Կրկին, հանուն ինքնամաքրման, բոլորը միայն մեծացնում են երկրի համար վտանգները։
Ստեփան Սաֆարյան
Ռոբերտ Քոչարյանի օրոք 10 տարի ԱԳ նախարար եղած Վարդան Օսկանյանը արձագանքել է Արցախյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացի պատմության վերաբերյալ հրապարակային բանավիճելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությանը, իր պայմանն է առաջադրել․ «Ես ինքս եմ ձեռնոց նետում Փաշինյանին, որ եթե դու անկեղծ ես քո ասածին, արի մենք հանրային բանավեճ ունենանք, որ ես ժողովրդի առաջ քո աչքերին նայելով քեզ համոզեմ, որ դու սխալ ես, բայց մեկ պայմանով, որ դու պարտվելուց հետո, ես համոզված եմ, որ դու կպարտվես, որովհետեւ սնանկ են քո բոլոր խոսքերը, դու խոստանաս մեր ժողովրդին, որ կփոխես քո քաղաքականությունը ԼՂ հարցում, դու առնվազն մոտ ապագայում բանակցային օրակարգ բերես ԼՂ հայերի իրենց հայրենիք, իրենց տները վերադառնալու հարցը»։
Մի կողմ եմ թողնում, որ վարչապետի առաջարկությունը բառ առ բառ ընթերցած (ինչը առանձնահատուկ է հատկապես իրավաբաններին ու դիվանագետներին) ՀՀ նախկին արտգործնախարարը դեռևս վարչապետի առաջին առաջարկությունում նկատել է նրա առաջարկած ֆորմատային պահանջը, այն է՝ “առաջին դեմքերով բանավիճելու ֆորմատը, այլ ոչ թե նախկին նախագահների “ներկայացուցիչների հետ”, ինչը կարծեք թե հիմք է ստեղծում մերժելու նրա առաջարկությունը, քանի որ նա 2-րդ նախագահի “ներկայացուցիչն է”)։
Հետևաբար, եթե իսկապես նպատակդ (պարոն Օսկանյանի) ներկայացված ծանր մեղադրանքներից (որ, ըստ Նիկոլ Փաշինյանի սուբյեկտիվ մեկնաբանություն-եզրահանգման՝ Արցախյան խնդրի բանակցային գործընթացում տասնամյակներով քննարկվել է Արցախն Ադրբեջանին վերադարձնելը, ինչը ակամայից նախկին իշխանություններին, այդ թվում՝ Օսկանյանին մեղսակից է դարձնում) պաշտպանվելն է, ու կանխավ գիտես, որ քո ձեռոցը չի ընդունվելու վերոնշյալ պայմանի պատճառով, ապա ոչ թե քո նախապայմանով անիրականանալի մի նոր մարտահարավեր ես նետում, այլ հրապարակում ես քո կողմից կամ օրոք մշակված բոլոր կարգավորման տարբերակները, այդ թվում՝ Ընդհանուր պետության, Մեղրիի, Քիվեթի ու Մադրիդյան տարբերակները, որոնք այս իշխանությունները մեր հորդոր-պահանջներից հետո էլ չի հրապարակում, իսկ իշխանության ներկայացուցիչներն էլ շարունակում են լավագույն դեպքում մեզ հրամցնել ԶԼՄ-ներում տպագրված տարբերակները, հարցազրույցները․․․ Եթե ճիշտ ես, իշխանությանը սխալ հանելու մեղադրյալի աթոռին նստեցնելու ամենակարճ ու լավագույն տարբերակը դա է․․․
Բայց, ավաղ, Վարդան Օսկանյանը դա չէ արել․․․ Այլ շարունակել է իր մեկնաբանությունները մատուցել մեզ, ինչպես որ իշխանությունն է իր մեկնաբանությունները, բայց ոչ բնագրերը․․․
Այս փաստերն ինքնին խոսուն են, ու ցույց են տալիս բանավեճի կողմերի իրական մտադրությունները՝ ոչ թե հասարակության առաջ վեր հանել ճշմարտությունը, այլ նախկին կամ ներկա իշխանությունների ինքնաարդարացումները տեքստերի ընտրողական մեկնաբանությունները․․․
Բայց Վարդան Օսկանյանի արձագանքում մեկ այլ բան ինձ սարսափեցրեց։ Նա պայման է դնում, որ երբ բանավեճում ապացուցի Նիկոլ Փաշինյանի մեղադրանքի սխալականությունը, ապա իշխանությունները պետք է “առնվազն մոտ ապագայում բանակցային օրակարգ բերեն ԼՂ հայերի իրենց հայրենիք, իրենց տները վերադառնալու հարցը”․․․ Իհարկե, հայրենասիրական-էմոցիոնալ ֆոնի վրա կարելի է ծափահարել նման մտքերին, անարգանքի սյունին գամել իշխանությանը, որ նա դա չի անում։ Բայց, անկախ նրանից, որ արտաքին քաղաքականության օրակարգի մեջ շեշտադրումների ու խնդիրների իմ/շատերի օրակարգերն էլ տարբեր են իշխանությունների օրակարգից, միևնույնն է, երբ նայում ես Օսկանյանի ասածին, կարկամում ես․․․
Վարդան Օսկանյանը առաջարկում է պատերազմում պարտված Հայաստանին իր օրակարգ բերել Ադրբեջանին ներկայացվելիք պահանջ (որը, այո, միանգամայն արդարացի, միջազգային իրավունքով մեզ ու արցախահայերին վերապահված իրավունք է/, որը ապացուցում է Ալիևի նառատիվը, որ Հայաստանը ռեվանշի պլաններ ունի․․․ Կներեք, բառախաղի տեղ չկա, որ ընդդիմախոսվի, թե խոսքը խաղաղ եղանակով վերադարձի իրավունքի մասին է․ պետությունը երբ իր արտաքին քաղաքական օրակարգում դնում է քաղաքական խնդիր՝ ըստ էության ասում է, որ դրան հասնելու է այսպես թե այնպես, ինչպես որ դա արել ու անում է Ադրբեջանը․․․ Ու ուզում ես հիշել, թե պարոն Օսկանյանի իշխանավարման այն տասնամյակում, երբ Հայաստանը հաղթած էր, այդ ե՞րբ է արտաքին քաղաքականության օրակարգում դրել ԼՂԻՄ, ապաև ԼՂՀ մասը հանդիսացող Շահումյանի կամ Գետաշենի շրջանների հայերի կամ նույն Արծվաշենի, էլ չասած՝ Գանձակի, Բաքվի ու այլ հայաբնակ քաղաքներից տեղահանված հայերի վերադարձի պահանջը․․․ Ու պատասխանը մեկն է՝ երբեք․․․ Ոչ մի փաստաթղթով․․․
Եթե հաղթած Հայաստանի անունից նման պահանջ չի դրվում, ինչո՞ւ է պարտադրվում դա անել պարտված Հայաստանին․․․ Որպեսզի պատերազմի պատրվակ տա՞նք Ադրբեջանին, երբ դեռ մեր ուժերն ու ռազմական բալանսը վերականգնված չե՞ն․․․ Երբ Ադրբեջանն ու Ռուսաստանը ընդհանուր դիրքորոշում ունեն, որ Հայաստա՞նն է խախտել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը Արցախից Հայաստանի հեռանալու ու Ռուսաստանի մտնելու մասին է․․․ Ինչի՞ համար կամ ո՞ւմ համար է դա անում Վարդան Օսկանյանը․․․ Օրինակ, կարո՞ղ էր չէ այսքան ձևական (որ գիտեր իր առաջարկը չի ընդունվելու) քայլերից հետո, ասենք՝ պահանջեր Փաշինյանի հրաժարականը, կամ պահանջեր հրապարակավ ներողություն խնդրել հասարակությունից․․․ Ինչո՞ւ է առաջ քաշել այնպիսի մի պայման, որը պետք է Ռուսաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային․․․ Թեկուզև բոլորիս սրտում ու մտքում լինի արցախահայերի՝ Արցախ վերադառնալու երազանքը կամ նպատակը․․․
Ասել, թե տարիքի բերումով Օսկանյանը չի գիտակցում իր ասածների հետևանքները, կներեք, չեմ համաձայնի․․․
Այդ դեպքում սա ի՞նչ է․․․ Մարդը իր իշխանության օրոք չի արել այն, ինչ կարող էր ու միգուցե պետք էր աներ, իսկ հիմա պնդում է, որ Հայաստանը պետք է անի մի բան, որը նոր աղետի պատրվակն է դառնալու․․․
Լավ, միթե՞ այսքան չեք սիրում այս խեղճուկրակ, տառապած երկիրը, որ էսպես կարող եք արկածախնդրության մեջ ներքաշել․․․ Միթե իսկապես ճիշտ եմ կարդում ձեր մշակած Մեղրիի ու Քիվեսթի տարբերակները, որոնց հավանություն եք տվել պաշտըոնապես, որ այնքան թքած ունեիք Հայաստանի վրա, որ նրա սուվերեն տարածքի՝ Մեղրիի շրջանը կարող էիք դարձնել հանուն Արցախի գործարքի վճարամիջոց․․․ Միթե՞ այնքան թքած ունեք Հայաստանի վրա, որ նույն այդ տարբերակներում կարող էիք բանակցային պատմության ընթացքում առաջին անգամ միակ կարգավորման տարբերակում բանակցային սեղանի վրա լեգիտիմացնել Տավուշի մերձսահմանային գյուղերի ու անկլավների “օկուպացիայի” թեման, ընդունել, որ Տավուշում Հայաստանը Ղազախի շրջանից օկուպացրած գյուղեր ունի, միայն թե իշխանություն ու ամեն գնով Արցախ պահվեր, այդ թվում՝ Հայաստանը վտանգելու գնով․․․
2021թ․ արտահերթ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հատկապես Լոռու մարզում՝ Վանաձոր ու Սպիտակ քաղաքներում որպես Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի թեկնածու իմ ծավալուն ելույթները եղել են այն մասին, թե ինչ վտանգ է, որ իշխանությունն իրեն ընդդիմություն է ընտրում նախկին իշխանություններին, որոնց անցյալում այսպիսի բաներ կան, ու դա ինչպե՞ս է բացելու Հայաստանի ու հենց նույն իշխանությունների թիկունքը։
Չեմ չարախնդում, ուղղակի տխրած ֆիքսում եմ, որ կրկին ես ճիշտ դուրս եկա, ու առկա պրոցեսում նույնն է, ինչ 2021թ․․․․ Ու կրկին, հանուն ինքնամաքրման, բոլորը միայն մեծացնում են երկրի համար վտանգները․․․
Հ․Գ․ Նրանք, ովքեր կրկին չեն հասկանալու գրառումը, խորհուրդ է տրվում գտնել այդ քարոզարշավներում Սյունքի ու Տավուշի վերաբերյալ իմ ելույթները, որոնք այդպես մոռացության մատնվեցին, ու ընտրարշավն էլ անցնում էր խլապուշկա-գմփցմփիկ-հրավառություն ռեժիմով ու մուրճ-մանգաղ-աստղիկ թեմաներով․․․ Այ դրանք լսելուց հետո կհասկանաք, թե միշտ ինչ եմ ասել ես, ու արդյոք այն որևէ մեկի պաշտպանություն է․․․