ՄԵՐ ՈՒՂԻՆ

Անցյալը Խոսում Է Նաև Այսօր

Իսկ Դաշնակցութեան անելի՞քը։ Իր ժողովուրդին վերադառնալու եւ անոր ցաւով տառապելու, անոր երազներով ոգեւորուելու եւ անոր արդարութիւն ու ազատութիւն բերելու պայքարին զոհաբերուելու դաշնակցական ԱՒԱՆԴ-ին վերընձիւղման մէջ է։ Դաշնակցութեան անելիքը ԻՆՔԶԻՆՔ ըլլալու՝ նոր ժամանակներու ոգիով ու նոր Հայաստանի տենչերով ապրող գաղափարապաշտ կուսակցութիւն մը մեր ժողովուրդին յանձնելու յեղափոխական յանդգնութեան մէջ։

Նազարեթ Բերբերյան

Ամեն ժողովուրդ նախ և առաջ ժողովուրդ է և ոչ թե ոհմակ, իր բարոյականության շնորհիվ և միջոցով։ Ամեն ժողովուրդ իր բարոյականությունն ու փորձը խտացնում և կուտակում է իր առանձին զավակների ու միավորների մեջ՝ կուսակցություններ և այլն։ Եվ երբ ժողովուրդը կորցնում է իր բարոյականությունը, նա կորցնում է ամեն ինչ։ Այդպես իհարկե քիչ է պատահում, որ մի ամբողջ ժողովուրդ կորցնի ինքն իրեն, բայց հաճախ է պատահում, որ ժողովրդի այս կամ այն միավորը կորցնում է իր նախնական արժեքը, կորցնում է իր նպատակն ու սկսում է կորցնել իր էությունը։ Եվ դա տեղի է ունենում առաջին հերթին նրա մտավորական, ինտելիգենտ խավի ոչնչացումով։
ՀՅԴ-ը, որպես հայոց պատմության ամենազարմանալի շրջաններից մեկի ներկայացուցիչ, դժբախտաբար կորցնում է իր էությունն անդառնալիորեն, քանի որ նա ինքն իրենից մեկուսացնում է իր ինտելիգենտ խավին, հեռացնում ու քշում, վռնդում է բոլոր նրանց, ովքեր կարող են և ունակ են գաղափարական տեղաշարժեր կատարելու։ «Ջուրը, որ չհոսի՝ կհոտի»,- ասում է ժողովրդական ասացվածքը։ Դաշնակցության «հոտելու» պարագան այս առումով աչք է ծակում՝ հասնելով աբսուրդի։ Թերևս միայն զարմանալ կարելի է, երբ կուսակցությունը իր շարքերից հեռացնում է ոչ թե ինչ որ նորելուկ ու անփորձ, բայց եռանդուն մեկի, ով իր անզգուշությամբ ու անհամբերությամբ վնասում է ընդհանուր գործը, այլ հեռանցում է երկար տարիների անվերապահ վստահություն վայելող ու դա բազմիցս հենց շարքերի կողմից վերահաստատված անդամների, ինչպես օրինակ՝ Բյուրոյի անդամ, Ասպարեզի երկարամյա խմբագրին (Աբո Պօղիկյան) և իր քաղաքական ԵՍ՝ Դրօշակի գլխավոր խմբագրին(Նազարեթ Բերբերյան)։
Այս երկու դիրքերից մարդկանց հեռացնելն ու նրանց դավաճանության կամ անհնազանդության կամ նմանատիպ այլ մեղադրանքներով սևացնելը ոչ այլ ինչ է, քան սեփական թուլության ու անզորության դրսևորում։ Եթե կուսակցությունում տեսնում են նման «վատ մարդկանց», ինչպե՞ս են թույլ տալիս, որ նրանք հասնեն այդ պաշտոնին ու մակարդակին։ Եվ ինչպե՞ս է պատահում, որ Նազարեթ Բերբերյանը, ով երկար տարիներ շարունակ «սիրելի ընկեր գաղափարականն էր», հանկարծ մեկ օրում դարձավ «ապստամբ, անհնազանդ, դավաճան» կամ մեկ այլ նման մի բան։
Արդյո՞ք կուսակցությունն ու նրա շարքերը իրենք իրենց հաշիվ են տալիս, թե ինչ մակարդակի աբսուրդի են այդ մեղադրանքները։ Ընդ որում Աբո Պօղիկյանն ու Նազարեթ Բերբերյանը միայն այսբերգի վերին՝ տեսանելի մասն են։ Խնդիրն ավելի խորն ու ծանր է։ Կուսակցությունը պարբերաբար հեռացնում է իր շարքերից բոլոր նրանց, ովքեր խոսելու, քննարկելու ու չհամաձայնվելու համարձակություն ունեն։ Այդ ներքին ջարդն անվանում են «ինքնամաքրում» և ապա զարմանում են, թե ինչո՞ւ կուսակցության ձայների շեմն իջել է մի քանի տոկոսի։
Բայց կուսակցությունը գուցե չի հասկանում, որ այսօր խեղդելով ազատության ձայնն իր ներսում, նա խեղդում է իր վաղվա ապագան։
Ո՞ւր է հիմա Դրօշակը։ Ի՞նչ բովանդակություն է լցվում նրա մեջ։ Ո՞ւր է դաշնակցական այն համարձակ մամուլը, որի էջերով հայը հնարավորություն ուներ գաղափարական պայքար վարելու, կարդալու, հարսստացնելու։ Մի՞թե ամեն ինչ արդեն անցյալ է։ բայց այդ դեպքում անցյալ է դառնում հենց ինքը՝ կուսակցությունը։ Իսկ անցյալում ամեն ինչ մեռած է։
Եվ հեռացումների մասին խոսելիս նաև հարց է առաջանում ոչ միայն այն մասին,թ ե ինչպե՞ս է պատահում, որ հավատարիմ ու գաղափարակիր մի ընկեր հանկարծ բոլորի կողմից հռչակվում է «դավաճան» ու դուրս է քշվում կուսակցությունից, այլև այն, թե ինչո՞ւ են այդ կուսակցությունում մշտապես ակտիվ այդ հուզումները։
Պատասխանն այն է, որ ՀՅԴ ներսում պարբերաբար կրկնվող «վհուկների որսը» միայն մի նպատակ ունի՝ քամել կուսակցությունն ինտելիգենցիայից ու մտավորականությունից, մաքրել բոլոր նրանցից, ովքեր կարող է մերկացնել այն հակադաշնակցականությունը, որով կառավարվում է ՀՅԴ-ը այսօր։ Ստորև ներկայացնում ենք Նազարեթ Բերբերյանի խիստ այժմեական մի գրառում՝ նվիրված վերոհիշյալ թեմային՝
Մեր Ուղին

Տարուան սլաքը 130-ամեայ Յեղափոխականին «անելիք»ը Նազարէթ Պէրպէրեան «Ասպարէզ»ի խմբագրութեան դիմումին ընդառաջելով թերթի Նոր Տարուան բացառիկին համար գրուած հետագայ յօդուածս, հրատարակուելու որոշումին արժանանալէ ետք խմբագրութեան կողմէ, դատապարտուեցաւ լոյս չընծայուելու դառն ճակատագրին՝ ՀՅԴ Բիւրոյի որոշումով հեռացուելուս եւ յօդուածներուս տեղ չտալու նոյն Բիւրոյի հրահանգին հետեւանքով։ Ի դէպ «Ասպարէզ»ի նախորդ եւ երկարամեա՜յ խմբագիրը՝ Բիւրոյի նմանօրինակ, յօդուած մը չտպելու հրահանգին ենթարկուած չըլլալուն հետեւանքով՝ հեռացուեցաւ Դաշնակցութեան անունն ու կազմակերպութիւնը առեւանգած ու սեփականաշնորհած «կարգապահներու Բիւրօ»ին կողմէ։
Ահա՛ ՀՅԴ 130-ամեակէն ներշնչուած յօդուածս՝ դաշնակցական խմբագրի ինքնագրաքննութեան բոլոր հետքերով: Ահա պատմութեան գիրկը կը գլորի տարի մը եւս, որուն հաշուետուութիւնն ու հաշուեյարդարը, աւանդաբար, կը կատարենք ամավերջի օրերուն։ Որոշապէս դաշնակցական մամուլը նման աւանդի ժառանգորդն է 1895-ի Յունուարէն ի վեր, երբ «Դրօշակ» այդ տարուան իր առաջին համարին առաջնորդող յօդուածը՝ «1894-1895» խորագրով, յատկացուց հայ ժողովուրդի արիւնոտ՝ համիտեան կոտորածներու եւ անոնց դէմ ազգային-ազատագրական ծառացման ուղղութեամբ 1894-ի գլխաւոր իրադարձութեանց ու զարգացումներուն հաշուետուութեան եւ արժեւորումին՝ 1895-ի Մեր Ուղին կանխագծելու եւ գաղափարականօրէն նախապատրաստելու յանձնառութեամբ։ Կասկածէ վեր է, որ 2019-ի հաշուեյարդարը աւելի քան աւանդական է՝ յատկապէս Մեր Ուղին օրակարգի վրայ բերելու եւ քննական լուսարձակի արժանացնելու առումով, որովհետեւ նոր տարուան՝ 2020-ին հետ, մեր կուսակցութիւնը կը թեւակոխէ իր հիմնադրութեան 130-ամեակը։
Նաեւ՝ հայ քաղաքական մտքի ընդհանուր հաշուետուութեան ծիրէն ներս, պահն է յետադարձ հայեացքով քննական լուսարձակի տակ բերելու ոչ միայն անցնող տարուան «ճամբու նշանները», այլեւ Հայաստանի ու հայութեան այսօրուան եւ վաղուան հզօրացումն ու բարգաւաճումը նուաճելու ուղղութեամբ հայ քաղաքական տարբեր հոսանքներու յանձնառութիւնները։
Առ այդ՝ Դաշնակցութեան 130-ամեայ երթին արժեւորման օրակարգը իր հետ կը բանայ, շեշտակի կարեւորութեամբ, 30-ամեակը հայրենի հողի վրայ Դաշնակցութեան կազմակերպական վերընձիւղման, որուն բացայայտումի յայտարարութիւնը կատարուեցաւ Երեւանի մէջ 8 Օգոստոս 1990-ին, Հ․Յ․Դ․ ատենի Բիւրոյի ներկայացուցիչներ Հրայր Մարուխեանի եւ Հրաչ Տասնապետեանի կողմէ, որոնք պաշտօնական այցելութեամբ ժամանած էին հայրենիք՝
4 Օգոստոսին շնորհաւորելու համար ընտրական յաղթանակը Հայոց Համազգային Շարժումի պարագլուխներ Հ․Հ․ Գերագոյն Խորհուրդի նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի եւ վարչապետ Վազգէն Մանուկեանի։
Ինչպէս որ հայ ժողովուրդին հազարամեակներու ինքնահաստատման երթը պատմական վճռորոշ շրջադարձ կատարեց 1988-ի Փետրուարին, այնպէս ալ Հ․Յ․Դ․ իր երկրորդ հարիւրամեակի անկիւնաքարը ամրագրեց 1990-ին նուիրագործուած «Դէպի Երկիր» զօրաշարժով։
Հայրենի հողի վրայ Դաշնակցութեան կազմակերպական վերընձիւղումը հեշտ չ’ընթացաւ․ ամէն քայլափոխի բախեցաւ խորհրդային 70՛ամեայ ամբողջատիրութեան տակ հետեւողականօրէն եւ պետականօրէն կիրարկուած հակադաշնակցական թունաւոր, թշնամական քարոզարշաւի վերանորոգ յորձանքին։
Արցախի ազգային-ազատագրական պայքարին զինուորագրուելու յանձնառութեամբ վերընձիւղուած Դաշնակցութիւնը, իբրեւ այդպիսին ընկալուելով եւ համաժողովրդական համարումի արժանանալով հանդերձ՝ չհասկցուեցաւ եւ մերժումի բախեցաւ մեր ժողովուրդին կողմէ, երբ ատենի հայոց զոյգ Հայրապետներու, յարանուանութեանց պետերու եւ ազգային երեք կուսակցութեանց ղեկավար մարմիններու ստորագրութեամբ՝ ինքնանպատակ գործադուլներուն, դասադուլներուն եւ ցոյցերուն վերջ տալու միացեալ կոչ հրապարակեց։ Նոյնօրինակ վերապահումի եւ ժողովուրդին կողմէ հասկցուելու դժուարութեան մատնուեցանք հայաստանեան մեր երեսնամեայ գործունէութեան տարբեր փուլերուն՝

  • Երբ Արցախը, ուղղակի խորհրդային կեդրոնին կապելու տարազով, ատրպէյճանական լուծէն մէկ անգամ ընդմիշտ ազատագրուելու այլոց քաղաքական առաջադրանքին Հ․Յ․Դ․ ձայնը միացուցինք։
  • Երբ Արցախի ազատագրուած տարածքները Ատրպէյճանին վերադարձնելու Լեւոն-տէր-պետրոսեանական զիջումի քաղաքականութեան դէմ ծառացանք եւ «գամուեցանք» պատերազմիկի ու ռազմապաշտի ամբաստանեալի աթոռին։
  • Երբ Հայաստանի ապահովութեան սպառնացող թուրք եւ ատրպէյճանական վտանգին դէմ ազգային միասնականութիւն յառաջացնելու կոչով՝ սերտ զօրակիցները եւ իշխանութեան գործընկերները դարձանք Ռ․Քոչարեան-Ս․Սարգսեան զինակիցներու իշխանապետութեան։ Հետեւաբար աւելի քան բնական է, որ Հ․Յ․Դ․ 130-ամեակի արժեւորման օրակարգը այսօր կը պայմանաւորուի ոչ միայն Հ․Յ․Դ․ վերջին երեսնամեակի հայաստանեան քաղաքականութեան ու հայրենական կազմակերպութեան հաշուեկշռի քննարկումով, այլեւ 2018-ի գարնան շղթայազերծուած մեր ժողովուրդի թաւշեայ յեղափոխութեան յաղթարշաւին դէմ յանդիման Դաշնակցութեան օրուան Բիւրոյի եւ Գերագոյն Մարմնի որդեգրած քաղաքական ուղեգիծի եւ մարտավարական քայլերու հաշուետուութեամբ։
    Պարզ ու մեկին է, որ վերանկախացեալ Հայաստանի Հանրապետութեան կառավարման այսպէս կոչուած «գողապետական» համակարգին դէմ Նիկոլ Փաշինեանի ղեկավարած համաժողովրդական իշխանութիւնը, ուղղակիօրէն, քրէական դատաքննութեան ենթարկեց հին վարչախումբն ու անոր ղեկավար դէմքերէն յատկապէս Ռոբերտ Քոչարեանը՝ յանցագործութեամբ մեղադրելով այս վերջինը, կալանաւորելով եւ դատարանի առջեւ կանգնեցնելով զայն։
    Մինչ թաւշեայ յեղափոխութեան սկզբնական քայլերէն սարսափահար՝ հին վարչախումբին բանբերները «սպասել եւ տեսնել»ու վարքագիծ որդեգրեցին։ Անդին՝ ընդհակառակը, Հ․Յ․Դ․ օրուան պատասխանատուները առանձինն հրապարակ իջան եւ ահազանգ հնչեցուցին թաւշեայ յեղափոխութիւն իրագործելու պատմական երթին լծուած մեր ժողովուրդին՝ ամբոխավարութեան որոգայթներուն դէմ զգաստ մնալու կոչերով։ Այդպէ՛ս, քայլ առ քայլ, հիւսուեցաւ անհեթեթ գորդեան հանգոյցը նոր Հայաստանի իշխանութեանց եւ Հ․Յ․Դ․ օրուան ղեկավարութեան միջեւ «առճակատման»։ Յանկարծ 2019-ի Յունուարին, Հ․Յ․Դ․ Ընդհանուր Ժողովի պաշտօնական բացման հանդիսութեան՝ Հ․Յ․Դ․ շրջանաւարտ Բիւրոյի ներկայացուցիչը հրապարակեց Նիկոլ Փաշինեանին երեք-չորս տարիէն իշխանութեան ղեկէն հեռացնելու եւ տուն ղրկելու իմաստով սպառնալիք-յայտարարութիւն մը, որմէ ետք հանրային կարծիքը դէմ յանդիման դրուեցաւ «վարչապետը Ընդհանուր Ժողովը չէ ողջունած, ողջունած է» քարոզչական քաշքշուքին։ Աւելի ուշ դէմ յանդիման կանգնեցանք Քոչարեանի կալանաւորման թեր եւ դէմ ցոյցերու թէժ փուլին, որու ընթացքին Հ․Յ․Դ․ Բիւրոյի նախորդ ներկայացուցիչը, իր թոռնիկին հետ հակաքոչարեանական ցոյցի մը շրջակայքը ման գալու պահուն, հրմշտուքի ենթարկուեցաւ նիկոլական երիտասարդներու կողմէ։
    Թէեւ Հայաստանի մէջ Դաշնակցութիւնը խոցող այդ արարքներուն դէմ ծաւալած դատապարտանքի ու բողոքի Հ․Յ․Դ․ քայլերուն նկատառելի չեղաւ ժողովրդային լայն շրջանակներու մասնակցութիւնը, այդուհանդերձ՝ սփիւռքեան կողմն հայաշխարհի խոր ընդվզումի ալիք բարձրացաւ Դաշնակցութեան դէմ նորովի բորբոքուող քարոզարշաւին դէմ՝ հակագրոհի բացայայտ խստութեամբ։ Անտեղի բռնկած «կրակ»ին վրայ յաւելեալ իւղ թափելու ծառայեցին Հ․Հ․ ներկայ իշխանութեանց կողմէ Հ․Յ․Դ․ի հասցէին հնչած անտեսումի եւ նսեմացումի արտայայտութիւնները, ինչպէս նաեւ անոնց ի պատասխան Հ․Յ․Դ․ պատասխանատուներու կողմէ հակառակ ուղղութեամբ «կրակուած» հականիկոլական քարոզչական «փամփուշտ»ները։ Թաւալգլոր անկումի այս զառիթափը յանգեցաւ Հ․Հ․ կրթութեան նախարարին դէմ Հ․Յ․Դ․ Հայաստանի Երիտասարդական Միութեան բաց բողոքի քայլերու նախաձեռնութեան, որուն առընթեր ՀՀ իշխանութեանց դէմ «Կամաւորական Շարժում» հիմնելու Հ․Յ․Դ․ Բիւրոյի նախորդ ներկայացուցիչին անձնական նախաձեռնութիւնը շարժառիթ ծառայեց Դաշնակցութիւնը «ահաբեկչութեան» մեղքով արատաւորելու հակադաշնակցական նոր գրոհի։ Այսպէ՛ս, 2019-ի ազգային-քաղաքական եւ գաղափարական-կուսակցական խմորումներու եւ հակամարտութեանց այս պաստառին վրայ, հայ մամուլի էջերուն եւ համացանցի բեմերէն իրարու դէմ բուռն առճակատման մէջ մտան ու զիրար հրմշտկելով հրատապ բնոյթ ստացան հրապարակային հին բանավէճի մը մաշած յանկերգը նորովի հնչեցնող թունոտ ձայներ։ Արդէն քանի ամիս է, որ Հ․Յ․Դ․ կազմակերպութեան հայաստանեան ներկայ վարկանիշին հասցէին Նիկոլ Փաշինեանի տուած «զերօ ազդեցութիւն ունեցող քաղաքական ուժ»ի գնահատանքին իբրեւ ձայնակցութեան արձագանգի՝ հրապարակը ողողուած է 20-րդ դարու քսանականներուն հրապարակուած Հայաստանի Հանրապետութեան անդրանիկ վարչապետ Յովհաննէս Քաջազնունիի տխրահռչակ «մահավճիռ»ի կրկներգերով, թէ՝«Հ․Յ․Դաշնակցութիւնը անելիք չունի»։
    Ժամանակը եկաւ հաստատելու, որ պատմական քննութեան չդիմացաւ Քաջազնունիի թիւր, այլեւ սխալ պատկերացումը հայ ժողովուրդին ու Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գաղափարական պորտակապին մասին։ Երբ մեր ժողովուրդը կը զգայ անհրաժեշտութիւնը Դաշնակցութեան՝ Հ․Յ․Դ․ խուսափում չունի սեփական ժողովուրդին անձնդիր ծառայելու, ի հարկին կեանքը զոհաբերելու իր կոչումէն՝ գոյութեա՛ն իմաստէն։ Աւելի՛ն, ինչպէս գրեթէ դար մը առաջ, նոյնպէս եւ այսօր, Դաշնակցութեան անելիքը կախեալ չէ որեւէ ուժի կամ իշխանութեան կամքէն, որքան ալ հզօր ըլլան ժողովրդային տրամադրութիւնները հակակշռելու հասողութիւնն ու կարողականութիւնը որեւէ ուժի կամ իշխանութեան։
    Չարիքի կայսրութիւն խորհրդային ամբողջատիրութիւնը, հակադաշնակցական հալածանքի եւ բռնադատումի իր ահաւոր հզօրութեամբ, չէր կրնար եւ չկրցաւ հայրենի հայութեան մտքէն ու սրտէն պոկել ու դուրս նետել՝ ճզմել կամ փոշիացնել Դաշնակցութիւնը, որ նոյնիսկ երդուեալ պոլշեւիկներու՝ Չարենցներու եւ Խանճեաններու մէջ վերընձիւղուեցաւ ու ծլարձակուեցաւ իբրեւ հայու արժէքային համակարգ եւ յեղափոխութեան անկեղծ զինուորի յանձնառութեան առաջատար ուժ։
    Եւ հայրենի հայութիւնը շուրջ 70 տարի իր մտքին ու սրտին մէջ փայփայեց աւանդը Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի յառաջամարտիկ Դաշնակցութեան։ Եւ Դաշնակցութիւնը տարագրութեան մէջ անգամ տէր կանգնեցաւ ծառայութեան իր կոչումին՝ օտար ափերու վրայ հասակ նետող սերունդները հայոց ազգայինին ու հայրենականին ամրօրէն կառչած պահելով, իսկ հայրենի ոստաններու տէր ու պահապան հայ ժողովուրդի սերունդներուն մէջ վառ պահելով ՅՈՅՍ-ը Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի ժողովրդավարական եւ ընկերվարական պետականութեամբ – հայ մարդու ամբողջական ազատագրումին եւ քաղաքակրթական բազմակողմանի ու անկաշկանդ զարգացումին։ Դաշնակցութիւնը անելիք ունէր Քաջազնունիի օրօք՝ ոչ միայն Սփիւռքի տարածքին, այլեւ՝ նոյնինքն Խորհրդային Հայաստանի մէջ։ Դաշնակցութիւնը անելիք ունեցաւ նաեւ այնուհետեւ՝ Հայաստանի ու հայութեան խորհրդային գերեվարման հետագայ եօթը տասնամեակներուն, երբ մեր ժողովուրդը համաշխարհային ալեկոծումներու վերիվայրումին մէջ սեփական նաւը լերան կատարին հասցնելու սիզիֆեան գոյապայքարին մէջ էր։ Դաշնակցութիւնը ընելիք ունի նաեւ ու մանաւա՛նդ այսօր, երբ թաւշեայ յեղափոխութիւնը պետականօրէն հաստատագրելու դժուարին գօտեմարտին լծուած մեր ժողովուրդը ակնդէտ կը սպասէ յեղափոխական իր վերածնունդի անձնուէրներուն՝ անկեղծ զինուորներուն։ Դաշնակցութիւնը անելիք ունի՛։ Հետեւաբար, հայ քաղաքական միտքը կարիքը չունէր ատենին, իսկ այսօր իրաւունք ալ չունի կեղծ ու անհեթեթ նման օրակարգով իր ժամանակը վատնելու եւ ազգային համերաշխութիւնը խանգարող մթնոլորտ թունաւորելու։
    Հարցը սակայն անելիք ունենալը չէ, ինչը կասկածէ վե՛ր է։ Հարցը Դաշնակցութեան այսօրուան անելիքին հունաւորումն է՝ նոյնինքն մեր ժողովուրդին ամբողջական ազատագրութեան ծառայելու վերանորոգ ոգորումով ու յանձնառու գաղափարապաշտութեամբ։ 130-ամեայ յեղափոխական ըլլալը բնական օրինաչափութիւնները խախտող երեւոյթ է։ Դաշնակցութիւնը 130-ամեայ յեղափոխական է եւ բնականաբար կը կրէ հետեւանքները ծերութեան բնական տարիքի հետ եկած բոլոր դեդեւումներուն։ Դաշնակցութիւնը նաեւ յեղափոխական իր էութեամբ հզօր ու մշտանորոգման ուղի հարթած գաղափարի մարտիկներու ընտանիք է, որ պարբերաբար ձեռնարկած է իր արմատներուն վերադառնալու եւ վերաթարմանալու յանդուգն քայլին՝ ինքնաքննադատութեան եւ ինքնամաքրման մէջ գտնելով երիտասարդացման գաղտնիքը։
    Հ․Յ․Դ․ 130-ամեակի սեմին, Դաշնակցութեան անելիքը հունաւորելու օրակարգին առընչութեամբ, հակադաշնակցական գրոհներու նորօրեայ «գաղափարախօսներուն» ուշադրութեան պէտք է յանձնել 1970-ականներու սկզբնաւորութեան Դաշնակցութեան դիմագրաւած յեղափոխական վերանորոգման մեծ մարտահրաւէրը։ Անշուշտ վերջին երեսնամեակին Հ․Յ․Դ․ շարքերուն միացած մեր երիտասարդ ընկերներն ալ ուսանելի պիտի գտնեն յիշեցումը։ 1972-ին գումարուած Հ․Յ․Դ․ քսաներորդ Ընդհանուր Ժողովը որոշեց վերադառնալ Դաշնակցութեան յեղափոխական աւանդներուն, վերընձիւղիլ այդ արմատներով եւ ըստ այնմ յառաջ մղել Հայ Դատի հետապնդման պայքարը։ Հայ Դատի մեր յանձնախումբերը, բուռն աշխուժութիւն դրսեւորելով հանդերձ, ի վիճակի չէին յաղթահարելու փակուղին՝ մեծապետական աշխարհի թրքանպաստ շահագրգռութեանց հետեւանքով, ինչը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման պահանջներուն դէմ բարձրացուցած էր անտարբերութեան ու լռութեան ծանրանիստ պատը։ Հայ Դատի ուժական պայքարին բոլոր ուժերով նուիրուելու եւ զօրակցելու օրակարգին ի նպաստ կազմակերպական շրջանները աշխուժացնելու առաջադրանքով՝ Հ․Յ․Դ․ Բիւրոյի ատենի ներկայացուցիչ ընկեր Հրայր Մարուխեան անձամբ ներկայ գտնուած էր 1974-ին գումարուած Հ․Յ․Դ․ Լիբանանի ընթացիկ Շրջանային Ժողովին։
    Երբ ժողովը հասաւ Հայ Դատի յանձնախումբերու յառաջիկայ գործունէութիւնը հունաւորող որոշումներու օրակարգին, Բիւրոյի ներկայացուցիչը յատուկ ելոյթով կոչ ուղղեց ժողովին՝ որոշելու, որ շրջանէն ներս թափ տրուի Հայ Դատի ցուցական, ուժական պայքարին՝ շրջանի քաղաքական, նիւթական եւ մարդկային հնարաւորութիւնները անսակարկ նուիրաբերելով ընդհանուր գործին։ Լիբանանի Շրջանային Ժողովի մասնակիցներէն շատեր ձայն առին եւ համամտութիւն յայտնելով հանդերձ Ընդհանուր Ժողովի յեղափոխականացման որոշումին եւ Բիւրոյի ներկայացուցիչի կոչին՝ նպատակայարմար չգտան, որ Լիբանանի մէջ կատարուին նման յանդուգն քայլեր, որպէսզի սփիւռքի հայութեան մեծագոյն այդ գաղութը եւ անոր ազգային կառոյցները զերծ պահուին տեղական իշխանութեանց ճնշումներէն։ Վերապահութիւններն ու ողջամտութեան բոլոր արտայայտութիւնները լսելէ ետք՝ ընկեր Հրայր ժողովի դիւանէն պատասխան ելոյթի արտօնութիւն վերցուց եւ մօտաւորապէս հետեւեալ պատգամաշունչ ելոյթը ունեցաւ․ «…Տարբեր շրջանների մէջ եւս, Շրջանային Ժողովներին ներկայ գտնուելով՝ Բիւրոն միեւնոյն յորդորն է ուղղել շրջաններին, որպէսզի իրենց կարգին գործադրեն Ընդհանուր Ժողովի յեղափոխականացման որոշումը։ Ինչպէս այս ժողովին ընկերներն ասացին՝ միւս շրջաններում եւս ընկերներ ասում են, թէ մենք պատրաստ ենք մարդուժով, քաղաքական հնարաւորութիւններով թէ նիւթական միջոցներով սատար կանգնելու Հայ Դատի ցուցական եւ ուժական պայքարի աշխուժացման, բայց խնդրում ենք՝ ո՛չ մեր շրջանէն ներս։
    Մի՛ վտանգէք ազգային մեր կառոյցների ազատ գործունէութիւնը։ «Լա՜ւ, յետոյ՝ ի՛նչ։ Դաշնակցութիւնը ո՞ւր պիտի ուժեղացնէ Հայ Դատի պայքարը։ «Լուսնի՞ վրայ»։ Ժողովասրահին մէջ քար լռութիւն տիրեց։ Ժողովականները սկսան՝ առանց ձայնի իրաւունք վերցնելու՝ համաձայնութեան բացագանչութիւններ ունենալ։ Ժողովի դիւանը ժամանակ չունեցաւ օրակարգը եզրափակելու։ Ընկեր Հրայր դիմեց ժողովականներուն՝ կոչ ուղղելով համախոհներուն, որ յոտնկայս եւ ձեռամբարձ քուէարկեն ի նպաստ Ընդհանուր Ժողովի որոշումին Լիբանանի շրջանին մէջ եւս գործադրութեան։ Ժողովը լրիւ կազմով իր համամտութիւնը յայտնեց՝ յոտնկայս եւ ձեռամբարձ։ Ընկեր Հրայր խօսած էր մտքին ու սրտին իւրաքանչիւր ժողովականի մէջ ամուր կանգնած դաշնակցական երիտասարդին։
    Փոխուա՞ծ են այսօր պայմանները։ Անկասկա՛ծ, փոխուած են, արմատականօրէ՛ն փոխուած են։ Հայաստան ոչ միայն վերանկախացած է, այլեւ իր ժողովուրդին լիարժէք ԱԶԱՏՈՒԹԻՒՆ-ը կենսագործելու տարերքին մէջ է։ Իսկ Դաշնակցութի՞ւնը։ Երեսուն տարուան ծանր կենսափորձ մը իր 130-ամեայ յեղափոխականի ուսերուն շալկած կուսակցութիւնն է այսօր Դաշնակցութիւնը, որ կ՛անցնի վերաթարմացման երկունքի գալարումներէն։ Հայրենի մեր ժողովուրդը մեղք չունի, որ նողկանք կը զգայ կուսակցութիւններէ։ Ժողովուրդ՝ որ միայն աոաջնորդող ղեկավարի կը հաւատայ, եւ որուն համոզումով՝ կազմակերպական կարգապահութիւնն ու անանձնական գաղափարապաշտութիւնը կեանքին հետ կապ չունեցող երազային արժէքներ ու տիպարներ են։ Ժողովուրդ՝ որ մեր նորագոյն պատմութեան երազներէն եւ իտէալներէն հիւսուած Դաշնակցութիւն ու Դաշնակցականներ չի կրնար տեսնել իր անմիջական շրջապատին մէջ։ Միաժամանակ ժողովուրդ՝ որ երեսուն տարուան ընթացքին քանիերորդ անգամ ըլլալով պետական-քաղաքական առաջնորդող ղեկավար կը փոխէ՝ ի վերջոյ դատարկ դաշտակի առջեւ վերստին կանգնելով։
    Իսկ Դաշնակցութեան անելի՞քը։ Իր ժողովուրդին վերադառնալու եւ անոր ցաւով տառապելու, անոր երազներով ոգեւորուելու եւ անոր արդարութիւն ու ազատութիւն բերելու պայքարին զոհաբերուելու դաշնակցական ԱՒԱՆԴ-ին վերընձիւղման մէջ է։ Դաշնակցութեան անելիքը ԻՆՔԶԻՆՔ ըլլալու՝ նոր ժամանակներու ոգիով ու նոր Հայաստանի տենչերով ապրող գաղափարապաշտ կուսակցութիւն մը մեր ժողովուրդին յանձնելու յեղափոխական յանդգնութեան մէջ։ Մեր ժողովուրդին պարտք ենք վերընձիւղումը 130-ամեայ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ-ին, որ ոչ միայն իր անցեալի մեծ աւանդին, այլեւ իր այսօրուան վարքին ու վաստակին նկատմամբ վստահութիւն ու արժանաւորութիւն պէտք է ներշնչէ։ Իսկ մեր ներկայով հայրենի հայութեան վստահութիւն ու արժանաւորութիւն ներշնչելու մէկ ու միակ երաշխիք կայ․ – 21-րդ դարու երկրորդ տասնամեակի աւարտին Հայաստանին ու հայութեան ի՞նչ կրնանք նուիրաբերել, որ մեզմէ զատ ոչ ոք պատրաստ է կամ ի վիճակի է նուիրելու։
    Պատրա՞ստ ենք ուխտելու, որ մեր կեանքի գնով տէր կը կանգնինք ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ-ը մեր ժողովուրդին վերադարձնելու յանձնառութեան։ 130-ամեայ Յեղափոխականին այսօրուան անելիքը ինքնաթարմացումն է՝ հայ ժողովուրդին հանդէպ Քրիստափորներու տածած անհուն սիրոյ եւ պատասխանատուութեան զգացումով։ Բայց մանաւանդ մեր ժողովուրդին տանջահար սրտին մէջ գտնելով ու փայփայելով վարար ու անխառն աղբիւրը Դաշնակցութեան յեղափոխական էութեան։ Այլեւ ու մանաւանդ՝ Դաշնակցութեան անելիքին, որուն կիզակէտը մեր ժողովուրդի ամբողջական ազատագրումի այսօրուան յաղթարշաւն է»:

Նազարեթ Բերբերյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *