Հայաստան

Եվրոպան Խուսափո՞ւմ Է Ռազմական Ծախսերի Ավելացումից

Գնացեք և այցելեք Գազա։ Այցելեք Ուկրաինա։ Այցելեք Եմեն։ Գնացեք Սիրիա և տեսեք։ Դուք կտեսնեք, թե ինչի է հանգեցնում պատերազմը։

The Financial Times-ը գրում է այն մասին, որ ՆԱՏՕ-ի ներկայացուցչի կարծիքով արևմտյան ներդրողները «հիմարություն են անում», խուսափելով զինագործական արդյունաբերությունից

Արևմտյան վարկանիշային գործակալությունները, բանկերն ու կենսաթոշակային հիմնադրամները «հիմարություն են անում», երբ խուսափում են պաշտպանական ոլորտում ներդրումներից, զգուշացնում է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ կոչ անելով ֆինանսական հաստատություններին հարմարվել անվտանգության աճող սպառնալիքներին:

Դաշինքի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը Financial Times-ին հայտնել է, որ ներդրողների անկարողությունը հասկանալու իրենց դերը «համատեղ պաշտպանության» գործում նշանակում է, որ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո նրանք կարող են բաց թողնել պետության զգալի ֆինանսավորումը:

«Ինչո՞ւ ձեզ չեն համոզում տրիլիոնավոր դոլարները։ Ի՞նչ պատահեց ձեր գործարար բնազդին։ Դուք իսկապե՞ս հիմար եք։ Նույնը կասեմ կենսաթոշակային հիմնադրամներին։ Դուք հիմար եք… Եթե դուք նայեք ներդրումների եկամտաբերությանը… առաջիկա 20 տարիների ընթացքում աներևակայելի մեծ գումարներ կծախսվեն»,- ասել է Բաուերը:

«Խոսքը վերաբերում է ուժերի վերաբաշխմանը Չինաստանի և ԱՄՆ-ի միջև։ Երբ տեկտոնական շերտերն են շարժվում, լինում են երկրաշարժեր։ Երբ շարժվում են գեոպոլիտիկական ուժերի շերտերը, սկսվում են պատերազմներ… Չեմ կարծում, որ կլինեն համաշխարհային պատերազմներ, բայց տարածաշրջանային պատերազմները, ինչպես այժմ տեսնում ենք, հավանաբար մեր մոտակա ապագայի մասն են»,- կարծում է Բաուերը:

Վերջին տարվա ընթացքում խոշոր եվրոպական պաշտպանական ընկերությունների, ներառյալ գերմանական Rheinmetall-ի և նորվեգական Kongsberg Gruppen-ի բաժնետոմսերը կտրուկ աճել են՝ պայմանավորված տանկերի, հրթիռների և հրետանու պետական պատվերների ավելացմամբ: Ներդրողները նաև ակնկալում են, որ ՆԱՏՕ-ի վերազինումը մոտակա տարիներին կբարձրացնի եկամուտները:

Այնուամենայնիվ, որոշ եվրոպական բանկեր դեռ չեն ցանկանում վարկեր տրամադրել զենքի արտադրողներին՝ արտադրական ծավալներն ավելացնելու համար: Հատկապես այս հարցը սուր է փոքր արտադրողների համար, որոնք վճռական նշանակություն ունեն մատակարարման ամբողջ շղթայի համար:

Չնայած 2019 թվականից ՆԱՏՕ-ի երկրներում պաշտպանական ստարտափների վենչուրային ներդրումները չորս անգամ աճել են, մի քանի ինստիտուցիոնալ հիմնադրամների Եվրոպայում դեռ արգելվում է ներդրումներ կատարել զենքի արտադրության մեջ՝ էկոլոգիայի, սոցիալական պաշտպանության և կառավարման (ESG) նկատառումներով:

Եվրամիության ընդհանուր բյուջեում նույնպես գործում է արգելք պաշտպանության ուղղակի ներդրումների վրա:

Նիդերլանդների ռազմածովային ուժերի սպա Բաուերը, որը այս ամսվա վերջին թողնելու է ՆԱՏՕ-ի իր պաշտոնը երեք տարվա ժամկետից հետո, նշել է, որ այս կանոնները հնացել են:

«Մինչ օրս կան կենսաթոշակային հիմնադրամներ և բանկեր, որոնք ասում են, որ պաշտպանության կարողությունների մեջ ներդրումները անբարոյական են, քանի որ դա մարդկանց մահվան է հանգեցնում… Եվ հետո հարց է առաջանում կայուն զարգացման նպատակների մասին, իսկ ես նրանց ասում եմ՝ գնացեք և այցելեք Գազա։ Այցելեք Ուկրաինա։ Այցելեք Եմեն։ Գնացեք Սիրիա և տեսեք։ Դուք կտեսնեք, թե ինչի է հանգեցնում պատերազմը»,- ասել է նա:

«Պաշտպանության մեջ ներդրումները՝ զսպման նպատակով, կայուն զարգացման ապահովման լավագույն միջոցն են»,- հավելել է նա:

Վերջին շաբաթների ընթացքում Եվրահանձնաժողովը և ԵՄ ավելի քան մեկ տասնյակ կառավարություններ ուժեղացրել են ճնշումը Եվրոպական ներդրումային բանկի վրա՝ պահանջելով չեղարկել զենքի ֆինանսավորման գրեթե ամբողջական արգելքը և օգնել ամրապնդել եվրոպական պաշտպանական արդյունաբերությունը:

Աղբյուրը`

https://www.ft.com/content/8c351d57-d5b7-4578-bc63-956a690c360f

Թարգմանեց`

Արայիկ Մկրտումյանը

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *