Մաս 4
Ըստ երևույթին, խորհրդարանական կուսակցությունները հույս ունեին Սփյուռքի լոբբիստական կառույցների, ամեն առաջ’ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների, միջոցով Եվրոպայում և Միացյալ Նահանգներում հասնել Ադրպեջանի նկատմամբ այնպիսի ազդեցության, որ ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի վերամեկնարկման հնարավորություն կստեղծեր:
Վահրամ Աթանեսյան
2022 թ ապրիլի 14-ին Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը միաձայն ընդունեց մի հայտարարություն, որ մեկ շաբաթ առաջ ղարաբաղյան կարգավորման հարցում «նշաձող իջեցնելու» եւ այդ ձեւով միջազգային որոշակի աջակցություն շահելու մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած գաղափարի մերժողական պատասխանն էր: Այն ձեւակերպվեց «Արցախը երբեք չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում» վերջնագրի տեսքով: Խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր ուժերը Հայաստանի վարչապետին չլիազորեցին Ադրբեջանի եւ շահագրգիռ կողմերի հետ բանակցություններում քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:
Դրա փոխարեն հայտարարության հեղինակները համայն հայությանը կոչ արեցին համախմբել բոլոր հնարավորությունները եւ սատար կագնել Լեռնային Ղարաբաղին: Ըստ երեւույթին, խորհրդարանական կուսակցությունները հույս ունեին Սփյուռքի լոբբիստական կառույցների, ամեն առաջ՝ ՀՅԴ Հայ դատի գրասենյակների, միջոցով Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում հասնել Ադրբեջանի նկատմամբ այնպիսի ազդեցության, որ ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի վերամեկնարկման հնարավորություն կստեղծեր:
Այդ նախաձեռնությունը գործնականում ոչ միայն անիրականացնելի, այլեւ քաղաքական առումով խիստ խոցելի էր, որովհետեւ ուկրաինական պատերազմը փաստացի խզել էր Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները, իսկ առանց Մոսկվայի համաձայնության ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը չէր կարող վերսկսել իր առաքելությունը: Մի իրավիճակում, երբ Լեռնային Ղարաբաղում նվազագույն անվտանգություն ապահովում էր ռուսական զորախումբը, Ստեփանակերտի «արեւմտյան կողմնորոշումը» չէր կարող չհարուցել Մոսկվայի առնվազն տարակուսանքը:
Ազգային ժողովի համախոհ հայտարարությունից մի քանի շաբաթ անց, իսկ ավելի ստույգ՝ մայիսի 28-ին Ստեփանակերտը պաշտոնական կարճ հաղորդագրություն տարածեց, որ նախօրեին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոյին: Այլ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Փարիզի քաղաքապետին «ուղեկցել են ՀՅԴ Բյուրոյի անդամներ»՝ առանց բացահայտելու նրանց ինքնությունը:
Երեւույթն արդեն իսկ ինտրիգային էր. եթե Լեռնային Ղարաբաղի նախագահը Փարիզի քաղաքապետին Ստեփանակերտի իր նստավայրում չի ընդունում, այլ մեկնում է Գորիս, ուրեմն ռուս խաղաղապահներն Ան Իդալգոյի ԼՂ այցին համաձայնություն չեն տվել՝ մեղմ ասած: Գործնականում ռուսական զորախմբի հրամանատարությունը Փարիզի քաղաքապետին արգելել է անցնել Լաչինի միջանցքով:
Նման պահանջ, բնականաբար, ներկայացրել է Ադրբեջանը, բայց Ստեփանակերտի եւ Փարիզի «արտաքին քաղաքական շփումներն» ըստ էության չէին կարող հաճելի լինել նաեւ Ռուսաստանի համար: Պետք է նկատի ունենալ, որ խոսքը մի ժամանակահատվածի մասին է, երբ Արեւմուտքի օգնությամբ կազմակարպելով դիմադրություն՝ Ուկրաինային հաջողվել էր ռուսական զորքերը հեռացնել մայրաքաղաք Կիեւի մերձակայքից:
Ո՞վ էր հաշվարկել, որ Փարիզի քաղաքապետի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահի գորիսյան հանդիպումը «մազաչափ օգտակար» կլինի ղարաբաղյան կարգավորմանը կամ գոնե կնպաստի բնակչության անվտանգությանը, ի՞նչ իմաստ ուներ այդ մասին տեղեկատվա-քարոզչական «աղմուկը», որ նաեւ ֆրանսիական մամուլն էր կազմակերպել՝ ոչ ոք այս հարցերի պատասխանը չի ունեցել եւ առայսօր չունի: Կարելի է միայն ենթադրություններ անել:
Նախընթաց տասնամյակում Ստեփանակերտն առաջնորդվում էր «Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության» քարոզչությամբ: Պաշտոնապես սնուցվում էր, որ համահայկական համախմբումը ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման գլխավոր երաշխիքն է: Քառասունչորօրյա պատերազմից հետո տարածվեց, որ Հայաստանը «չի կատարում Արցախի անվտանգության երաշխավորի պարտականությունը»: Ըստ էության դրվեց Ստեփանակերտ-Սփյուռք միակամությամբ իրավիճակը հաղթահարելու խնդիր:
Իհարկե, այս դիտարկումն առերեւույթ է, խորքային ի՞նչ քննարկումներ են ունեցել ՀՅԴ Հայ Դատի պատասխանատուները եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները՝ հրապարակային որեւէ տեղեկություն չկա: Փաստն այն է, որ մի քանի ամիս տեւած քննարկումներից հետո նույն տարվա դեկտեմբերի սկզբին Արայիկ Հարությունյանը մեկնեց Ֆրանսիա: Նա դեռ Փարիզում էր, երբ Ադրբեջանը վերջնականապես փակեց Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, իսկ ռուսական զորախումբը Շուշի-Քարինտակ խաչմերուկից հեռացրեց իր դիտակետը՝ հասկանալի դարձնելով, որ ԼՂ եւ Հայաստանի միջեւ հաղորդակցությունը կարող է վերականգնվել միայն Ադրբեջանի համաձայնությամբ:
(Շարունակելի)