Մաս 3-րդ
Ըստ էության դա նշանակում էր, որ Ստեփանակերտը չի ճանաչում քառասունչորսօրյա պատերազմը դադարեցնելու մասին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ձեռք բերված համաձայնությունը եւ գտնում է, որ պետք է վերադարձվեն ոչ միայն Հադրութի շրջանը եւ Շուշին, այլեւ այն բոլոր շրջանները, որ 1994թ. մայիսի 12-ի դրությամբ գտնվել են հայկական զինուժի վերահսկողության ներքո:
Վահրամ Աթանեսյան
Ֆրանսիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Պեկրեսի Ստեփանակերտ այցից կարճ ժամանակ անց քաղաքական շրջանակներից «տեղեկատվական արտահոսք տարածվեց»,- իրականում դա ՀՅԴ տեղական կառույցի նախաձեռնությունն էր եւ ուղղորդվում էր նրա կողմից,- որ Դաշնակցության Բյուրոն «Արայիկ Հարությունյանից պահանջել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հեռացնել Արթուր Թովմասյանին եւ խորհրդարանի խոսնակ ընտրել Դավիթ Իշխանյանին»:
«Հիմնավորումն» այն էր, որ Թովմասյանը նույն պաշտոնն զբաղեցրել է նաեւ 1995-97 թվականներին, երբ Ստեփանակերտում «բոլոր պաշտոնյաներին նշանակում էր ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը, շարունակում է մնալ նրա ազդեցության տակ, իսկ Բաբայանը Նիկոլ Փաշինյանի կամակատարն է»: Կուլիսներում պնդում էին, որ Արթուր Թովմասյանը «չարաշահում է պաշտոնեական դիրքը, խոչընդտում խորհրդարանի ազգային-հայրենասիրական գաղափարներ կրող խմբակցությունների օրենսդրական նախաձեռնությունների իրացմանը»:
Թովմասյանի ընդդիմախոսները մասնավորապես ասում էին, որ ՀՅԴ, «Արդարություն» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունները «փորձել են քննարկման ներկայացնել Ադրբեջանի կողմից գրավված տարածքների իրավական կարգավիճակը սահմանող օրենքի նախագիծ, բայց ԱԺ նախագահը դեմ է արտահայտվել»: Ներքին տարաձայնությունները բացահայտեց Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը, երբ ֆեյսբուքյան գրառում կատարեց եւ հրապարակայնացրեց, որ հեռախոսազրույց է ունեցել Արթուր Թովմասյանի հետ, եւ նա խոստացել է, որ «Բռնազավթված տարածքների մասին» օրինագիծն անպայման կընդգրկվի ԱԺ նստաշրջանի օրակարգում:
«Հույս ունեմ, որ այդ օրենքը կընդունվի փետրվարին՝ արցախյան շարժման հերթական տարեդարձին ընդառաջ»,- Ֆեյսբուքում գրել էր Թեւան Պողոսյանը, ինչից պարզ հասկացվում էր, որ Արթուր Թովմասյանը փոխել է դիրքորոշումը: Իսկ դա նշանակում էր, որ «Բռնազավթված տարածքների մասին» օրենք ընդունելուն համաձայնություն է տվել խորհրդարանի թվաքականակով ամենամեծ՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը, որ համարվում էր նախագահ Արայիկ Հարությունյանի քաղաքական հենարանը:
Այդ օրենքի ընդունման ամենաեռանդուն քարոզիչներ էին պետական նախարար Արտակ Բեգլարյանը եւ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Ի վերջո ԱԺ աշխատակազմը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ խորհրդարանական բոլոր խմբակցությունները միասնաբար հեղինակել են «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծ, որ ստացել է պրոֆիլային հանձնաժողովների դրական եզրակացությունը եւ ընդգրկվել Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգում: Ինչպես «հույս էր հայտնել» Թեւան Պողոսյանը, հիշյալ նախագիծը երկու ընթերցմամբ քննարկվեց եւ վերջնական քվեարկության դրվեց 2022թվականի փետրվարի 18-ին՝ ղարաբաղյան Շարժման մեկնարկի տարեդարձից երկու օր առաջ:
Օրենքն Ազգային ժողովում ընդունվեց միաձայն, նիստին ներկա էին բոլոր 33 պատգամավորները: Այն սահմանում է, որ Արցախի իրավազորության ներքո գտնված եւ քառասունչորսօրյա պատերազմում Ադրբեջանի կողմից գրավված եւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նրան վերադարձված անխտիր բոլոր տարածքները ժամանակավորապես բռնազավթված են եւ ենթակա են վերադարձի: Որպես իրավական հիմք վկայակոչվել է «Վարչատարածքային բաժանման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:
Ըստ էության դա նշանակում էր, որ Ստեփանակերտը չի ճանաչում քառասունչորսօրյա պատերազմը դադարեցնելու մասին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ձեռք բերված համաձայնությունը եւ գտնում է, որ պետք է վերադարձվեն ոչ միայն Հադրութի շրջանը եւ Շուշին, այլեւ այն բոլոր շրջանները, որ 1994թ. մայիսի 12-ի դրությամբ գտնվել են հայկական զինուժի վերահսկողության ներքո:
Ստեփանակերտում իշխանափոխություն իրականացնելու, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նշանակելու առաջին փորձն, այսպիսով, ավարտվեց ԼՂ կարգավորման հարցի շուրջ ներքաղաքական համերաշխությամբ, որ տեղեկատվա-քարոզչական մակարդակում ձեւակերպվեց որպես «համախոհ կառավարման հաստատում»: Փաստացի Արայիկ Հարությունյանը զրկվեց ինքնուրույն արտաքին քաղաքականություն իրականացնելու սահմանադրական լիազորությունից, իսկ եթե ավելի հասկանալի ասվի, ապա գործնականում ձեւավորվեց երկիշխանություն:
«Բռնազավթված տարածքների մասին» օրենքի ընդունումը համաձայնեցվա՞ծ էր ԼՂ-ում ռուսական զորախմբի հրամանատարության հետ, թե՞ քաղաքական ինքնագործունեություն էր՝ տեսակետները տարբեր են, իրարամերժ: Մի բան ակնհայտ է. այդ որոշումը շրջադարձային էր եւ կանխորոշեց Բաքու-Ստեփանակերտ սուր դիմակայությունը, որ դրսեւորվեց հաջորդ ամիսներին՝ ի վերջո հանգելով Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի ռուս-ադրբեջանական շրջափակմանը։