Արցախ

Ստեփանակերտի «Սփյուռքացում»ը

Մաս 6

Դա բացահայտ ակնարկ էր, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնն ստանձնելու «դժվար որոշումը» կայացվել է պայմանով, որ ինքը պետք է որոշումների կայացման «վերահսկիչ փաթեթ» կամ «վճռական ձայնի իրավունք» ունենա:

Վահրամ Աթանեսյան

Արթուր Թովմասյանի հրաժարականից մոտ տասը օր անց Արցախի Ազգային ժողովը նախագահ ընտրեց ՀՅԴ խմբակցության եւ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանին: Քվեարկությունից հետո ելույթ ունենալով՝ Իշխանյանը հիշեցրեց, որ նախկինում էլ «որոշ հանգամանքներ պատճառ են դարձել, որ խորհրդարանի նախագահ պաշտոնավարի ոչ քաղաքական մեծամասնություն կազմող ուժի ներկայացուցիչը»: Նա նկատի ուներ Աշոտ Ղուլյանին, որ երկու անգամ Ազգային ժողովի նախագահ է ընտրվել՝ չունենալով քաղաքական մեծամասնություն, բայց թե նախկինում ի՞նչ հանգամանքներ են ստիպել, որ նման որոշում կայացվի, Դավիթ Իշխանյանը փակագծեր չբացեց:
Նա ասաց, որ իրավիճակը խիստ արտասովոր է եւ ընկալելի չի լինի, եթե հանդես գա ծրագրային ելույթով, բայց մի քանի շեշտադրումներ արեց: Ի մասնավորի, նա ասաց, որ թեեւ սահմանադրությունը խորհրդարանին վերապահում է միայն օրենսդրական գործունեության իրավասություն, Ազգային ժողովը բարձրագույն ներկայացուցչական մարմին է, որտեղ պետք է քաղաքական քննարկումների արդյունքում «բյուրեղանան պետական կարեւորագույն որոշումները»:

Դա բացահայտ ակնարկ էր, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնն ստանձնելու «դժվար որոշումը» կայացվել է պայմանով, որ ինքը պետք է որոշումների կայացման «վերահսկիչ փաթեթ» կամ «վճռական ձայնի իրավունք» ունենա: Իշխանյանի այս բացահայտումից հասկացվեց, որ «համախոհ կառավարման» գաղափարը, որ նախընթաց երկու տարիներին Ազգային ժողովի ՀՅԴ, «Արդարություն» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունները շրջանառության էին դրել եւ եռանդուն քարոզում էին, հասել է գործնական դրսեւորման, եւ նախագահ Արայիկ Հարությունյանն այլեւս սահմանադրությամբ վերապահված լիազորությունների կատարումը զիջում է «ստվերային կառավարությանը»:

Ինչ վերաբերում է ԼՂ կարգավորմանը, ապա Դավիթ Իշխանյանը հայտարարեց, որ նպատակը մնում է մեկը՝ իրացնել 1988 թվականին առաջադրված խնդիրը, բայց վերապահում արեց, որ «մյուս բոլոր որոշումները կարող են լինել միայն տակտիկական»՝ առանց մանրամասնելու, թե «ողջամիտ նահանջի ինչ բնագծեր» է տեսնում:

Ծայրահեղ ծանր, արդեն բոլոր առումներով էքզիստենցիալ իրավիճակում ՀՅԴ Բյուրոյի անդամ-Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը պաշտոնական Բաքվի եւ Ադրբեջանի նախագահի հասցեին թույլ տվեց շատ կոշտ արտահայտություններ եւ առաջին անգամ պաշտոնական ամբիոնից հրապարակայնացրեց, որ Իլհամ Ալիեւը «հորջորջում է» ԼՂ իշխանության երկու «հենասյուների՝ նախագահի ինստիտուտի եւ խորհրդարանի լուծարման մասին»:

Դժվար է ասել՝ դա Ալիեւի ելույթներից ստացած տպավորության բացահայտու՞մ էր, թե՞ այդ օրերին Բաքուն «կապի խողովակներով» նման պահանջ էր ներկայացրել, բայց Իշխանյանը հավելեց, որ Ստեփանակերտում էլ կան «այդ երկու ինստիտուտներին քայքայիչ հարվածներ հասցնող ուժեր»:

Ըստ երեւույթին, նա առաջին հերթին նկատի ուներ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցությանը, Բաբայանի շուրջ համախմբված քաղաքական-հանրային որոշակի շրջանակների: «Միասնական հայրենիքի» խորհրդարանական խմբակցությունը 2022թ. ապրիլի 14-ին «կողմ» էր քվեարկել Ազգային ժողովի հայտարարությանը, որ ԼՂ համար միակ ընդունելի կարգավիճակ է ճանաչում անկախությունը:

Թե ինչու՞ էր իրավիճակի հաղթահարման ընդունելի տարբերակը Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը ճանաչող քաղաքական ուժը միացել խորհրդարանի այդ վերջնագրային, մանավանդ Հայաստանի գործող իշխանության հետ կամուրջներ վառող հայտարարությանը, մնում է չբացահայտված: Հավանական է, «Միասնական հայրենիքն» այլ դիրքորոշում ունենար, եթե այդ ընթացքում Սամվել Բաբայանը գտնվեր Ստեփանակերտում: Ասվածը ենթադրություն է, բայց պետք է նկատի ունենալ, որ կարճ ժամանակ անց «Միասնական հայրենիքը» փոխեց խորհրդարանական խմբակցության ղեկավարին, որ, սակայն, պահպանեց ԱԺ փոխնախագահի պաշտոնը:

Դավիթ Իշխանյանի «ոչ ծրագրային» ելույթի պաշտոնական հղումը, որ Ստեփանակերտում եւս կան նախագահի եւ Ազգային ժողովի ինստիտուտուտի «կազմաքանդման կողմնակիցներ»՝ հստակ ուղերձ էր, որ իշխանությունը գրեթե ամբողջովին անցել է «դիմադրության ճակատի» ձեռքը եւ որեւէ այլընտրանք մերժում է: Դա արդեն մարտահրավեր էր ոչ միայն արտաքին դերակատարներին, այլեւ առաջին հերթին՝ սեփական հանրությանը. իշխանությունը Դավիթ Իշխանյանի շուրթերով հայտարարեց, որ ընդդիմախոսների նկատմամբ անհանդուրժողական է եւ հարկ եղած դեպքում կարող է «խարակտեր դրսեւորել»:

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *