոսության գաղափարը: Դավիթ Բաբայանը, երեւի, այդ միտումները նկատի ուներ,ե րբ ակնկալում էր, որ Հայ դատի գրասենյակի միջոցով հնարավոր կլինի պահպանել Արցախի սուբյեկտայնությունը եւ միջազգային ճանաչման գործընթացը: Իրավիճակի նրբությունը նրանում էր, որ ավանդաբար Հայ դատի գրասենյակներն ավելի համարձակ եւ հարաբերականորեն արդյունավետ գործում են Եվրապայում եւ Միացյալ Նահանգներում, իսկ Ռուսաստանում այդ կառույցը ֆորմալ ներկայացված չէ:
Ստեփանակերտում, մինչդեռ, նստած էր ոչ թե ամերիկյան կամ ֆրանսիական, այլ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, իշխանությունը նրա միջոցով էր լուծում օրախնդիր հարցերը: Նրանք, ովքեր ներկա էին Ստեփանակերտում Հայ դատի գրասենյակի բացմանը, քաղաքական ուժերը, որ ողջունել էին այդ որոշումը հայտնի են որպես ռուսական կողմնորոշման գործիչներ, նրանց գաղափարախոսությունը կառուցված էր Ռուսաստանի օժանդակությամբ իրավիճակը հաղթահարելու նպատակի վրա: Նման պայմաններում ի՞նչ ենթատեքստ ուներ Ստեփանակերտում Հայ դատի գրասենյակի հիմնադրումը: Չէ՞ որ այդ գրասենյակը որեւէ արդյունավետ քայլ կատարելու համար պետք է առաջին հերթին համագործակցեր ՀՅԴ ամերիկյան եւ եվրոպական կառույցների հետ: Մինչդեռ ԼՂ-ի գետնի վրա իրավիճակը վերահսկվում էր ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ արդեն սուր տարաձայնություններ բացահայտած՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը: (շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *