հիմնական խնդիրը Հայաստանի համաձայնությունն է, ու Հայաստանի որոշումից է կախված, թե ինչ վախճան է ունենալու Մինսկի խումբը։ Որքան ես եմ հասկանում, հայկական կողմը սկզբունքորեն դեմ չէ, բայց պահանջում է, որ խաղաղության հաստատումից հետո այդ խմբի գոյությունը այլևս հետաքրքիր չէ, այսինքն՝ սա Հայաստանի համար քաղաքական առևտրի առարկա է։ Մյուս բոլոր կողմերի համար, կարծում եմ, որ Մինսկի խումբն արդեն վաղուց գոյություն չունի, այն ուղղակի մինչև հիմա թղթի վրա գոյություն ունեցող կառույց է։
Սամվել Մելիքսեթյան
Հայաստանի որոշումից է կախված՝ ինչ վախճան է ունենալու Մինսկի խումբը. սա Հայաստանի համար քաղաքական առևտրի առարկա է. Սամվել Մելիքսեթյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը
– Պարո՛ն Մելիքսեթյան, ինչպե՞ս եք գնահատում ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն այն մասին, որ «Մոսկվան առաջարկում է լուծարել ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր կառույցները», ի՞նչ դիրքորոշում կունենան մյուս կողմերը։
– Այս հարցը մի քանի համատեքստում պետք է դիտարկել․ առաջինը ռուս-ադրբեջանական հարաբերությունների համատեքստն է, սա հստակ Բաքվի պահանջներից մեկն է, որը Իլհամ Ալիևը հնչեցրեց նաև վերջին հարցազրույցի ժամանակ, ու քանի որ Ադրբեջանը Ռուսաստանի համար այժմ ու երկարատև ապագայում դիտարկվում է այս տարածաշրջանում որպես գլխավոր ու դաշնակից երկիր, հետևաբար սա ինչ-որ ձևով ռուս-ադրբեջանական հարաբերություններին կամ ադրբեջանական կողմին ռևերանս է, ցույց տալու, որ կողմերի դիրքորոշումն այս հարցում նույնական է, որ Ռուսաստանը սատարում է Ադրբեջանին և այլն։
Երկրորդը՝ իհարկե սա նաև Ռուսաստանին էր հարմար, քանի որ դա Արևմուտքի հետ քիչ աշխատող ձևաչափերից մեկն էր, ու մենք հիշում ենք, որ մինչև 2022 թվականը Ռուսաստանի ու արևմտյան երկրների միջև Արցախի հարցի կարգավորման հետ կապված իսկապես լուրջ տարաձայնություններ չկային, առնվազն հայտարարությունների ու տրամաբանության մակարդակով։
Այս առումով ևս Ռուսաստանը հիմա, քանի որ չեղարկել է գրեթե բոլոր ձևաչափերը Արևմուտքի հետ, սա նույնպես անցյալից մնացած ինչ-որ ատավիզմ է, ու պարզ է, որ Ռուսաստանին դա պետք չէ։ Բովանդակային առումով, իհարկե, պարզ է, որ Մինսկի խումբն արդեն երկու տարի է՝ չի գործում, փաստացի խնդիրը, որի համար այս ձևաչափը ստեղծված էր, այլևս գոյություն չունի։
Արցախում չկա հայ բնակչություն, այդ խնդիրը նույնիսկ բանակցային գործընթացի մաս չէ այլևս, մենք տեսանք, որ Ռուսաստանը նաև փորձեց մեղքը բարդել Հայաստանի վրա, որ Հայաստանը 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությամբ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ դրա կազմում գտնվող Ղարաբաղը, թեև ղարաբաղյան հարցի լուծումներն այս սկզբունքին չեն հակասում, որովհետև տարբերակների զգալի մասը հենց տարածքային ամբողջականությունը պահպանելով՝ նաև կարգավիճակի մասին էր։
Այս առումով սրանք քաղաքական մանիպուլյացիաներ են, որտեղ, ինչպես նշեցի ադրբեջանական կողմի հետ համերաշխությունն են ցուցաբերում, Արևմուտքի հետ պարզ է, որ այլևս անելիք չունեն այս հարցում, և, ի վերջո, Հայաստանի վրա են բարդում պատասխանատվությունը, որ խումբը դադարեց գործելուց։
Մենք գիտենք, որ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը այլևս ուղղակի չէր ընկալում այս ձևաչափը, ու մենք հիշում ենք, թե ինչ սառը ընդունելություն ունեցան Մինսկի խմբի ամերիկյան ներկայացուցիչները, երբ 2021-ին Բաքու այցելեցին։
– Մյուս կողմերի դիրքորոշումը ո՞րն է լինելու։
– Կարծում եմ՝ հիմնական խնդիրը Հայաստանի համաձայնությունն է, ու Հայաստանի որոշումից է կախված, թե ինչ վախճան է ունենալու Մինսկի խումբը։ Որքան ես եմ հասկանում, հայկական կողմը սկզբունքորեն դեմ չէ, բայց պահանջում է, որ խաղաղության հաստատումից հետո այդ խմբի գոյությունը այլևս հետաքրքիր չէ, այսինքն՝ սա Հայաստանի համար քաղաքական առևտրի առարկա է։ Մյուս բոլոր կողմերի համար, կարծում եմ, որ Մինսկի խումբն արդեն վաղուց գոյություն չունի, այն ուղղակի մինչև հիմա թղթի վրա գոյություն ունեցող կառույց է։
– Պարո՛ն Մելիքսեթյան, որոշ վերլուծաբաններ ասում են, որ եթե այս ձևաչափը դադարի գոյություն ունենալուց, ապա դա նշանակելու է, որ Արցախի հարցը վերջնականապես փակվելու է։ Որո՞նք կլինեն այդ վտանգները, եթե ի վերջո լուծարվի այդ ձևաչափը։
– Որոշ վերլուծաբաններ մինչև հիմա համարում են, որ Սևրի պայմանագիրը ուժի մեջ է։ Երբ Արցախում հայություն կար, երբ հայկական կողմի վերահսկողության տակ էին յոթ շրջանները, կար Մինսկի խմբի ձևաչափը, որը ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման մի քանի տարբեր առաջարկներ արեց, բայց մենք տեսանք, որ բոլոր այդ ջանքերն ապարդյուն են, ու նաև այն, որ Ադրբեջանի դիրքերը գնալով ավելի ու ավելի էին կոշտանում, ուժերի բալանսն էր խախտվում, և Ադրբեջանը գնաց հարցի ռազմական լուծման։ Հետևաբար, ենթադրել, որ Արցախի հարցի կարգավորումը կախված էր նման ձևաչափերի գոյությունից, մեղմ ասած, լուրջ չէ։
Արցախում հայ բնակչության ներկայությունն ու հայկական ռազմական ներկայությունն էին գլխավոր երաշխիքները, որ Արցախն ունենար քաղաքական ապագա, բայց քանի որ Հայաստանը պարտվեց պատերազմում, ու հետո եղավ 2023-ի այդ էթնիկ զտումը, ակնկալել, որ ինչ-որ մեկը արցախցիներին կվերադարձնի, ու ավելի բարենպաստ պայմաններ կլինեն, որ մենք լուծենք այդ հարցը, ես համարում եմ ամենաանիրատեսական տարբերակը։
Հետևաբար Մինսկի խումբը, ցավոք սրտի, արդեն պատմական երևույթ է՝ անկախ մեր ցանկությունից, եթե անգամ շարունակի գոյություն ունենալ թղթի վրա, միևնույն է, Արցախի ճակատագիրն իրականում կախված էր Արցախում հայկական ներկայությունից, որն այլևս, ցավոք, չկա։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am